Ամանորին ընդառաջ տեղի է ունեցել ֆրանսիական հեքիաթների ընթերցում-քննարկում

Ամանորին ընդառաջ` հեքիաթի ընթերցում֊ ուսումնասիրումը զինում է լավատեսությամբ, հույսով և ժողովրդական իմաստնությամբ:

Տարեվերջին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանին կից Երիցյան վարժարանում «Զանգակ» հրատարակչության մեթոդիստ, վարժարանի ուսուցչուհի Աննա Միկոյանը կազմակերպել էր կլոր սեղան ֊քննարկում «Ֆրանսիական հեքիաթներ» գրքում զետեղված «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի և դրա հայկական, ռուսական տարբերակների վերաբերյալ: Միջոցառմանը հյուրընկալվել էր ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, հեքիաթագետ Նվարդ Վարդանյանը, որի մասնագիտական ուղղորդման և պարզաբանումների շնորհիվ պատանիները քննարկման ընթացքում կարողացան նկատել և իմաստավորել վերոնշյալ հեքիաթի այլաբանական֊խորհրդանշական, ազգագրական և ծիսական շերտերը:

Քննարկման ավարտին մասնակիցները լիովին համոզվել էին, որ հեքիաթի հասցեատերը հատկապես հասուն տարիքի անհատն է, քանի որ այս ժանրում գաղտնագրված են հասուն մարդուն անհրաժեշտ կենսական ճշմարտություններ:

«Զանգակ» հրատարակչության  մեթոդիստ Ա. Միկոյանն ընդգծեց, որ «Ֆրանսիական հեքիաթներ» գրքի հեքիաթագրուհիներից Ժաննա Մարի Լըպրենս դը Բոմոնը եղել է նաև մանկավարժ և զբաղվել մասնավորապես ազնվական ընտանիքների օրիորդների դաստիարակությամբ: Նա իր հեքիաթներում խտացրել է երիտասարդին հասուն կյանք ճանապարհելու, ամուսնության և ճիշտ ընտրության վերաբերյալ անգին խորհուրդներ: Հետևաբար այդ հեքիաթներում բոլոր երիտասարդները կարող են գտնել իրենց համար կարևոր և իմաստուն ուղերձներ:

Քննարկման ավարտին հեքիաթի ավանդական խնձորները տրվեցին ոչ թե հեքիաթը ասողին կամ լսողին, այլ հեքիաթը վերլուծողներին:

Տարածել`
Share

You may also like...