Աբու Դաբիում կայացած գագաթաժողովում քննարկվել է մշակութային ժառանգության հուշարձանները փրկելու հարցը

Նոբելյան մրցանակի 5 դափնեկիր կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել մշակութային ժառանգության հուշարձանները փրկելու համար: BBC-ի հաղորդմամբ, հայտարարությունն ընդունվել է Աբու Դաբիում կայացած գագաթաժողովի ժամանակ: Որոշվել է ստեղծել 100 միլիոն դոլար գումարով հիմնադրամ՝ հակամարտությունների գոտիներում գտնվող մշակութային արժեքների պաշտպանության համար: 30 միլիոն կներդնի Ֆրանսիան: Միջոցները կուղղվեն մշակութային արժեքների պաշտպանությանը, տեղափոխմանը և վերականգնմանը:

Սիրիայում, Մալիում և Իրաքում գտնվող պատմական հուշարձանները շատ են տուժել վերջին տարիներին իսլամիստների գործողություններից, իսկ Սիրիայում և Եմենում հինավուրց կառույցները՝ հրետանային ու հրթիռային հարվածներից: Բացի այդ, մշակութային արժեքներին սպառնում են բնական երևույթները և բնապահպանական խնդիրները:

Հայտարարության տակ ստորագրել են Մյանմայի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չին, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, գրողներ Օրհան Փամուկը և Մարիո Վարգաս Լյոսան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված մշակութային ժառանգության 1052 հուշարձաններից 55-ը, կազմակերպության տվյալներով, վտանգի տակ են:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed