Լեգենդներ տոնածառի մասին

novogodnyaya-el_1920x1200 (1)

 

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի:

Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով:

Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:

Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինելլ: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: Որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին:

Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:

Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը:

Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Տոնածառի զարդարումը  հավերժական ավանդույթ է 

Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կաելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Սբ. Ծննդյան անբաժան մասը:

Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը:

Տոնածառերի զարդարումը Եվրոպայում արձանագրվել է 17-րդ դարից ի վեր, սակայն տոնածառի զարդարման առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1605թ.: Ըստ Ջոն Մեթյուսի գրքի` գերմանացի մի անհայտ քաղաքացի այդ տարի տոնածառը զարդարել էր: Հապա լուսաշղթանե՞րը և բազում փաթեթավորված նվերնե՞րը: Ավելի քան 100 տարի առաջ էր, որ Վիտտենբուրգի համալսարանի պրոֆեսոր Կառլ Գոտֆրիդ Կիսլինգը գրեց տոնածառը մոմերով զարդարելու և դրա բնի շուրջ մանուկների համար փաթեթավորված նվերներ դնելու մասին:

Թեև այդ սովորույթը սկզբնապես դատապարտվեց կրոնական առաջնորդների կողմից, այն Գերմանիայից Նորվեգիայի և Դանիայի միջոցով տարածվեց Ֆինլանդիա: 1841թ. Վիկտորիա թագուհին և իշխան Ալբերտը վավերացրեցին ավանդույթը` արքայական պալատում ցուցադրելով իրենց զարդարուն տոնածառը: Մինչև վաղ 1900-ական թվականները տոնածառի զարդարումն այնքանով էր Սբ. Ծննդյան Տոնի անբաժան մասը, որքանով` Ձմեռ պապը և նվերները:

ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրենքլին Փիրսը ներմուծեց Սպիտակ Տանը Սբ. Ծննդյան տոնածառ զարդարելու ավանդույթը: 1923թ. նախագահ Քելվին Քուլիջն առաջին անգամ կատարեց Սբ. Ծննդյան տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն այժմ տեղի է ունենում ամեն տարի` Սպիտակ Տան դիմացի հովտում: Այժմ, 1966թ. ի վեր, Սբ. Ծննդյան տոնածառի Ազգային Ասոցիացիայի անդամները նվիրում են ամենագեղեցիկ և փարթամ տոնածառը Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ տոնածառն ամեն տարի դրվում է Սպիտակ Տան Կապույտ սենյակում:
Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին կամ ուտելի: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Այսօրվա տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու խաղալիքներով և ընտանեկան որոշ մասունքներով, մի քանի շարք լուսաշղթաներով` մոմերի փոխարեն: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այն խորհրդանշում է ընտանիքների Սբ. Ծննդյան հավիտենական ավանդույթը` միասին հավաքվել, փոխանակել նվերներ և բարեմաղթանքներ, սիրել միմյանց:

 

Աղբյուրը` ter-hambardzum.net

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed