Ազգային գրադարանում կանցկացվեն վարպետաց դասեր Բեռլինի պետական գրադարանի տնօրենի կողմից

Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Կամպֆն և նույն գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը Հայաստանում են: Մինչև սեպտեմբերի 29-ը շարունակվող այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանի ազգային գրադարանում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Սա գրադարանի տնօրենի երկրորդ այցն է Հայաստան:  Նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպելու հայ հնատիպ գրքի և գրատպությանը նվիրված ցուցահանդես, ինչպես նաև հրատարակել ցուցադրությանը նվիրված պատկերագիրք, որը հեղինակել են Արմինե Դրոստ-Աբգարյանն ու Մելինե Փեհլիվանյանը: Այցի ընթացքում Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանը կանցկացնեն վարպետաց դասեր, որի շրջանակում հանդես կգան Բեռլինի պետական գրադարանում կազմարարական աշխատանքների, ինչպես նաև գերմանական գրադարանային համակարգի և Բեռլինի պետական գրադարանի աշխատանքի կազմակերպման մոդելի վերաբերյալ դասախոսություններով: Կքննարկվեն նաև երկկողմ համագործակցության ծրագրեր:

Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանն այսօր կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Նյութը` Panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed