Մենք և մեր Թումանյանը

Tumanyan

Մեծ լոռեցու. ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին չեն դադարել խոսել բոլոր ժամանակների սերունդերը: Եվ ինչպես միշտ ենք սովորել, իրոք որ ամեն տարիք իր Թումանյանն ունի հանճարեղ հայորդու խոսքի, բառի ուժը մշտապես սովորեցրել, ուժ և եռանդ է հաղորդել բոլորին լինի հայերնիքում, թե հայրենի պատերից դուրս: Ահա այսպիսինն են հիշում, նրան նաև մեր մեծերը`

 

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed