Աթենքում պաշտոնապես կնշվի Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը

Միջոցառումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Հույն գրողների միության հանդիսությունների սրահում։ Հունաստանում Հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ «Հույն գրողների միությունը» իր հարգանքի տուրքն է տալիս հայ գրականությանը` պաշտոնապես նշելով հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Հանդիսությանը կմասնակցեն ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսը, նախկին նախագահներ Մեսրս Պավլոս Նաթանելը, և Ավգերինոս Անդրեուն:

Հունարենով հայ պոեզիայի նմուշներ կներկայացնեն դերասաններ Ֆրոսո Զագարեուն, Դինոս Պոնտիկոպուլոսը և Հայկ Գասարջյանը: Հայկական պոեզիայի հունարեն թարգմանությունների մասին հակիրճ պատմական ակնարկ կներկայացնի գրող Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը: Կընթերցվեն հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից: Հյուրերին ողջույնի խոսք կասի Աթենքի համալսարանի պրոֆեսոր, ՀԲԸՄ մասնաճուղի նախագահ Համբիկ Մարուքյանը: Սա 1896թ. -ի համիդյան ջարդերի հիշատակման 120-ամյակին նվիրված յոթ միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն է լինելու:

Հայերենից հունարեն թարգմանված առաջին բանաստեղծությունը եղել է Միքայել Նալբանդյանի «Ազատությունը», որը տպագրվել է 1895թ. սեպտեմբերին Աթենքի «ՀԵՍԹԻԱ» ամսագրում՝ Պոլսի Գում Գափու թաղամասում Հնչակյան կուսակցության կազմակերպած ցույցերին հաջորդած համիդյան ջարդերից հետո: Սրան հաջորդեցին նաև այլ թարգմանություններ՝ հռչակավոր հույն բանաստեղծների և հունահայ գրողների կողմից:

Հույն գրողների միության հանդիսությունների սրահի հասցեն. Աթենք, Գենադյու 8 և Ակադեմիայի փողոց: Մուտքն ազատ է:

«Հայաստան» լրատվական ցանց, Աթենք, 07 դեկտեմբերի, 2016 թ.

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed