Ազգային մշակութային գոհարները բերում են անպարտելիության. Գ. Գինոսյան

Գագիկ Գինոսյանն Արցախյան պատերազմի նվիրյալներից է,ազգային պարարվեստի գործիչ։ Երկար տարիներ զբաղվել է բանաhավաքչական գործով, ՝գրի առել և մշակել Մեծ Հայքի գավառների ավանդական հայկական պարերը։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

 

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է իրականացվի զինվորիդաստիարակությունը հայոց բանակում ։

-Զինվորի դաստիարակությունը միայն հրամաններով և ֆիզիկական պատրաստավածության միջոցով չէ, որ պիտի արարվի: Նախ և առաջ յուրաքանչյուր զինվոր ոգի է, և, միանշանակ, պետք է հասկանանք, որ ոգին հրամաններով չի կառուցվում, այլ՝ գաղափարախոսությամբ և ազգային մշակույթով, որը նաև արարում է հայ զինվորի կերպարն ու  հոգեկերտվածքը։ Իսկ այն, որ  հայոց ռամզական պարերը և հայոց երգերը շատ ավելին կարող են տալ, քան թե մենք՝ այլ միջոցներով, անվիճելի փաստ է։Պարը ենթագիտակցական մշակույթ է և ներազդում է զինվորի վրա  ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական առումով,քանի որ այն իր մեջ պարունակում է շարժում և  մարմնեղ կրթություն, տալիս է ճարպկություն, շատ հաճախ զենքի  օգտագործելու փորձառություն , տալիս  է նաև ոգեղեն լիցք և այս ամենը գիտակցական և ենթագիտակցական շերտի վրա, բնականաբար, ազդեցություն է գործում:

Ի՞նչ կասեք այդ դեպքում ազգային, ռազմահայրենասիրական երգերի մասին։ Արդյոք դրանք նույն կամ նման ազդեցություն ունենզինվորի գիտակցության ու ենթագիտակցության վրա։

-Նույն կերպ է գործում նաև երգը: Այն ավելի անմիջական ազդեցություն ունի, քան քարոզը, դասը, նույնիսկ ազգային գաղափարախոսությունը: Քարոզը,դասը նախ և առաջ պետք է ներազդեն մարդու բանականության վրա, և եթե այն գիտակցության կողմից մարսվի, ապա նոր կներազդի ենթագիտակցականի վրա: Երգի և պարի ներազդեցությունը առավել քան ակնառու է հատկապես ռամապարերի պարագայում, երբ մարդը կարողանում է ներազդվել ոչ միայն շարժումներից, այլ նաև այն ոգուց, այն տիեզերական էներգիայից, որը թերևս քրմերի կողմից ստեղծված մշակույթ է։

Ըստ Ձեզ պե՞տք է արդյոք հատուկ խումբ՝ կազմված գիտակ մարդկանից, ովքեր կընտրեն, թե ի՞նչ երգ ու երաժշտություն կամ ի՞նչպարային տեսակ է պետք զինվորին, թե բոլոր ռազմապարերն ու հայրենասիրական երգերն ընդունելի են, որ երգեն ու պարենզինվորները։

-Ամեն ինչի  հիմքում պետք է ընկած լինի հոգին։ Եվ եթե ինչ որ բան անում ենք բանակում,ապա պիտի հաշվի առնենք, թե դա ինչ ազդեցություն ունի հոգու վրա։Ցավոք սրտի, այս ամենը տվյալ տեսանկյունից չի դիտարկվում։ Նախ բանակում շատ քիչ թվով զորամասեր և շատ քիչ զինվորներ  կան, որոնց վրա անդրադառնում է երգ ու պարը տարածելու միտումը՝ այն էլ «Հայ ասպետի» միջոցով։ Շատ դեպքերում այսօրվա բանակային երգերը ավտոմատ վերցված են նախկին  ԽՍՀՄ բանակից՝ առանց որևէ խորը վերլուծության: Իրոք, դա ազդո՞ւմ է ,թե՞  ոչ և արդյոք կարող է ռուսական մարշի սկզբունքով երգն ու երաժշտությունը ներդաշնակվել իրականում ռազմահայրենասիրական ոգի կրող երգերի բառերի հետ և արդյոք դրանք իրար հակասում, համալրում են, եթե երաժշտական հենքը ռուսական է կամ սովետական, իսկ բառերի հիմքը ոնց որ թե հայկական։ Սա իրոք հոգեբանների,գաղափարախոսների և երաժշտագետների խնդիր է և հենց այնպես ոչինչ չի կարելի իրականացնել։ Ես չեմ ուզում վստահորեն ասել՝ դա մեկ մարդու որոշելու բանը չէ, և եթե, իսկապես, ավերիչ ազդեցություն ունի, ապա երկու տարում կարելի  է ավերել հայ զինվորի հոգին այնպես, որ տասնամյակներ շարունակ կչարչարվենք, որպեսզի այդ ավերակները նորից վերածվեն նորարարումների։ Շատ վտանգավոր և անփույթ վերաբերմունք կա այդ մշակույթի նկատմամբ, ինչն այդպես չպիտի լինի։

Ի՞նչ հոգեվիճակի են բերում զինվորին, ի՞նչ են ավանդում ռազմական երգն ու պարը:

-Հազարամյակներ շարունակ մեր ոգեղեն կերտվածքը կառուցվել է հենց այդ մշակութային գոհարների այն կատարյալ ստեղծագործությունների հիման վրա, որոնք բերում են այդ հոգեվիճակին, որը մեկ բառով կարելի է կոչել անպարտելիություն:

Անդրադառնանք Արցախյան հերոսամարտին, մեր հաղթանակին: Պատերազմի դաշտում երգն ու պարն առկա՞ էին։

-Երգը պատերազմի դաշտում շատ ավելի էր առկա, որովհետև մարդ ինքնաբուխ երգում էր, տեղում արարում։ Պարի պարագայում շատ ավելի աղոտ էր վիճակը և աղոտ ընկալելի, քանի որ, բացի սասունցիներից, այդպիսի ավանդույթ պահողներ չկային, որոնք կբռնեին իրար ձեռք և  ռամզապար կամ քոչարի կպարեին։ Որոշ դրսևորումներ եղան Շուշիի ազատագրումից հետո:։Ես ինքս Քարվաճառի ազատագրումից հետո փորձել եմ զինակից ընկերներիս սովորեցնել ռազմապարեր, բայց դա մասսայական դրսևորում չուներ։ Իրականում դա հոգեթերապիայի նման մի բան էր։

Ի՞նչ կասեք այժմյան բանակում երգի ու պարի առատության մասին։

-Ներկայիս վիճակը շարունակվում է, ինչն աններելի է իրականում։ Այն ժամանակ հասկանալի և տրամաբանորեն վերլուծելի էր, թե ինչու չկա, իսկ հիմա չփորձել այս ամենը հիմնավորապես ներդնել բանակ և բանակը դարձնել ոգու շնորհ, աններելի է։ Մենք անփույթ ենք կրկին ու կրկին՝ թերագնահատելով այն ազդեցությունը, որը կարող են թողնել զինվորի վրա մեր հայ մշակութային գոհարները:

Ի՞նչ պատգամ կամ պարզապես ասելիք ունեք ոչ միայն հայ զինվորին, այլ նաև հայ երիտասարդին։

-Պետք է  հայ զինվորին, երիտասարդին դիմեմ ուղղակի 3 «ինքնա» մակդիրով։

Ինքնաճանաչում, որտեղից պետք է բխի ինքնահարգ լինելու գաղափարը,որտեղից էլ պիտի գա ինքնիշխան լինելու գաղափարը։ Մենք պետք է ինքնաճանաչ լինենք, որպեսզի ինքնահարգ դառնանք։ Անինքնաճանաչ մարդը չի կարող ինքնահարգ լինել։ Եթե ես չեմ ճանաչում ինձ՝ ի՞նչն եմ հարգում: Եթե ես չեմ ճանաչում ինձ, ապա դժվար է ինքնահարգանքի մասին խոսել։ Այն մարդը, ով ինքնաճանաչ է ամեն օր, աշխատում է իր կատարելության համար, վաղ թե ուշ գալու է ինքնահարգանքի, իսկ ինքնահարգ մարդը երբեք թույլ չի տա, որ իրեն կառավարեն ապօրինի ձևով, նսեմացնելու ճանապարհով։ Մենք պետք է մեր մշակույթով արարենք այն կատարյալը, որը պետք է ինքնաճանաչ դարձնի մեզ և բերի ինքնահարգանքի։ Եվ միայն այս դեպքում հոգու շինհրապարակում կարելի կլինի արարել այն կատարյալ հայոց տաճարը, որտեղից ոչ միայն Դուք, այլ Ձեզ ճանաչող մարդիկ խնկի բույր կառնեն։

 

հարցազրույցը՝ Սյուզաննա Թուսինյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ազգային մշակութային գոհարները բերում են անպարտելիության. Գ. Գինոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.