ԱՄԷ-ի լավագույն ջազ-տրիոյի երաժիշտներից երկուսը հայեր են

Արաբական Միացյալ Էմիրություններում ձևավորված ARS տրիոն միավորել է լավագույն ջազ երաժիշտներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` thenational.ae կայքը խմբին նվիրված նյութ է ներկայացրել:
«ԱՄԷ-ի երեք լավագույն ջազմեններ ձևավորել են ARS տրիոն» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ տրիոն ներկայացրել է առաջին` «Time» ձայնասկավառակը: Խումբն իր անվանումն է ստացել մասնակիցների անունների սկզբնատառերից. մասնակիցներն են սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը, թմբկահար Ռոնի Աֆիֆը և երգեհոնահար Սամվել Գասպարյանը: Կայքը նշում է, որ երաժիշտներն Արաբական Միացյալ Էմիրություններում դեռևս չեն ներկայացրել իրենց նոր սկավառակի ստեղծագործությունները:
Հայաստանում ծնված Սամվել Գասպարյանն ասել է, որ բացահայտել է ջազը պատանի հասակում, Խորհրդային Միության փլուզումից հետո: 2003 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և 9 տարի աշխատել որպես երաժիշտ Լոս Անջելեսում և Թենեսիում: Արթուր Գրիգորյանն էլ նշել է, որ երբ մեծացել է, ցանկացել է սաքսոֆոն նվագել, և երազանքն իրականություն է դարձել: Նա մի քանի տարի նվագել է երևանյան ակումբներում, հետո 2012-ին Գասպարյանի հետ տեղափոխվել ԱՄԷ: Այնտեղ նրանք որպես դուետ հանդես եկել տարբեր վայրերում:
«Արթուրը ձանձրացել էր, նա փոփոխություններ էր ցանկանում: Ես որպես տարբերակներ ունեի Դուբայը, Շանհայը կամ Սինգապուրը: Եվ ընտրեցի Դուբայը»,- նշել է Գասպարյանը: Հետո նրանք հանդիպել են Ռոնի Աֆիֆին, ով նախորդ տարի սոլո ձայնասկավառակ է թողարկել:
Կայքը նշում է, որ տրիոն ճամփորդել է Հայաստան և այնտեղ էլ երեք օրում ձայնագրել սկավառակը:
- Previous Մոսկվայի հայկական թատրոնը լավագույնն է ճանաչվել Off փառատոնի «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում
- Next Պիկասոյի չհրապարակված լուսանկարները