«Քաոսը»-ն արդեն ճանապարհին է.Երևանում կգործի Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես

21761529_1404001806320781_1424021658398593153_n

Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը՝ «Քաոսը», արդեն ճանապարհին է

Ցուցահանդեսը Հայաստանի Ազգային պատկերասրահում կգործի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը

«Քաոսի» ուղևորությունը Վենետիկից Երևան զերծ չէ բարդություններից. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը կատակով նկատում է՝ Մխիթարյան միաբանության հայրերը դժվարությամբ են բաժանվում Այվազովսկու հանճարեղ կտավից, որը ժամանակին Հռոմի Պապն է նվիրել միաբանությանը:

Այդուհանդերձ, հայկական մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով «Քաոսն» արդեն ճանապարհին է՝ Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը դառնալու իրական հավակնություններով:

52 գեղանկար, 26 գրաֆիկական, մեկ դեկորատիվ-կիրառական աշխատանք, 20 վավերագիր: Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրանքում երբևէ չներկայացված գրաֆիկական աշխատանքներն, ըստ Ծատուրյանի, Այվազովսկի ծովանկարչին շատերի համար կբացահայտեն նաև որպես հրաշալի բնանկարների, դիմանկարների ու ճեպանկարների հեղինակ:

Ինչու՞ արժե գալ «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով այս ցուցահանդեսը տեսնելու. իր իսկ բարձրացրած փոքր-ինչ հռետորական հարցին ՀԱՊ թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նարիա Եղիազարյանը պատասխանում է.

«Բացի այն, որ Այվազովսկին մեր հայրենակիցն է ու համաշխարհային ճանաչում ունեցող ամենամեծ ծովանկարիչը, նա նաև մեծ քաղաքացի էր, մեծ մանկավարժ, մեծ հնագետ: Այվազովսկուն անդրադարձել են անընդմեջ ու անընդհատ, բայց միևնույնն է՝ նա միշտ բացահայտելու տեղ ունի»:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ծավալուն նախագծի կարևորագույն բաղադրիչն է նաև միջազգային գիտաժողովը, որը Երևանում կմեկտեղի աշխարհի խոշորագույն թանգարանների ներկայացուցիչներին: ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանի բնորոշմամբ, գիտաժողովն առանձնանում է ոչ միայն մասնագետների, այլև թեմատիկ լայն ընդգրկմամբ:

««Ծովանկարչության սահմանները» խորագրով գիտաժողովի հիմնական առանցքը, իհարկե, Այվազովսկին է, բայց՝ ոչ միայն Այվազովսկին: Կլինեն զեկույցներ նաև ծովանկարչության մասին ընդհանրապես: Նորահայտ էջեր, երբևէ չներկայացված վավերագրեր աշխարհահռչակ ծովանկարչի կյանքի ու արվեստի ամենատարբեր մանրամասների վերաբերյալ: Հուսանք, որ հնարավորինս շատ մարդ կհաղորդակցի այս ամենին»,-ասաց Մարինա Հակոբյանը:

Արման Ծատուրյանը չթաքցրեց ցանկությունն ու երազանքը՝ ցուցահանդեսի օրերին տեսնել 2-3 կիլոմետրանոց հերթեր Ազգային պատկերասրահի մուտքի մոտ, ինչպիսիք 2016-ին առիթ է ունեցել տեսնելու Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի օրերին:

Պատկերասրահի տնօրենը նաև վստահեցրեց, որ ներկայացվող մշակութային հարստության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը։

 

Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Աղբյուրը` ՀՀ ՄՆ լրատվության բաժին

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed