ԱՄՆ-ի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթին կներկայանա նաև Հայաստանը

Հունիսի 13-18-ը  ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքումկանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ` Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան:

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և այլք:

Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում, բուն մրցու յթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբերտը:

Նշենք, որ պատանի դաշնակահարը սովորում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետկան մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:

Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհաննես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը ևս հանդիսանում է վերոնշյալ մրցույթի դափնեկիր:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվի ուղիղ և առցանց՝ www.bachauer.com կայքով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed