Ամերիկացի դիզայները կահույք է ստեղծել հիպերպանկ ոճում

Դիզայներ Բենջամին Ռոլինզ Կոլդուենը կյանքի է կոչել իր վաղեմի երազանքը և ստեղծել կահույքի մի այնպիսի հավաքածու, որի ստեղծման ժամանակ օգտագործել է բացառապես համակարգչային տեխնիկայի և կենցաղային էլեկտրոնային այլ իրերի շարքից դուրս եկած մասերը:

Լինելով Հարավային Կարոլինայի տեղաբնիկ՝ Բենջամինը ստացել է 2 բարձրագույն կրթություն կալիֆորնիական Վեսթմոնթյան քոլեջում՝ արվեստի և բիզնեսի բնագավառներում: Վերադառնալով իր հայրենի քաղաք՝ նկարիչը սկսել է աշխատել Votivo կազմակերպությունում, որը զբաղվում է դիզայներական սարքավորումների արտադրությամբ: 2009 թվականին վերջինս դուրս է եկել այդ կազմակերպությունից և մեկ տարի անց հիմնադրել արդեն իր սեփական արհեստանոցը՝ BRC Designs-ը, որը զբաղվում է կահույքի արտադրությամբ:

Ինքը՝ հեղինակն իր աշխատանքների մասին խոսում է ասես մեզ համար շատ սովորական մի «հայտնագործության» մասին: Իրեն ոգեշնչման աղբյուր դիզայները փնտրում է ամենուր՝ սկսած հնաոճ իրերի խանութներից մինչև աղբավայրեր:

Իր փնտրտուքների արդյունքում դիզայները ստեղծում է կահույքի հավաքածուներ խաղաթղթերից, հին դաշնամուրներից, դուրս նետված գրքերից, հեծանիվներից, մանկական խաղալիքներից և այլ այնպիսի իրերից, որոնցից երբեք չէիք պատկերացնի, որ հնարավոր է կահույք ստանալ: Իր աշխատանքներում Բենջամինը կիրառում է նաև այնպիսի նյութեր, որոնք արդեն մեզ համար սովորական են՝ փայտ, ապակի, քար և այլն:

Կահույքի նրա նոր հավաքածուն ամբողջությամբ պատրաստված է համակարգչային մասերից, ինչպես նաև կենցաղային այլ էլեկտրոնային սարքավորումներից: Չնայած այն բանին, որ այսպիսի կահույքը դժվար թե ցանկացած ինտերիերի հետ համակցվի, և ընդհանրապես այն այդքան էլ կիրառելի չէ, նկարչի աշխատանքը բավականին տպավորիչ է ստացվել:

Այս կահույքի հավաքածու յուրաքանչյուր մասնիկը ժամանակակից արվեստի վառ օրինակ է, որն արդյունք է բավականին մանրակրկիտ աշխատանքի:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի


 

 

Տարածել`
Share

You may also like...