Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են Hollywood Non-Stop ծրագիրը մարզերում։

Առաջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետեւ՝ սեպտեմբերի 8-ին Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ սեպտեմբերի 9-ին Hollywood Non-Stop-ը կունկնդրեն հեռավոր Մեղրիում՝ Մեղրու մշակույթի պալատի դահլիճում։ Հոկտեմբերի 5-ին հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը կներկայացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Մուտքն ազատ է:

Համերգները կայանում են «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» նախագծի շրջանակում։ Կներկայացվեն Ջորջ Գերշվինի, Ջոն Վիլյամսի, Լեոնարդ Բերնսթայնի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն այդ երաժշտությունն օգտագործած ամերիկյան ֆիլմերի թրեյլերների ցուցադրությամբ:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորում է ԱՄՆ դեսպանատան հետ այս նախաձեռնությունը եւ ընդգծում, որ մարզերում ներկայացնելու են մի ծրագիր, որը հանդիսատեսին հետաքրքիր է։ Նա նաեւ ընդգծեց, որ մարզերում սպասում են դասական երաժշտությանը։ 2013-ին Գյումրիում Hollywood Non-Stop-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան շատ էր, որ մեկ օրվա ընթացքում նվագախումբը երկու համերգով է հանդես եկել։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում”

Leave a Reply

Your email address will not be published.