Հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 26-ամյակը

8

«Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի: Բոլորս բոլորիս առջև պատասխանատու ենք, և չաշխատելը դավաճանություն է»,- ասել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 26-ամյակը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:

ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

«Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:
ԱՅՈ-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք’՝ուրեմն կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ.
..»,- ասել է բանաստեղծ Համո Սահյանը:

 

Նյութը` Panorama.am-ի
Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed