Այո, կանչեց, ինձ իրեն լսել ու երգել տվեց. Թովմաս Պողոսյան

Եթե կրում ես այդքան հալածանք,
Դավաճան որդոցդ մատը միշտ խառն է։
ՋԻՎԱՆԻ
Սկսած աշխարհի արարումից, կյանքը շարունակ ընթացքի մեջ պահում, պատմությունը կերտում են անհատները։ Աստվածաշունչն իսկ անհատների, անհատականությունների պատմություն է. մի Մովսես մարգարե, հավատի հսկա մի Աբրահամ, մի թագավոր Դավիթ և կյանքի հեղաշրջման մի ողջ պատմություն, մի երկրի ու մի ժողովրդի ճակատագիր։ Իսկ ինչ վերաբերում է հայ ժողովրդին, հայտնապես գիտենք, անհատականությունների ժողովուրդ է։ Մի Մաշտոց և մի ազգի հավիտենություն, մի Խորենացի Պատմահայր և մի ողջ ժողովրդի աստվածընկալ պատմություն, վանքաբնակ ու վանքապատկան մի Նարեկացի և Աստծո ժողովրդի սրտի խորքի խոսք Աստծո հետ… Մի Կոմիտաս և տիեզերական մեղեդու հայտնություն, մի Թումանյան և մի ուխտավոր ազգի բարություն։ Եվ այսպես շարունակ։ Գալով մեր օրերին, ցավով նկատելու ենք, ինչպես Համո Սահյանը կասեր, համատարած գորշություն, գորշություն հոգևոր, մշակութային դաշտում, գորշություն պետական, քաղաքական դաշտում։ Այն, որ բարձրագույն իշխանությունը ժողովրդինն է, կասկածից վեր է, սակայն այդ իշխանության դրսևորողներն էլ անհատականություններն են լինելու։ Այսօր այսպես է, որովհետև բացակա են մեծերը, մեծ անհատականությունները, որոնք խոսելիս խոսելու էին ինչպես թե իշխանություն ունեցողներ, գործելու էին ինչպես թե իրավունք ունեցողներ։ Ինչ խոսք, լուռ ու անտես, գրեթե աննկատ, գործողներ էլ կան. ամեն ջանք թափում են, որպեսզի ազգը պահի ի սկզբանե իրեն տրված պատկերն ու բնությունը՝ մնալով հավիտենական երթի մեջ։ Այս անձինք կանչվածների մեջ չեն, ընտրյալների մեջ են։ Ահավասիկ երևելիներից մեկը՝ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ հեղինակությամբ։ Առաջին հայացքից, երգիչ է, երգչախմբի ղեկավար, երգում է ժողովրդական, աշուղական երգեր։ Սակայն, Թովմասի կատարածը շատ ավելի մեծ է, քան կարծում են։ Նրանը երգի հայտնություն է, հոգին ու միտքը մաքրելու, մարդուն չարից հեռացնելու հանճարեղ միջոց։
Ընդամենը երգիչ լինել, երգչախումբ ղեկավարելը մեծ բան չէ։ Արվեստի մարդու մեծությունը մարաթոնյան վազքի մեջ գտնվելն է, լույսի ջահը մի սերնդից վերցնել և մյուս, այն է՝ հաջորդ, սերնդին փոխանցելն է։ Ահավասիկ, Թովմաս Պողոսյանին հաջողվել է այս բանը, այս առաքելության տերն է նա։ Օրինակ, Ջիվանի երգելիս, չեմ ասում՝ Ջիվանու երգերը կատարելիս, այլ ասում եմ՝ Ջիվանի երգելիս, ինչպես թե ինքն իր էությունը բացահայտելիս լինի, ինչպես թե ինքն իր երգերը երգելիս լինի։ Շատերի համար կարծես թե Ջիվանին ու Թովմասը մեկտեղված լինեն սիրո միևնույն աշխարհում։ Թովմասը կարծես երգելով շարունակում է Ջիվանու կյանքը։ Ինչ խոսք, խնդիրը միայն Ջիվանին չէ, Ջիվանին պատվական անոթ է, միջոց է, կամուրջ, որ տանում է մեզ դեպի մեր երգի բանավորը, մեր «Երկներ երկին և երկիր»-ը, մեր նախնականն ու նախաստեղծը։ Կոմիտաս չէ, բայց և խաղեր հայտնաբերող, մեղեդիներ լսող, մի նոր կյանքի կոչող է։ Նախնյաց հոգևոր ժառանգությանը տեր կանգնելն է արվեստի մարդու մեծագույն շնորհը։ Թովմաս Պողոսյանը ոչ միայն տեր է կանգնում, այլև տեսանելի է դարձնում հանրությանը։ Ոչ միայն պեղում, արևերես է հանում հոգևոր մեր գանձերը, այլև հաղորդակից է դարձնում ժողովրդի ծոցից ելած, աննկատ մնացած տաղանդավոր տղաներին ու աղջիկներին։
Ծնվել, աշխարհ գալը կարևոր է, առանց որի մարդկային կյանքում բան փոխելը հնարավոր չէ։ Որպեսզի բանը փոխես, պիտի տեսնես, չծնվածն ինչպե՞ս տեսնի։ Աշխարհի բանը տեսնելուց և լսելուց բացի, պիտի գիտակցես, թե քո անելիքը ո՞րն է։ Աշխարհն այսօր խելահեղ է, ինչու չէ, նաև խղճալի վիճակում է, որովհետև մարդը չի անում այն, ինչի համար կոչված է։ Ամեն մարդ, անշուշտ, վկայելու է Աստծուն, սակայն, երկրի վրա որոշակի աշխատանք կատարելու է։ Աշխատանք է ամենայն ինչը, ամենայն բան ու երևույթ։ Առանց աշխատանքի ոչ տուն ես ունենալու, ոչ այգի։ Առանց աշխատանքի ոչ բարեկամություն կարող ես անել և ոչ էլ բարեկամ կարող ես ունենալ։ Գրիչ վերցնողն իսկ, իր վերաբերմունքը աշխարհի հանդեպ ցույց տալու ընթացքում, աշխատելու է։ Սերը որ սեր է, անշարժ չէ, սոսկ զգացմունք չէ, մոտեցում է, որ դրսևորվելու է դարձյալ աշխատանքով։ Ասում են և ճիշտ են, հաջողության գրավականը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելն է։ Բայց միշտ չէ, որ բանը քո ուզածով է, երբեմն, ինչպես ասում են, Աստծո մատը խառն է լինում, այսինքն՝ գործում է նախախնամությունը։ Այսպես պատահել է նաև Թովմաս Պողոսյանի հետ։ 1954-ին ծնվելով Լոռվա աշխարհում, հինգ տարեկանում հայրը ձեռքը բռնել և տարել է Թբիլիսի։ Ընտանիքը պարզապես տեղափոխվել է։ Թովմասին վրացերեն իմանալը հարկավոր լինելու էր, կինտոներին տեսնել-լսելը՝ նույնպես։ Սովորելով Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցում, հանդիպելու էր ծնունդով ախալցխացի, ազնվազարմ, պարկեշտ մի մարդ-մտավորականի, որ Հակոբ Չոբանյանն էր։ Տնօրենն էր դպրոցի, բայց և զուգընթաց ղեկավարում էր Թբիլիսիի Պուշկինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական ամբիոնը։ Հրատարակիչ էլ էր։ Ով էլ լինեիր, նրա ներկայությամբ ազնվանալու էիր։
Գալով Թբիլիսի, Թովմաս մանուկը մարմնի աչքով տեսնելու էր մի ուրիշ աշխարհ, որը հետագայում պատկերանալու էր հոգևոր առումով էլ։ Այնպես պատահեց, որ նա գիտակցական կյանքում Հայաստան մտավ Թբիլիսիով. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը տեսավ Աստծո շնորհը կրող երիտասարդ Թովմասին և նրան որպես երգիչ ընդգրկեց իր ղեկավարած՝ Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլի կազմում։ Թովմասի մյուս հանգրվանը Էջմիածինն էր, Գևորգյան ճեմարանում սովորելը։ Այնուհետև ընդունվել և ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Երգն ու երգելը, սակայն, ոչ մի վայրկյան չի թողել. ուսմանը զուգընթաց երգել է Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում։ Որպես շրջանավարտ, որպես մասնագետ, գործուղված լինելով, դառնում է Աբովյանի շրջանի Հատիս գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։ Հաջորդ բախտորոշ քայլը, որ նրան, Տերյանի ասած, տանելու էր դեպի բարձունքն արծաթյա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երգեցողության բաժնում ուսանելն էր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանին լսելը։ Դարձյալ նա չի թողնում երգն ու երգելը. այս անգամ նրա ձայնը շարունակում է հնչել Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում։ Ի դեպ, մասնագիտական աշխատանքը, որ բնույթով մանկավարժական է, զուգակցել է երգելուն։ Ընթացել են զուգահեռաբար։ 1987-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դա չէր խանգարելու, որ հիմնադրեր ու ղեկավարեր «Գանձասար» ժողովրդական երգի-պարի անսամբլը, վերականգներ և Հանրային ռադիոյի համակարգում, իր ղեկավարությամբ, կյանքի կոչեր «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի հիմքից հառնելու էր «Սայաթ-Նովա» մշակութային միությունը։ Օրերն իրար բան ունեին ասելու, մի գործը բխելու, լրացնելու և ամբողջացնելու էր մյուսին։ Այսպես. «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ծնելու, հունի մեջ դնելու էր Ջիվանու անվան աշուղական մի դպրոց, հոգևոր մի հաստատություն՝ իր 160 աշակերտներով։ Այս երեխաներն ո՞ւր էին գնալու, տնից փողոց և փողոցից տո՞ւն։ Չէ՞ որ նրանք անելու էին այն, ինչի համար կոչված էին։ Բացի այս, միավորվելու, միություն էին կազմելու գործող հայ աշուղներն էլ, որոնց թիվը հասնում է քառասունի։ Նույն Թովմասի նախաձեռնությամբ ու ջանքերով, աշուղների միությունը վերածվելու էր աշուղական կենտրոնի։
Խնդիրը Թովմաս Պողոսյանը չէ, իմ նպատակը նրան բարձրացնելը չէ։ Թովմասին Աստված արդեն բարձրացրել է՝ ձրիաբար նվիրելով աննյութեղենը նյութեղեն դարձնելու, այստեղ, այնտեղ թափառող երգերն ի մի բերելու, մեղեդին լսելու, լսածը երգելու շնորհը։ Վահան Տերյանի Հոգևոր Հայաստանը կայանալու մեկ այլ ճանապարհ չունի։ Ցավոք, ազատ ու անկախ հռչակված Հայաստանի Հանրապետության ընդերքը, հարստության նյութականն ու բնականը անխղճաբար թալանել են ու թալանում են։ Թալանողներն էլ մասնավորապես նրանք են, ովքեր կանչված ու կոչված էին երկրին տեր կանգնելու, երկիրը ղեկավարելու։ Այնպես որ, ժողովրդի ընտրաձայնը գնացել կորել է։ Մինչդեռ հոգու ձայնը, որ երգն է, երաժշտությունն է, գիրն է, գրականությունը, արվեստը, դեռևս ժողովրդինն է՝ որպես հավիտենական ժառանգություն։ Այս մեկը խլելն այնքան էլ հեշտ չէ, այստեղ Աստծո հետ խնդիր ունենալու են։ Բացի այդ, սա հոգևոր այն գանձն է, գանձի երկնայինը, որին ցեցը չի ուտելու։
Վերն ասածներս՝ հպանցիկ, այժմ գանք մեր հոգևոր եղբոր, ժողովրդի սիրուն արժանացած զավակի ներկայության մեջ։ Հարցը, թերևս, մարդուն այնպես ու այնքան չի բացահայտելու, ինչպես, ասենք, պատասխանը։ Երգիչ Թովմասին լսելը մի բան է, մարդ Թովմասին հանդիպելը՝ մեկ այլ բան։ Երկուսն էլ՝ երգն էլ, Թովմասն էլ, նման են իրար, ինչպես, ասենք, կապույտ մանուշակն ու նրա արձակած բույրը։ Մանուշակը, որ բնույթով ծածուկ ու խոնարհ է, չէր կարող, ասենք, մեխակի բույր ունենալ, և ոչ էլ մեխակը կարող էր բուրել մանուշակի բույրով։ Հետաքրքիր է ու նաև անքննելի Աստծո գործը։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ – Թովմաս, եղբայր, ասացիր, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո միտք արիր և ուղղակի կանգ առար աշուղական արվեստի վրա։ Ինչո՞ւ։
ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ- Որովհետև աշուղականը մեջս էր՝ սկսած մորս որովայնից ու այնուհետև՝ օրորոցից։ Հորական տատս՝ Սաթենիկը, շատ լավ երգում էր, մասնավորապես հոգևոր և աշուղական երգեր էր երգում։ Սիրում էր աշուղական սիրավեպերը։ Երգելով աղոթում էր, աղոթելով՝ երգում։ Տերունական «Հայր մեր» աղոթքը, որ Հիսուսը սովորեցրել էր աշակերտներին, տատիկս էլ ինձ էր սովորեցնում։ Ականջիս տակավին հնչում է տատիկիս երգած «Առավոտ լուսոն»։ Ընտանեկան դաստիարակությունս նույնպես այդպիսին էր։ Քանի գնաց, երգի զգացումը խորացավ մեջս, տարեցտարի նայեցի ու տեսա հայ աշուղական արվեստի անսահման հարստությունը։ Անշուշտ, մի կյանքը քիչ է այդ ամենը ի մի բերելու, ամբարելու համար։
Հ. Հ. -Սկիզբը։
Թ. Պ. -Սկիզբը Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան մտնելս էր։ Արխիվային նյութերը նայել, ուսումնասիրելս էր սկիզբը։
Հ. Հ. -Ջիվանին կանչե՞ց քեզ, թե՞ պարզապես հարմար գտար…
Թ. Պ. -Այո, կանչեց, ինձ իրեն լսել ու երգել տվեց։ Բացի այդ, արխիվային նյութերն ուսումնասիրելիս, Ջիվանիինը ամենահարուստը գտա։ Սիրեցի։ Իհարկե, Ջիվանու հանդեպ ունեցած սերս նոր չէր, պարզապես գնալով խորանում էր։
Հ. Հ. -Թովմաս, առաքելությամբ աշխարհ մտած եղբայր, շատերն ասում են՝ Ջիվանուն աշուղ ասելը քիչ է, բանաստեղծ է նա։ Սա հասարակական կարծիք է, որին հետևելը, ըստ իս, հիմարություն կլիներ։ Մեծը նա է, ով վեր է կանգնում շղթա ու կապանք հիշեցնող նման մտայնությունից։ Ասենք, Ալեքսանդր Մակեդոնացին չէր կայանալու որպես այդպիսին, եթե հաշվի առնելու լիներ հասարակական կոչված կարծիքը։ Կոլումբոսն էլ երկիր չէր հայտնաբերելու, եթե լսեր կողքիններին։
Թ. Պ. -Ինչ ուզում են ասեն, Ջիվանին եղել է և մնալու է Ջիվանի։ Երբ ասում ենք աշուղ, բանաստեղծն էլ, նվագողն էլ, երգիչն էլ հետն է։ Տեքստը իրենն է, մեղեդին իրենն է, ձայնը նույնպես իրենն է։ Այո, այո, բազմաշնորհ է։ Թող ասեն, ասելով չէ, Ջիվանին ավելին է, քան բանաստեղծը, քան նվագողը, քան երգիչը։
Հ. Հ. -Աշուղ բառբնութագիրը, անշուշտ, սկզբնաղբյուր, բովանդակություն ունենալու է։
Թ. Պ. -Աշուղը փոխառված է արաբերենից. աշքը դարձել է աշուղ։ Թուրքերն ասում են աշիգ, պարսկերենում դարձել է էշխ։ «Էշխեմէդ հիվանդացիլ իմ, դիղի համա իմ լալի», երգում է Սայաթ-Նովան։ Բառը բովանդակում է սեր։ Աշուղ Աշոտը երգում է. «Աշուղ եմ դառել սև-սև աչերիդ», այսինքն՝ սիրահարվել եմ սև-սև աչերիդ։
Հ. Հ. -Մեկին աշուղ են ասում, մյուսին՝ գուսան։ Գուսան Հավասի, գուսան Շահեն։
Թ. Պ. -Աշուղը բնավ էլ գուսանը չէ։ Գուսանները գողթան երգիչներն էին, որ ապրել են 2-3 հազար տարի առաջ։ Ափսոս, գուսանական երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Գուսանական երգերը բնույթով ազատ ոճի ստեղծագործություններ են, իսկ աշուղական երգերը դարերով թրծված տաղաչափական կուռ կառուցվածք ունեն։ Հավասին, Շահենը աշուղներ են, գուսան են կոչվել։ Բանն այսպես է եղել. 1939-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայ մշակույթի տասնօրյակ, որին մասնակցեցին մշակույթի մեր մեծերը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը և մյուսները։ Եվ որպեսզի հայերին չշփոթեն օտարների հետ, որոնք նույնպես աշուղ անվան տակ էին հանդես գալու, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սահակ Խորենիչը պարզապես կարգադրում է ներկայանալ որպես գուսաններ։ Ստալինյան ժամանակներ էին, ո՞վ էր ընդդիմանալու։ Շավիղ Գրիգորյանը վկայում էր թերթերի արձագանքը. «Մեր աշուղները գնացին Մոսկվա աշուղ, վերադարձան՝ գուսան»։
Գուսան հորջորջեցին նաև Սայաթ-Նովային, Ջիվանուն… Պատմական իրողություններն ինչո՞ւ խեղաթյուրել։ Օրինակ, կարո՞ղ ենք, պատշա՞ճ է Բեթհովենին, Մոցարտին, Արամ Խաչատրյանին և մյուս մեծերին կոմպոզիտոր ասելու փոխարեն երգահան ասել։ Այվազովսկուն Այվազյա՞ն կոչել։ Մի բան է մարդու ծագմանն անդրադառնալը, բոլորովին մեկ այլ բան՝ ընդունված անունը կամ էլ ազգանունը փոխելը։
Հ. Հ. -Թովմաս, անշուշտ, Սայաթ-Նովան և Ջիվանին բնույթով տարբեր են, այն է՝ միևնույն հարթության վրա չեն։
Թ. Պ. -Ամփոփ ասեմ. Սայաթ-Նովան՝ ստեղծագործական իր նկարագրով, համաշխարհային արժեք է, Ջիվանին՝ համազգային։
Հ. Հ. -Աշխարհը Սայաթ-Նովային ճանաչո՞ւմ է։
Թ. Պ. -Մեղավորը մենք ենք։ Աշխարհը կճանաչեր, եթե հայ երգը տարածելը մտներ ազգային ծրագրի մեջ, ասել է թե՝ եթե մոտեցումը պետական լիներ։ Միջոցներ են հարկավոր… Փողի դերն անժխտելի է։ Բացի այդ, աշխարհում ինչքա՜ն մեծ անհատականություններ են եղել ու կան, որոնք ծագումով հայ են, բայց աշխարհը չգիտե։ Օրինակները շատ են. Սուվորովի մայրը հայ է, գիտե՞ն։ Երկրաշարժի լուրն առնելով, Մայր Թերեզան Հայաստան էր եկել, Վազգեն Առաջինի հետ հանդիպելիս ասել էր, որ հայրը հայ է, Բոյախչյան ազգանվամբ, իսկ մայրը ալբանուհի է։ Ո՞ր մեկն ասեմ։ Չգիտեմ՝ ինչու այսպես է, մի բան գիտեմ. մենք՝ հայերս, աստվածաշնչյան լեզվով ասած, աշխարհի աղն ենք, աշխարհին համ տվող ազգ։ Միանգամայն ճիշտ ես, նախ ինքներս պիտի մեզ ճանաչենք, որպեսզի այլոց առավել ճանաչելի դառնանք։ Դարձյալ ճիշտ ես, մենք, դուրս նայելուց առաջ, մեր ներսն ենք նայելու, իմանալու մեր որտեղից գալը և որտեղ գնալը։
Հ. Հ. -Երևանում գործում է «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, որի կազմում են Ձեր ղեկավարած աշուղական դպրոցը, աշուղական կենտրոնը, հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։ Դպրոցը, օրինակ, քանի՞ աշակերտ ունի, ինչ են սովորեցնում։ Պետությունը միջոցներ տրամադրո՞ւմ է. մանկավարժների վարձատրությունն ի՞նչ կարգով է։
Թ. Պ. -Ջիվանու անվան աշուղական դպրոցն ունի շուրջ 160 աշակերտ։ Այստեղ սովորում են երեք բաժիններում՝ ստեղծագործական, երգի, ազգային նվագարանների։ Մի բաժնում սկսնակ աշուղները տաղաչափական կանոններ են սովորում, մյուսում սովորում են աշուղական երգեր, երրորդում՝ ազգային նվագարաններին (թառ, քամանչա, սազ, դափ և այլն) տիրապետելու արվեստն են ուսուցանում։
Հ. Հ. -Հետաքրքիր է, ի՞նչ գործիքով է նվագել Սայաթ-Նովան և ի՞նչ գործիքով՝ Ջիվանին։
Թ. Պ. -Ջիվանու ձեռքին եղել է քյամանի, որը, ոմանց կարծիքով, ջութակի նախահայրն է։ Սայաթ-Նովայի ձեռքին եղել է քյամանչա։ Սազին վերաբերող խոսք եղավ։ Հայն իր ընտանիքում առաջներում սազ է ունեցել։ Այսօր, ցավոք, մեր իրականության մեջ գրեթե սազ չկա, վերացել է։ Պատճա՞ռը։ Ծակ եվրոպացի ենք դարձել։
Հարց եղավ նաև. պետությունը միջոցներ տրամադրո՞ւմ է։ Ո՛չ, չի տրամադրում։ Դասատուների վարձատրությունը սովորողների ուսման վարձից է։ Հարություն ջան, ճիշտ նկատեցիր, դասատուներինն ուղղակի զոհաբերություն է։ Այն, որ դպրոցի սաներն ընդունվում են երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություններ և այնուհետև կյանքի լայն ճանապարհ դուրս գալիս, նույնպես վարձատրություն է։
Հ. Հ. -Աշուղը դպրոցո՞ւմ է աշուղ դառնալու։ Ջիվանին աշուղական դպրոց հաճախե՞լ է։
Թ. Պ. -Ասեմ։ Ամեն աշուղ իր ուսուցչի ծնունդն է։ Ջիվանու ուսուցիչը, օրինակ, երևելի աշուղ Սիային էր։
Հ. Հ. -Սիրելի Թովմաս, այդ իմաստով, Ջիվանին էլ քո ուսուցիչն է, այսպես ասած, քեզ ծնել է Ջիվանին, իհարկե, քո մորից և մայր ժողովրդից հետո։ Ջիվանու գործերն ուսումնասիրել, աշխատություն գրել և ստացել ես բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև «Ջիվանու բանաստեղծական ժառանգությունն» էլ դարձել է քո դոկտորականի թեման։ Շարունակո՞ւմ ես գնալ նոր հայտնագործությունների։ Անդրադարձիր նաև քո հիմնադրած «Գանձարան. Հայ աշուղական երգերի» մատենաշարին։
Թ. Պ. -Ջիվանին մի քանի տասնյակ թուրքերեն երգեր ունի, որոնք, այսպես ասած, ենթակա են պեղման, այսինքն՝ հարկավոր է լուրջ, ծանրակշիռ աշխատանք։ Իսկ ինչ վերաբերում է հիշատակածդ մատենաշարին, հրատարակելը սկսել ենք 2012-ից։ Հայ աշուղական երգերի առաջին հատորը. «Սայաթ-Նովա. խաղեր»։ Սա առիթ էր, որ ես զբաղվեի Սայաթ-Նովայով։ Սկզբում մեր ուղեցույցը հրապարակի վրա եղած նյութերն էին։ Իսկ աշխատանքի ընթացքում կարիք ունեցանք առնչվելու Սայաթ-Նովայի ձեռագրերին։ Համեմատելիս հայտնաբերեցինք անճշտություններ։ Ահա այստեղ ինձ օգտակար եղավ վրացերեն գրել-կարդալ իմանալս։ Առավել ճշգրտված տարբերակը հրատարակեցինք 2015-թվին։ Ի դեպ, Սայաթ-Նովան հայերեն բոլոր երգերը գրել է վրացատառ, թուրքերեն երգերը՝ հայատառ։ Վրացերեն երգերը գրականության և արվեստի թանգարանում պահվող դավթարի մեջ չկան։ Ժամանակին, ըստ մեզ հասած վկայության, Սայաթ-Նովայի որդին՝ վրաց արքայազնի պատվերով, վերհիշելով վերականգնում, գրում է թվով 26 խաղերը և նվիրում պատվիրատուին։
Սայաթ-Նովա կարող է հասկանալ հայերեն, վրացերեն, թուրքերեն, ինչու չէ, պարսկերեն ու արաբերեն իմացող մարդը։ Գրել է, չէ՞. «Իմ գիրն ուրիշ գրեն է»։
Գանձարանի երկրորդ հատորը, որ կրում է «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» խորագիրը, հրատարակեցինք 2013-ին. երգարան է, որն ամփոփում է հիսուն աշուղի վաթսուն երգ՝ նվիրված Սայաթ-Նովային։ Առաջին երգը (1913 թ.) աշուղ Աշխույժինն է, վերջինը (2013 թ.)` աշուղ Արվանինը, որը ծնունդով Ջավախքից է։ Ժամանակի առումով ընդգրկված է հարյուր տարի։
Գանձարանի երրորդ հատորը աշուղ Սազայու «Անիրավ աշխարհ» երգարանն է, չորրորդ հատորն է` «Աշուղ Ջիվանի. հոգսերով լի»։
Գանձարանը, մեր մոտավոր հաշվարկներով, ունենալու է քսանից ավելի հատորներ։ Սկսելու ենք 15-րդ դարից, առայժմ մեզ հայտնի ամենահին աշուղից, որ Ղուլ-օղլի Երզնկացին է։
Հ. Հ. -Ասացիք, որ գանձարանի 5-րդ հատորը լինելու է Հավասու երգարանը։ Հավասին կույր ծնվե՞լ էր։
Թ. Պ. -Երեք տարեկանում հիվանդացել է ծաղիկով և կուրացել։ Հարցրել են՝ հիշո՞ւմ ես տեսածդ բաները։ Պատասխանել է. «Հիշում եմ արևը և մայրիկիս դեմքը»։ Ասեմ իմ զգացածը. Հավասին կույր էր, տեսողություն չուներ, բայց մնացած բաներն ուներ։ Կարծես լսելով տեսնում էր։ Հիրավի, նրա տեսածը ոչ ոք չէր տեսնում։ Մի դրվագ պատմեմ. կանգնած էինք երեքով՝ Հավասին, Վրթանես Հովսեփյանը և ես։ Մի կին, մեր կողքով անցնելիս, դարձավ դեպի Հավասին. «Վարպետ, մենք Ձեր երգերը շատ ենք սիրում»։ Ասաց ու գնաց։ Հավասին էլ թե. «Ինչըխե անճոռնի քիթ ուներ բիաբուռը»։ Վրթանեսն ու ես իրար նայեցինք զարմացած։ Կինն իսկապես մեծ ու այլանդակ քիթ ուներ։ Չեմ էլ կարող ասել, ինչ աչքով տեսավ անծանոթ կնոջ քիթը։
Հ. Հ. -Կարծեմ 25 տարին լրացավ, ինչ գործում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի անընդմեջ ղեկավարն ես։ Ո՞Ւր եղաք, ո՞ւր եք գնալու։
Թ. Պ. -Անսամբլը համերգներով հանդես է եկել Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում և այլուր։ Ծրագրել ենք 2017-ի գարնանը գնալ Շվեդիա, աշնանը՝ Ավստրալիա։
Հ. Հ. -Սիրելի Թովմաս, ստացել ես ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչումներ, պարգևատրվել Մովսես Խորենացու անվան մեդալով, հայ եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով։ ՈՒրիշ ի՞նչ պարգևներ ես տեսնում քո կյանքում։
Թ. Պ. -Նախ՝ սիրո պարգևը, որ ստանում եմ ժողովրդից, և ապա այն պարգևները, որ Աստծուց են. չորս դուստր։ Մի՞թե մեծագույն պարգև չէ Ջիվանին, որն ինձ ու քեզ համար, մեր ազգի համար, Վահան Տերյանի ասած, Հոգևոր Հայաստան է։ Հենց այդպես, քո ասածի պես, ոչ միայն պարգև, այլև օրհնություն է մեր ազգի համար։
Հ. Հ. -Կարելի է ասել, Նարեկացուց, Աբովյանից, Սայաթ-Նովայից ու Կոմիտասից հետո, նրանց հետ մեկտեղ, մեր աղոթքն առ Աստված Ջիվանին է։ Ինձ ու քեզ կապողն էլ Ջիվանին է, այս զրույցի խորհուրդն էլ նրա երգի ելևէջով լինելու է. «Ազգ իմ, որքան նկուն մնաս»։ «Ա՜խ, իմ երկիր, անուշ երկիր»։ «Զարթիր, զարթիր, իմ աննման…»։
Ինչ որ գրեցի, հավատով ու սիրով գրեցի, որովհետև իմ զրուցակից Թովմաս Պողոսյանին տեսա հավատի ու սիրո մեջ, երգով ու երգի մեջ ծնված տեսա։
Զրուցեց և հրապարակման պատրաստեց Հարություն ՀՈՎՆԱԹԱՆԸ
Աղբյուրը` irates.am