«Աննա Ֆրանկի օրագիրը» թարգմանվել է հայերեն

1 (1)

Տխուր և միաժամանակ գեղեցիկ պատմություն՝ 13-ամյա աղջկա աչքերով: Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» հայերեն է թարգմանվել ու հանձնվել հայ ընթերցողների դատին: Նոր հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։ «Սովետական տարիներին գրքերը թարգմանվում էին կրճատումներով: Այն, ինչ չի համապատասխանել սովետական գաղափարախոսությանը, հանվել է: Այս հրատարակությունն ամբողջությամբ ներկայացնում է Աննա Ֆրանկի օրագիրը: Սա շատ գեղեցիկ ու միևնույն ժամանակ տխուր և հուզիչ պատմություն է: Հատկանշակական է, որ հայ ժողովուրդն ապրել է այն, ինչ գրված է այս գրքում, մենք անցել ենք այս ամենի միջով»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում: «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ հատուկ շեշտեց, որ գրքի համար շատ ճիշտ շապիկ է ընտրված: Նրա խոսքով՝ թեման, որ արծարծվում է « Աննա Ֆրանկի օրագիրը» գրքում մշտապես արդիական է, քանի մեր օրերում էլ կան պատերազմներ ու դրանց վտանգը: Գրքի թարգմանիչ Լուսինե Համբարյանն էլ շնորհանդեսի ընթացքում խոստովանեց, որ օրագիրն առաջին անգամ ընթերցել է 13 տարեկանում, և այդ ժամանակվանից հետաքրքրությունը գործի նկատմամբ մեծ էր: «Աննան հայտնվել էր բարդ իրավիճակում: Բայց միևնույն ժամանակ մահվան վախի մեջ նա կարողանում էր ապրել, գոյատևել, չկորցնել իր հույսը, պայքարի ուժը: Աննա Ֆրանկի կերպարն ապացույցն է այն բանի, թե մարդ ինչքան ուժեղ կարող է լինել: Եվ այդ ուժը չի կարող կոտրվել»,-նշեց Լուսինե Համբարյանը: Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն անցկացված շնորհանդեսին ներկայացված էր նաև Աննա Ֆրանկի տաղավարը՝ նրա լուսանկարներով ու օրագրից էջերով, և ցանկացողները հնարավորություն ունեին լուսանկարվել պատմական կադրերի կողքին: Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում… Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության մեկ այլ գրքի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի « Երեք ընկեր» վեպի շնորհանդեսը:

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed