«Ամբերդ» պարային անսամբլն արժանացել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» միջազգային փառատոնի մրցանակին

Լատվիայում անցկացվել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնը: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  փառատոնին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիր հայորդաց տան «Ամբերդ» պարային անսամբլը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

«Ամբերդ» պարային անսամբլն առանձին բարեգործական համերգով Ռիգա քաղաքում ելույթ է ունեցել նաև տարեցների համար: Հուլիսի 5-ին Վերմանես այգում կայացած հերթական մրցութային համերգից հետո համույթի անդամները հանդիպել են Լատվիայի մշակույթի նախարար Դ. Մելբարդեի հետ, իսկ հաջորդ օրը համերգային ծրագրով հանդես են եկել «Ռունդալսկի» պալատում:

«Ամբերդ» պարային անսամբլն արժանացել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնի՝ երկրորդ պատվավոր մրցանակին:

«Սուդմալինաս»  միջազգային փառատոնի նպատակն է համախմբել Լատվիայի և այլ երկրների պարողների, ովքեր հետազոտում, մշակում և ազգային պարերի մեջ նորույթներ են ներմուծում:

Փառատոնը հիմնվել է 1992 թվականին և դարձել՝ ավանդական. նախորդ տարիներին մասնակցել են 114 լատվիական և 43 երկրի՝ 93 պարային խմբեր: Մրցույթ-փառատոնը կազմապերպվում է Լատվիայի մշակույթի ազգային կենտրոնը, Ռիգայի, Յուրմալայի և Յելգավայի քաղաքապետարանների աջակցությամբ:

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...