«Ամանորի խորհուրդը լրիվ այլ է. պետք է մտածել նոր հնարավորությունների, հեռանկարների մասին. Ի. Ծատուրյան

Հաշված օրեր են մնացել Նոր տարվան, բայց զարմանալիորեն շատերն այս օրերին ոչ թե տոնական տրամադրությամբ են, այլ ընդհակառակը` մտահոգ են ինչպես երբեւէ: Իմաստն էլ հասկանալի է`գրեթե բոլորին տանջում է այն հարցը, թե ինչպես անել, որ ամանորյա սեղանը լինի սովորականի նման, երբ հնարավորությունները չեն ներում: Եվ այդ հակասությունը հաղթահարելու համար շատերն անգամ պարտքերի տակ են ընկնում: Ուրեմն` ի՞նչ անել, որպեսզի հոգեբանորեն չընկճվել այս օրերին. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Այո, շատ հաճախ մարդիկ փոխանակ պատրաստվեն դիմավորել Նոր տարին տոնական տրամադրությամբ, ընդհակառակը` ավելի լարվում են, սկսում նեղսրտել: Դա առհասարակ տեղին չէ, որովհետեւ նեղսրտում, հուզվում, անգամª արտասվում են այս օրերին բոլորին մշտապես տանջող մտքից` «Բա՞ որ տունը մարդ գա, ես ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ պետք է դնեմ սեղանին, որ եկողի սեղանից ճոխ երեւա իմ սեղանը»:
Հենց նման մտատանջություններից է, որ հատկապես Ամանորի նախաշեմին պետք է աշխատել խուսափել: Ամանորին պատրաստվելիս պետք չէ ընդհանրապես սեւեռվել այն մտքին, թե ինչ պետք է դնել սեղանին, որ այն հարեւանի սեղանից ճոխ ու հարուստ երեւա: Նոր տարվա նախաշեմին բոլորիս մտքերում մի հարց պետք է լինի. «Ինչ անել, որ տվյալ տարում ավելի հաջողակ լինեմ, որ հնարավորություններս շատանան, կրկնապատկվեն, որ խաղաղ լուսաբացներ ունենամ եւ այլն»: Որովհետեւ Ամանորի խորհուրդը լրիվ այլ է, պետք է մտածել նոր հնարավորությունների, հեռանկարների մասին: Ցանկացած ընտանիք պետք է Ամանորը դիմավորի այնպես, ինչքան որ, այսպես ասած, ներում է իր գրպանը:
Բայց փոխարենը` զարմանալիորեն վերջին տարիներին շատ վատ միտում է նկատվում: Մարդիկ Ամանորին ընդառաջ մինչեւ իսկ ֆանտաստիկ պարտքեր են անում, վարկեր ձեւակերպում, եւ ընդամենը նրա համար, որ դեկտեմբերի 31-ից-հունվարի 2-ը ընկած օրերին իրենց սեղանները լինեն ամենաճոխն ու էկզոտիկը: Եվ մինչեւ իսկ այս նախատոնական օրերին ոչ ոքի մտքով չի անցնում, որ ընդամենը հունվարի երեքից հետո սկսելու ենք ուտելիքների մեծ մասը աղբարկղը նետել, որոնց գնելու համար ընդամենը օրեր առաջ մեծ ծախսեր էին պահանջվել: Պատկերացրեք, որ հետտոնական օրերին են սովորաբար մարդիկ սկսում սթափ դատել ու հասկանալ, որ պետք է սեղանը գցեին այնպես, ինչքան որ ներում էր իրենց հնարավորությունները: Հավատացեք, ցանկության դեպքում չրով, չարազով էլ կարելի է այնքան փայլուն Նոր տարի անել, այնքան լավ ու բարի տրամադրությամբ ողողել ընտանիքը, որը չի կարող տալ հազար ճոխ սեղան: Որքանո՞վ է հաճելի, որ ամեն տարի լսում ենք հետտոնական թունավորումների մասին, որովհետեւ աննորմալ ձեւով ուտում ենք ամեն ինչ:
Վստահաբար կարող եմ ասել, որ եթե կախված չլինենք կողքինի կարծիքից, եւ յուրաքանչյուրն իր ֆինանսական հնարավորություններով կազմակերպի ամանորյա սեղանը, եղածն ամբողջությամբ կբավարարի` առանց պարտքերի, վարկերի տակ ընկնելու` Ամանոր նշելու համար:
Կարեւոր է, որ Նոր տարվա սպասումներ ունենա մեզանից յուրաքանչյուրը: Օրինակ, երիտասարդ տղաները սովորաբար սպասումներ են ունենում, որ հնարավոր է` Նոր տարվա գիշերը սիրած աղջիկն ընդունի իր առաջարկությունը: Միջին տարիքի կանայք սովորաբար սպասում են, որ իրենց տղամարդիկ Ամանորի գիշերը իրենց ինչ-որ անակնկալ կանեն: Տարեց մարդիկ սրտի տրոփյունով սպասում են իրենց այն երեխաներին ու թոռներին, ովքեր տարվա մեջ դժվարանում էին տեսակցել իրենց: Եվ, իհարկե, ոչ մի ճոխ սեղան չի կարող փոխարինել այդ սպասելիքների իրականացման ուրախությանը: Ուրեմն, պետք է ամեն մեկն աշխատի հենց դա տալ հարազատին, եւ Ամանորն էլ կդառնա ուրախ ու սպասված:

«Բացասական հույզերը թողնենք նախորդ տարում»

– Տիկին Ծատուրյան, ինչպե՞ս հոգեբանորեն չընկճվել, եթե սպասումները չեն իրականանում:
Ճիշտ հարց տվեցիք. եթե անգամ սպասումը չի իրականանում, պետք է մտածել, որ դեռ ժամանակը չի: Կարեւոր է հասկանալ ու գիտակցել, որ սպասումները հնարավոր է եւ չիրականանան: Բայց այդ դեպքում պետք է մտածել հետեւյալ կերպ` սպասումս չիրականացավ, ուրեմն դա իմը չէր, ուրեմն պետք է նորի մասին մտածել:
Պետք է աշխատենք մեր բացասական հույզերի վրա. խանդը, ատելությունը, նախանձը, չարությունը թողնենք նախորդ տարում եւ Նոր տարի մտնենք առանց բացասական զգացմունքների: Որովհետեւ բացասական հույզերից միայն կարող ենք հիվանդանալ թե՛ հոգով, թե՛ ֆիզիկապես: Իսկ հիվանդ մենք ոչ ոքի հաստատ պետք չենք` ո՛չ ինքներս մեզ, ո՛չ էլ`աշխարհին
:

 

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Հեղինակ՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed