Ախալքալաքի Գումբուրդո գյուղի եկեղեցին կվերականգնվի

 

Ջավախք նյուզ»-ը գրում է՝

Երկու շաբաթից ավելի է, ինչ սկսվել են Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այժմ եկեղեցու տարածքն է մաքրվում, հողային աշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս գալիս:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է գտնվում:

Հուլիսի 5-ից սկսած եկեղեցու տարածքում ընթանում են հողային մաքրման, ինչպես նաև եկեղեցու տարածքի տապանաքարերի, խաչքարերի, հիմնաքարերի դասակարգման աշխատանքներ:

«Հիմա մաքրման աշխատանքներ են իրականացվում, քարերը արդեն այնտեղ ենք դասավորել, հողը պետք է հավասարեցնել: Այս աշխատանքներից հետո հնագիտական պեղումներ կիրականացվեն, որից հետո կսկսվի վերականգնման աշխատանքները», – ասել է հնեաբան, վերականգնող Բեսիկ Կոլբայան:

Գումբուրդոյի 10-րդ դարի տաճարի վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Եկեղեցու քարերը հատուկ կբերվեն Աբուլ գյուղի քարհանքից: Հատուկ ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել է, որ նույն քարով է եկեղեցին կառուցված:

Անցած տարի Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը որոշակի պեղումներ էր իրականացրել, արդյունքում գյուղացիները դժգոհում էին: Եկեղեցու հյուսիսային մասում հողային շերտի հեռացման աշխատանքներ  ժամանակ աշխատակիցները արկղներով մարդկային ոսկորներ են հավաքել:

Գումբուրդոյի եկեղեցին Վրաստանում հայկական վիճահարույց եկեղեցիների ցանկում է:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed