Այստեղ է ապրել և ստեղծագործել Եղիշե Չարենցը

20-րդ դարի սկզբին կառուցված և Նալբանդյան 46 հասցեում գտնվող երկհարկանի այս հին երևանյան կառույցը արտաքուստ գուցեև մի փոքր աննկատ կարող է թվալ՝ այժմ այստեղ տեղակայված է ՎՏԲ բանկի մասնաշենքը: Սակայն այս շենքի հետ կապված կա մի ուշագրավ պատմական փաստ՝ այս տանը 1920 թվականին ապրել և աշխատել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Фото Ruben Shukhyan.

Շենքը ժամանակին հայտնի էր որպես «Բոգոլյուբովսկու տուն» անվամբ, քանի որ մինչև 1907 թիվը այստեղ բնակվում էր Երևանի արականգիմնազիայի տնօրեն և Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի նախագահ Գրիգորի Բոգոլյուբովսկին: 1918-1920 թթ. այս շենքը զբաղեցնում էր Հայաստանի առաջին Հանրապետության կրթության և արվեստի նախարարությունը: 1919-ի օգոստոսից՝ մինչև 1920-ի մայիսը Հայաստանի կրթության և արվեստի նախարարն է եղել Նիկոլ Աղբալյանը: Հենց նա էլ հրավիրեց տաղանդավոր երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցին աշխատանքի անցնել իր ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։

Չարենցն այս շենքում աշխատել է 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, և քանի որ նա նոր էր վերադարձել Կարսի մարզից, որտեղ մինչ այդ գյուղերից մեկում ուսուցիչ էր աշխատում, և Երևանում բնակվելու տեղ չուներ, բնակության և ստեղծագործելու համար Նիկոլ Աղբալյանը նրան տեղ հատկացնում հենց նախարարության այս շենքի սենյակներից մեկում: Նշենք, որ խորհրդային կարգերի առաջին տարիներին այստեղ տեղակայվում էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որտեղ նույնպես աշխատեց Չարենցը 1920-ի դեկտեմբերից՝ մինչև 1921-ի մայիսը, այս անգամ արդեն որպես արվեստի բաժնի վարիչ:

 

Նյութն  իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ռուբեն Շուխյանը

Շնորհակալություն պրն. Շուխյանին հետաքրքիր տեղեկության համար

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed