Աղքատ Ղազարոսը. առավոտյան ընթերցումներ

qahana.am-ը գրում է՝

Աղքատ Ղազարոսի առակը
(Ղուկ. 16:19-31)

«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում: Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ` վերքերով ծածկված: Եվ ցանկանում էր լցնել իր որովայնն այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից: Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը: Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը, մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ` նրա գրկում հանգստացած: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հայր Աբրահամ, ողորմիր ինձ և ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ` չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»: Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես ու մարգարեներ, թող նրանց լսեն»: Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ որ հարություն առնի, չպիտի համոզվեն»:

Մեկնություն

Տերն այս առակը պատմեց, որ բացատրի անգութներին, թե ապագայում նրանց ինչ է սպասվում, և սովորեցնի նեղյալներին, որ երկրավոր տանջանքների դիմաց երկնքում հանգիստ պիտի վայելեն: Տերը մեծահարուստի անունն անգամ չի նշում, համաձայն այն խոսքի, թե «նրանց անունը չեմ հիշատակի Իմ շրթունքներով» (Սաղ. 15:4): Իսկ աղքատին անունով է կոչում, քանի որ արդարների անունները գրվում են Կյանքի Գրքում: Ղազարոսն իր ծանր վիճակում Աստծուն չէր հայհոյում, հարուստին չէր մեղադրում, թե անգութ է, այլ ամեն բան տանում էր մեծ խոնարհությամբ: Սրա համար էլ մահվան պահին նրան հրեշտակները դիմավորեցին: Իսկ հարուստին, որ հոգեպես վաղուց մեռած էր, ուղղակի թաղեցին: Նա իջնում է վար` դժոխքի մեջ, քանի որ երբեք վերին բաների մասին չխորհեց, և երկնքին արժանի չէր: Ինչպես Ադամին, դրախտից վտարելուց հետո, Տերը բնակեցրեց դրախտի առջև (Տե՛ս Ծննդ. 3:24), որ միշտ տեսնի ու հիշի, թե ինչ է կորցրել մեղքի պատճառով: Տերն այդպես մեծահարուստին դատեց Ղազարոսի առջև, ցույց տալով արդարի պարտքը և այն երանությունը, որից նա զրկվեց իր անգթության պատճառով: Նա Ղազարոսին տեսավ հենց Աբրահամի գոգում, որպեսզի հանդիմանվի, քանզի Աբրահամը հյուրընկալ էր, նա բոլոր անցորդներին իր տուն էր հրավիրում, իսկ մեծահարուստն անտեսում էր իր տան դռանն ընկածին: Աբրահամի գոգ է կոչվում երկնային հանգրվանը, ուր կյանքի փոթորիկների միջից եկողը հանգիստ է վայելում:

Տանջանքների մեջ հարուստը հիշում է իր եղբայրներին և, նախօրոք խղճալով նրանց, խնդրում է Ղազարոսին ուղարկել նրանց մոտ, որ նախկին աղքատին տեսնեն երջանիկ և առողջ վիճակում, ում մշտապես անարգել են: Բայց գիտենք, որ հրեաները մնացին անհավատ և այն ժամանակ, երբ տեսան մեռելներին հարություն առած` Քրիստոսի խաչելության ժամանակ (Տե՛ս Մատթ. 27:52), և անգամ ցանկանում էին սպանել հարություն առած մյուս Ղազարոսին (Տե՛ս Հովհ. 12:10): Առակը նաև փոխաբերական իմաստն ունի: Մեծահարուստը հրեա ժողովուրդն է, որ նախկինում շատ հարստացած էր բարիքներով և իմաստությամբ: Նրա ծիրանի հագուստը թագավորության նշանն է, իսկ բեհեզը` քահանայության: Նա ամեն օր ուրախությամբ զոհ էր մատուցում: Ղազարոսը հեթանոս ժողովուրդն է, Աստծու շնորհներից և իմաստությունից զուրկ, տաճարի դռան մոտ ընկած, քանզի հեթանոսները պիղծ համարվելով՝ ներս մտնելու իրավունքը չունեին: Նրանք խոցված էին գարշահոտ մեղքերով և իրենց վերքերի արյունը շների, այսինքն` լիրբ դևերի կերակուր էր, քանի որ մեր հոգիների վերքերը նրանց ուրախություն են պատճառում: Բայց հրեա ժողովուրդն Աստծու համար մեռավ, քանզի բարիք չէր գործում: Եվ Ղազարոսը` հեթանոս ժողովուրդը մեռավ մեղքի պատճառով:

Եվ այժմ հրեաներն այրվում են նախանձից, որ հեթանոսներն ընդունված են և արդարացիորեն բնակվում են Աբրահամի գոգում, քանզի Աբրահամն էլ հեթանոս էր, բայց հավատաց Աստծուն և դարձավ աստվածապաշտ: Հրեա ժողովուրդը պապակում է գոնե մեկ կաթիլ հին օրենքի մաքրագործումներից, որ լեզուն զովանա և քաջությամբ մեր դեմ խոսի` Օրենքը ջատագովելով, սակայն չի ստանում:
(Ըստ երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքի)

Տարածել`
Share

You may also like...