Անի քաղաքի ուսումնասիրության պատմությունից

aniarmenianchurch200010

Միջնադարյան Հայաստանի ոչ մի քաղաք, թերևս,  այնքան հանրահայտ չէ գիտական գրականության մեջ, ինչպես Անին: Բացի նրա մասին եղած մատենագրական առատ աղբյուրներից, որոնք վերաբերվում են քաղաքի լիարյուն կյանքի շրջանին, գրականության մեջ կարելի է հանդիպել ուղեգրությունների, նկարագրությունների և ուսումնասիրությունների,  որը գրել են անմարդաբնակ դարձած քաղաքի ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա այցելուները: Այն հետաքրքրությունը, որ առաջացրին գիտական աշխարհում նշված նյութերը և Բագրատունիների երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ավերակները, խթանեցին Անիի հնագիտական սիստեմատիկ ու լուրջ ուսումնասիրությունների սկիզբը: Այդ աշխատանքը, որ ձեռնարկվեց 1892թվականից , անվանի գիտնական Ն. Մառի ղեկավարությամբ ընդհատվեց միայն 1917թվականին, երբ ստեղծված իրադարձության հետևանքով հարկադրված էին թողնել Անին:

Լինչի, Մառի և Լեոյի մոտ բերված են մի շարք գիտնականների անուններ, ովքեր տեղում ուսումնասիրել են Անին կամ ըստ մատենագրական աղբյուրների զբաղվել նրա պատմությամբ:

17-րդ դարում Անիի ավերակների առաջին այցելուները` Պոզերը, Տավերնյեն քաղաքի մասին խոսում են հարևանցիորեն: 19-րդ դարի առաջին կեսի ընթացքում Անի այցելած ճանապարհորդներ, գիտնականներ ու այլ անձիք օտարերկրյա ` Քեր- Պորթրը, Համիլտոնը, Բորրեն, Աբբոտը, Տեքսիեն և ուրիշները, հայրենական` Աբիխը, Խ. Աբովյանը, Մուրավյովը, Ն. Սարգսյանը, Բրոսսեն, Խանիկովը, Գրիմմը և ուրիշներ Անիին վերաբերվեցին մեծագույն ուշադրությամբ, ավելի հանգամանորեն տեղեկություններ շարադրեցին ավերակների ու գտնված արձանագրությունների մասին, զբաղվեցին ճարտարապետական հուշարձանների չափագրությամբ ու նկարումով, հետագայում դրանք հրապարակելով իրենց աշխատություններում: Նրանցից միայն Տեքսիեն և Գրիմմն են հատկապես զբաղվել ճարտարապետական հուշարձաններով, ուսումնասիրել ու չափագրել, կատարել առաջին, ճիշտ է ոչ կատարյալ փորձը, հրապարակել Անիի մի քանի ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ հավաքված նյութերը:

lu

Քաղաքատեղիի առաջին հատակագիծը կազմել է Աբիխը 1844 թվականին: 19-րդ դարի սկզբին հրատարակված աշխատություններում առաջին անգամ Մինաս Բժշկյանի գրքում է շարադրված քաղաքի պատմությունը:

Ընդհանուր առմամբ դրականորեն արտահայտվելով Անի այցելած ավելի քան 20 ճանապարհորդների մասին, որոնք ուղեգրություններ են հրատարակել Անիի վերաբերյալ, միաժամանակ Մառը նրանց մոտ նշում է իդեալականացման որոշ առկայություն և նկարագրությունների մակերեսայնություն, որը նրա կարծիքով արդյունք է այն արտաքին տպավորության, որ նրանք ստացել են համր ավերակներ այցելելուց: Հայրենական գիտությունը հարստացավ նաև Դ. Գրիմմի աշխատությամբ` նվերված հատկապես Վրաստանի ու Հայաստանի ճարտարապետությանը, ուր վերարտադրված են նաև Անիի առանձին հուշարձանների չափագրությունները:

Ալիշանի  << Շիրակ >> աշխատությունը, որը ինչպես նշում է Մառը հատուկ է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի համար: Սակայն, ըստ Մառի ռոմանտիկական-ազգային պատկերացումների որոշակի շեշտի հետ մեկտեղ այնուամենայնիվ,  գիրքը տվեց էական օգուտ նաև գիտության համար հայ հասարակության մեջ առաջացնելով հետաքրքրություն հանդեպ Անիի հնությունները:

Այն հանրահայտությունը, որ ձեռք բերեց  Անիին թվարկված աշխատությունների շնորհիվ, էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց նրա ավերակների հանդեպ և հասունացրեց նրանց պեղումների անհրաժեշտության հարցը: Ռուսաստանի կայսերական հնագիտական հանձնաժողովի միջոցներով ու հայ հասարակության նյութական օժանդակությամբ Անիում 1892 թվականից սկսվում են պեղումները, որը գլխավորում էր այն ժամանակ երիտասարդ ու սկսնակ գիտնական Մառը:

Հնագիտական այդ առաջին, ինչպես և հաջորդ 1893 թվականի արշավները ընդգրկեցին քաղաքի կենտրոնական մասի ոչ մեծ հողակտոր և պսակվեցին հաջողությամբ: Իր հնագիտական հետազոտությունները Մառը շարադրել է քաղաքի համառոտ պատմությունը, կապված նրանում կատարված շինարարական ու վերաշինական աշխատանքների հետ:

11348676_373474759510713_1658490045_o

Նիկողայոս Մառը:

1893 թվականին ընդհատված պեղումները վերսկսվեցին միայն 10 տարի հետո` 1903 թվականի և արդեն հաջորդ տարվանից կրեցին սիստեմատիկ բնույթ, տևելով մինչև 1915-1916 թվականները, այդ պեղումները աշխույժ հետաքրքրություն առաջացրեցին ազգաբնակչության մեջ և գիտական շրջանների ուշադրությունը բևեռեցին իրենց վրա:

Շնորհիվ Մառի և իր հնագիտական արշավախմբի մասնակիցների, որոնց թվում էին Հ. Օրբելին, Թորամանյանը, Բունյաթյանը, Վրույրը, Տոկարսկին, Ս. Պոլտորացկին, Գ. Չուբինովը և ուրիշներ մեծ ջանքերի և չնայած նախասովետական շրջանի դժվարին պայմանների, Անին ենթարկվեց այնպիսի բազմակողմանի հնագիտական հետազոտության ինչպես այն ժամանակ չէր ենթարկվել Հայաստանի ու անդրկովկասի միջնադարյան քաղաքների ոչ մեկը:

Անիի այցելուների թվում եղավ նաև անգլիացի Լինչը 1894 թվականին, որը Մառի կարծիքով օտարերկրյա ճանապարհորդներից առավել աչքի ընկնողն էր իր դիտողականությամբ: Նրա մեծածավալ աշխատության մեջ շատ էջեր են նվիրված Անիին, վերարտադրված են բազմաթիվ լուսանկարներ, քաղաքի հատակագիծը, որը Աբիխի կատարած հանույթի իր կողմից տեղում ճշտված տարբերակն է:

Անիի պեղումների ժամանակաշրջանին է վերաբերում նաև անվանի պատմաբան և վիպասան Լեոյի գիրքը, որը հրատարակության էր նախապատրաստված դերև 1914 թվականին, սակայն լույս տեսավ միայն սովետական շրջանում. Թեև այլ գրված է ուղեգրության ձևով, սակայն բովանդակում է շատ արժեքավոր տեղեկություններ ու դիտողություններ Անիի ու նրա շրջակայքի վերաբերյալ:

Անիի բարձրարվեստ ճարտարապետական հուշարձանները լուսաբանող նախասովետական շրջանի առավել կարևոր աշխատությունների ցուցակը լրացնում է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր` ականավոր գիտնական Հ. Ստրժիգովսկու գրքով: Գալով Անի 1913 թվականին պեղումների ամենաեռուն շրջանում. Նա Թորամանյանի նյութերից ծանոթանում է Անիի ճարտարապետական հուշարձաններին և իր գրքում մի ստվար բաժին հատկացնում նրանց:

11311928_373474669510722_804937461_n

Զաքարյան ժամանակաշրջանի եկեղեցաշինությունը

Զաքարյաների ժամանակաշրջանի Անիի քաղաքաշինության վերաբերյալ կան վիմագիր բազմաթիվ արձանագրություններ և այդ ժամանակների կառույցները ` կանգուն կամ ավերված վիճակում ավելի լավ են պահպանվել,քան Բագրատունիների թագավորության շրջանի կառույցները,որոնցից մի շարքն էլ տարբեր վիճակում մեզ է հասել ոչ թե նախնական ձևով,այլ հետագայում գերազանցապես 13-րդ դարի սկզբերին կատարված որոշ վերափոխված տեսքով:Զաքարյանների ժամանակաշրջանի նշանավոր ոչ բոլոր շենքերն են,որոնց կառուցման թվականները հայտնի են մեզ:Դրանց թվում են այսպես կոչված, Պարոնի պալատը,Սարգսի պալատը,հյուրանոցները և այլն,սակայն հիմք ընդունելով ճարտարապետական առանձնահատկությունները `մասնագետները առանց կասկածանքի դրանք վերագրում են 13-րդ դարի սկզբերին:

Ընդամենը երեք-չորս տասնամյակների ընթացքում Անիում վերականգնվել են ավերված եկեղեցիներ,վերանորոգվել խարխլվածները,վանքերը,հասարակական շենքերը,քաղաքի պաշտպանական պարիսպները,կառուցվել են նոր եկեղեցիներ ու տաճարներ,բուրգեր ու պարսպահատվածներ,հյուրանոցներ,խանութներ ,արհեստռանոցներ,բնակելի տներ ,պալատներ,կամուրջներ,վերաշինվել է Բագրատունիների պալատը և այլն:

Այժմ փաստական նյութի հիմնման վրա տեսնենք ինչ է կատարվել Անիում Զաքարյանների իշխանության օրոք, ինչպիսի եկեղեցիներ են կառուցվել,ինչ վերակառուցումներ,վերականգնումներ ու վերանորոգություններ են կատարվել այդ տասնամյակների ընթացքում:

11304283_373474742844048_896344659_n

Վերակառուցված եկեղեցիներ 

Ըստ Բարսեղ արքեպիսկոպոսի հիշատակարանի Անիի նախկին եկեղեցիների վերականգնմանն ու վերանորոգմանը վերաբերող վկայությունները լիովին հաստատվում են վիմագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններով: Օրինակ ստույգ հայտնի է ,որ այդ կարգի փոփոխություններ են կրել` ներքևում ներկայացված հետևյալ եկեղեցիները:

Մայր տաճար

Այն Զաքարյանների օրոք,ամենայն հավանականությամբ գտնվում էր միանգամայն բարվոք վիճակում:Ըստ վիմագիր արձանագրությունների միայն խարխլվել էին տաճարի աստիճանները,որոնք նորից են կառուցվել `Տիգրան Հոնեցի կողմից: Այդ մասին վերջինս տաճարի հարավային պատի վրա թողել է կառուցողական հետևյալ արձանագրությունը. << Ի թւիս :ՈԿԲ: (662+551=1213թ.) կամաւքն այ.ես Տիգրանծառայ Քրիստոսի շինեցի հալալ ընչիւք իմով զաշտիճաններս մեծափառ սրբոյ Կաթողիկէիս,զոր ի բազում ամաց հետէ խարխալեալ էր եւ ետու նուէրք ի սուրբ Կաթողիկէս զիմ գանձակին կուղպակն որ ի կատըտնոցին է.ետու երկու տաւնակն եւ սուրբ Գրիգոր մին,եւ երկու սկի արծաթիկ աւագ խորանին. .

Միանգամայն հասկանալի է ,որ խարխլված են եղել տաճարի միայն աստիճանները ,որ 1213թ.-ին նորոգել կամ նորից է կառուցել մեծահարուստ Տիգրան Հոնենցը : Արձանագրության մեջ նշված աստիճանները թվով 7 էին ,որոնք գտնվում են տաճարի ցոկոլային մասում և իրոք որ իրենց վրա կրում են վերականգնման կնիք:Մառի կարծիքով Անիի Մայր տաճարը իբր 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբերին ենթարկվել է հիմնական վերակնգնման ու վերափոխության, իբր դրա արգյունք է եղել տաճարի նոր քարապատումը:Սակայն նկատի ունենալով այդպիսի աշխատանքի մեծագույն բարդությունն ու թանկությունն այն ժամանակվա պայմաններում Տոկարսկին ժխտում է Մառի տեսակետը և ենթադրում ,որ տաճարը 12-13-րդ դարերում նոր կառուցված եկեղեցիների օրինակով,հավանաբար գեղեցկացրել են միայն նոր քանդակներով:

Մեր հետազոտությունից կարող ենք ենթադրել,որ միակ փոփոխությունը եղել  է աստիճանները,քանի որ ինչպես նշվում էր Զաքարյանների ժամանակաշրջանում ցանկացաց աշխատանք եկեղեցու վրա կատարելիս լիներ դա թեկուզ չնչին գրվում էր դրա մասին իսկ եկեղեցու քարեր փոխելը կամ քանդակներ տեղադրելը ինքնին արդեն մեծ ,ծավալուն աշխատանք էր և հավանաբար պիտի լիներ արձանագրություն:Ես ենթադրում ենք, որ վերջին փոփոխությունը եղել է հենց աստիճանները:

Սբ Աստվածածին

Մի վիմագիր արձանագրության համաձայն ,սբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է1217թվականին,Տիգրան Հոնեցի եկեղեցու կառուցումից երկու տարի անց:Այդ եկեղեցին գտնվում է Ախուրյանի կողմում,Աշոտյան պարիսպի մոտ և պեղվել է 1893 թվականին:Վերականգնողը եղել է ոմն Պարոնուհի Հոռոմը ,որի թողած արձանագրությունը հայտնաբերվել է `Մինարեի և Առաքելոց եկեղեցու միջև :Արձանագրությունը հայտնաբերել է ժամանակավորապես Անիում բնակվող ոմն Սարգիս Շահբազյանը և այդ մասին տարիներ անց տեղեկացրել Մառին,որն այդ պակասավոր վիմագիր արձանագրությունը ընթերցել է հետևյալ կերպ.

<<Ի թ :ՈԿԶ: (666+551=1217թ. ) Շնորհիւն Քի ե Հոռոմ տիկ ստր Յոհաննեսի վերստին նորոգ –Սբ ածածինս –ի հալալ յարդեանց Իմո ց և որդի իմ Զենի Շ ահնշահ:Փոխարեն հատուցին մեզ և ծնողաց մերոց սպասաւ- որք սորա ի տարին երեք աւր պատարագի . . .    >> և այլն:

Արձանագրությունից դժվար է ճշգրիտ կռահել,թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել սբ. Աստվածածին եկեղեցու վրա:Համենայն դեպս այդ բարեպաշտական գործի համար սահմանված պատարագների քանակը `տարին երեք անգամ ,նկատի ունենալով կարելի է ենթադրել,որ մեծ միջոցներ չեն ծախսվել և կատարված աշխատանքներն էլ ունեցել են համեմատաբար համեստ մասշտաբներ,ինչպես համեստ ոճով է գրված արձանագրությունը:

Եկեղեցին վաղուց փլատակների կույտի է վերածվել:1893 թվականին,ինչպես ասվեց Մառի գլխավորությամբ դրա ավերակները ենթարկվում են հնագիտական ուսումնասիրության:Պարզվում է ,որ այդ փոքրիկ եկեղեցին եղել է երկհարկանի:Դրա առաջին հարկը ինչպես ենթադրում է Մառը ,օգտագործվել է իբրև մառան,հանդերձարան կամ խորան:Շենքն ունեցել է երկարավուն քառանկյուն հատակագիծ և հարդարված է եղել սալիկներով և քանդակազարդ խաչերով: Վերանորոգման ժամանակ եկեղեցու գրաված տարածության մի մասը թողել են առանց ձեռք տալու, որը հարակից տարածության հետ միասին հետագայում վերածվել է գերեզմանոցի:

Սբ Սարգիս

Սբ Սարգիս եկեղեցին ամենայն հավանականությամբ միանգամայն փլված է եղել և նորից վերականգնվել է Զաքարյանների օրեք, 1210թվականին: Եկեղեցու վերականգնման վերաբերյալ արձանագրության բնագիրը  եղել է շենքի երեսպատման վեց քարերի վրա,որոնք հայտնաբերվել են 1907թ.-ի պեղումների ժամանակ :

Ահա այդ վիմագիր արձանագրության բնագիրն ըստ վերջին,ընդունելի վերլուծության.

<<Ի թուին :ՈԾԹ:  ( 659+551+1210 ) Շնորհիւն Քրիստոսի յիշխանութիւնս Մանդատորթախուցէս Ամերպասալար Շահնշահ Զաքարիայի.ես Սիթի ,զուգակից Գրիգորի մեծաւ յուսւվ եւ պարոնաց հրամանւն վերստի շինեցի զսուրբ Սարգիս ի հալալ արդեանց առն իմո վասն փրկութեան հոգոյ նորա եւ ի յիշատակ ծնողաց մերոց եւ զաւակաց մերոց . . . և այլն  >> :

Ինչպես տեսնում ենք եկեղեցին վերականգնվել է տիկին Սիթին ,Գրիգորի կինը ,իր ամուսնու պարոնների ամենայն հավանականությամբ Զաքարյան իշխանների հրամանով: Բնագրից կարելի է եզրակացնել, որ վերականգնման աշխատանքներ կատարելու համար պահանջվում էր իշխանի`պարոնի թույլտվությունը:

Բախտաղելի եկեղեցի

Այս եկեղեցին մեզ հայտնի է երեք անունով ` Բախտաղեկի , սբ.Գրիգոր և Խաչատուրի եկեղեցի:Հայտնի է նաև որ այն եղել է տոհմական եկեղեցի:

Սկզբնական շրջանում եկեղեցու պատի մեջ ագուցված խաչքարից ,որի վրա գրված էր 915թ. հետազոտողները ենթադրում էին, որ այն կառուցվել է 10-րդ դարում սակայն հետագա ուսումնասիրությունների ընթացքում հանգել են այն եզրակացությանը ,որ եկեղեցին կառուցվել է 13 –րդ դարում, իսկ ավելի հին թվագրություն ունեցող արձանագրված քարերը պարզապես համարելով կառուցման համար օգտագործված շինանյութ: Սակայն չենք բացառում, որ եկեղեցին կառուցվել է Բագրատունիների օրոք և վերակառուցվել Զաքարյանների օրոք:

 Շախմատային  եկեղեցի

Շախմատային եկեղեցին,որը այդպես է կոչվել ճակատի քարերի գույների խաղի պատճառով, 13 –րդ դարի հուշարձան է:Եկեղեցին 13 –րդ դարին վերագրելու միակ փաստը համարում են հետց այդ պատի երեսը սև և կարմիր գույների քարերի շարվածքով շախմատային տախտակի վերածվելը:

Արձանագրություններից ակնհայտ է դառնում ,որ կամ Շախմատային եկեղեցին կառուցվել է Բագրատունիների օրոք և ավերվելուց հետո Զաքարյանների շրջանում նորից վերականգնվել, կամ եկեղեց կանգուն է եղել և գույնզգույն սալիկներով քարապատվել է 13 –րդ դարի սկզբին, ժամանակի ճարտարապետական ոճով :

Այս եկեղեցու մասին Մառը գրում է ` << Ում կողմից էլ այն կառուցված լինի,քաղքեդոնականների կամ հակաքաղքեդոնականների,միևնույնն է այն առանձնակի տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ   >>

11347757_373472712844251_637450581_o

Զաքարյանների  շրջանում  կառուցված  եկեղեցիներ

Սբ. Գրիգոր կամ Տիգրան Հոնենցի եկեղեցի

Կանգնած է Ախուրյան գետի կիրճի մի ելուստի վրա և լավ դիտվում է թե քաղաքից,և թե գետի ձախ ափից:Ինչպես երևում է հարավային պատի նվիրատվական ընդարձագ արձանագրությունից,եկեղեցին կառուցվել է 1215 թվականին Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով: Արձանագրությունից իմանում ենք Տիգրան Հոնեցու եկեղեցու (որը նկարազարդ լինելու պատճառով թուրքերը կոչել են Նախշլու ՝ զարդարուն եկեղեցի) զարգաքանդակները նվիրատվությունների արդյունք են:

Տիգրան Հոնենցի եկեղեցին Զաքարյանների շրջանի Անիի եկեղեցիներից ամենազարդարունն ու վեհն է: Նրա ճարտարապետական հարդարանքը,որ բնորոշ է հայկական 13-րդ դարի արվեստի համար և հիանալի մարմնավորված է այս հուշարձանում,կիրառություն է գտել մայրաքաղաքի նշված դարաշրջանի նաև մյուս եկեղեցական շենքերում:

Նրա արտաքին պատերը մշակված են նուրբ,դեկորատիվ-կամարաշարով,որի կամարամիջոցներում տեղադրված է քանդակային հարուստ կոմպոզիցիա`թռչունների,եղնիկների և այլ գազանների և բուսական մոտիվների պատկերներով:Եկեղեցին հարուստ է որմնանկարներով:Դատելով ինչպես որմնանկարներով,-գրում է Օրբելին – այնպես էլ եկեղեցու կառուցման մասին Տիգրան Հոնենցի գրության մի հիշատակությամբ,որմնանկարները վերաբերում են տաճարի կառուցման ժամանակներին:Սակայն , այն ժամանակ,երբ կառուցման մասին գրությունն արված է հայերեն,բացատրական գրությունը որմնանկարներում վրացերեն է և միայն մասամբ հունարեն,երբ իրականում այն հայկական քաղքեդոնական եկեղեցի է:

Տիգրան Հոնենցի եկեղեցին հայկական եկեղեցական ճարտարապետության ու մոնումենտալ որմնանկարչության հիշարժան,լավագույն նմուշներից մեկն է ,որ գրավում է իր արժանի տեղը որ միայն Անիի,այլև ողջ միջնադարյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների շարքում:

Կուսանաց վանքի եկեղեցին

Գտնվում է Տիգրան Հոնեցի եկեղեցուց հարավ արևմուտք,համանուն վանքի ավերակներով շրջապատված:Եկեղեցին տեղադրված է Ախուրյան կիրճի թեք լանջին:

Այն կառուցված է նույն Տիգրան Հոնեցիի միջոցներով և հավանական է սբ.Գրիգոր եկեղեցին կառուցաց ճարտարապետի նախագծով:Սա մի ինքնատիպ եկեղեցի է հատակագծում վեց պայտաձև աբսիդով և ուղանկյունաձև նախասրահով արևմտյան կողմից:Աբսիդների ծավալները կիսագլանների փնջի տեսքով առանձնանում են և արտաքինից մշակված են կամարաշարերով`բարակ սյուների վրա:Գմբեթի թմբուկի նիստերը ավարտվում են եռանկյուն ճակտոններով,որոնց միջից ելնում է գմբեթի հովհանոցաձև ծածկույթը:

Աստվածամոր կամ Հոռոմի եկեղեցի

Պեղվել է 1893թվականին,Նոր քաղաքի մասում,Աշոտյան պարիսպներից դեպի հյուսիս:Համաձայն արձանագրության,այս փոքրիկ եկեղեցու շինարարությունը վերսկսվել է 1217թվականին,ոմն տիկին Հոռոմի ջանքերով:Այն եղել է երկհարկ առաջին հարկում դամբարան,երկրորդում դամբարան :Ավելի ուշ 13-14-րդ դարում միևնույն տիպը հանդես է գալիս Հայաստանում Եղվարդում և Նորավանքում,գրատուն –զանգակատուն:

11293486_373474812844041_442912482_o

Թորոս Թորամանյանը:

Քաղաքացիական կառույցները: Քաղաքացիների բնակարանները

Անիի պեղումները միանգամայն անբավարար են լուսաբանելու համար քաղաքի բնակելի ճարտարապետությունն ու թաղամասերը: Տները բաղկացած էին 3-5 բնակելի  ու օժանդակ սենյակներից,որոնք կապվում էին միմյանց հետ միջանցքների միջոցով:  Թոնիրները,հորերը,բուխարիները,պատուհանները,ամբարները և այլն կազմում էին բնակարանների բաղկացուցիչ տարերը:Գայլիձորի դարպասի մոտ 1913թ.պեղված բնակելի տան մեջ եղել է նաև ոչ մեծ մատուռ,որն անվիճելիորեն վկայում է այն մասին,թե բացի պալատական կոմպլեքսներում փոքր եկեղեցիներ կամ մատուռներ եղել են նաև հարուստ բնակելի տներում:

Բնակելի տների պատերը` կազմված գլխավորապես ճեղքված,անկանոն ձևի քարերով,ներսից ոչ միշտ են էին ավաղվում,որովհետև նրանց հարթությունները ծածկվում էին դեկորատիվ գործվածքներով:Հատակները,հաճախ սալարկված սրբատաշ քարերով,նույնպես ծածկվում էին խսրով և գորգերով:

Ստորգետնյա Անիի բնակելի տները

Վերգետնյա հուշարձաններից բացի,ուշադրության  արժանի են նաև ժայռափոր մի շարք կառուցվածքներ,որոնց ստեղծման ժամանակը վերջնականապես չի ճշտվել:

Դրանցից նշելի են ստորգետնյա երկար անցքը,որ այլազգիները անվանել են  Գեդան-Գյալմազ,դրա ընթացքի վրա գտնվող մեծ սրահը,ինչպես նաև Ծաղկոցաձորի կողմի Քարանձավային Անիի երկու իսկ երբեմն նաև երեք հարկանի ժայռափոր տներ,որոնցից մեկը Լեոն անվանել է ուղղակի անվանել `ապարանք,պարզապես նկատի  ունենալով  դրա ստորերկրյա հարմարություններն ու շքեղությունը: Ըստ նրա նկարագրության,Ծաղկոցաձորի զառիվեր կողին գտնվող այս վերջին ապարանքը ուներ բարձրադիր`սովորական այցելուների համար անմատչելի մուտք,երկհարկանի էր,բաղկացած մի շարք սենյակներից,որոնցից մի քանիսի պատերը ներսից նկարազարդված էին ,իսկ որոշ սենյակներ էլ ունեին դարակներ և պատրհաններ:

Հյուրատներ, խանապարներ, փնդուկներ, հյուրանոցներ, պանդոկներ

Առևտրական կամ այլ գործերով քաղաք եկած մարդկանց որոշ հարմարություններ ապահովելու համար ստեղծվում էին հյուրատներ,հյուրանոցներ պանդոկներ,որոնց քանակը կապված էր տվյալ քաղաքի ունեցած վարչական և առևտրական դերից ու նշանակությունից:

Վիմագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններից և հնագիտական պեղումներից երևում է, որ Անին մեզ հետաքրքրող ժամանակներում ամենահամեստ հաշիվներով ունեցել է 10-15 հյուրանոց:Առևտրի մեծ կենտրոն լինելը, տնտեսական լայն կապերը հարկադրում էին քաղաքում ստեղծել այդպիսի եկամտաբեր հիմնարկներ` երթևեկ վաճառատների և տարբեր գործերով Անի այցելողների համար: Միայն ժամանակի մեծահարուստ Տիգրան Հոնենցն ունեցել է 4 հյուրանոց, որոնց մասին հիշատակություն կա արված նրա կառուցած սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ընդարձակ արձանագրությունում:Տիգրան Հոնենցը եզակի չէր հյուրանոցներ ունեին նաև այլ քաղաքացիներ: Հաճախ հյուրանոցները , իբրև եկամտաբեր հիմնարկներ, պատկանում էին եկեղեցիներին, որոնք դրանց սովորաբար տեր էին դառնում նվիրատվության կամ գնման կարգով:

12-րդ դարի վերջերին և 13-րդ դարի առաջին տասնամյակներին Անիում կառուցվել են բազմաթիվ վաճառանոցներ` սկսած հասարակ կուղպակներից մինչև խանապարները ներառյալ: Վերջինններս այն հյուրատներն էին , որոնք վաճառականների համար գիշերելու սենյակներից բացի ունեին նաև առևտրի համար զանազան հարմարություններ` պահեստներ,խանութներ, քարավաններ սպասարկող արհեստանոցներ և այլն:

Բնակելի սովորական տների նման Անիում պեղած արհեստանոցների և կրպակների մեծագույն մասը նույնպես վերաբերվում է ուշ շրջանին` Զաքարյանների իշխանության տարիներին և մասամբ 13-րդ դարի երկրորդ և 14-րդ դարի առաջին կեսերինմ:Ավելի հինժամանակների կրպակների ու արհեստանոցների ավերակներն ու մնացորդները ընկած են հնագիտական ավելի խեր շերտերում. Դրանք չեն նշմարվել և դուրս են մնացել հետազոտողների ուշադրությունից:

Անին` երկրի խոշոր քաղաքներից մեկը, ուներ այդպիսի մի քանի հաստատություն: Պատկանելով հարուստ քաղաքացիների` մեծատուների, դրանք երբեմն նվիրաբերվում էին եկեղեցիներին: Հայտնի են մի քանի նվիրատվական արձանագրություններ, օրինակ` Տիգրան Հոնեցու եկեղեցու վրա,Առաքելոց եկեղեցու գավթի վրա և այլն: Բացի քաղաքից,այսպիսի հաստատություններ կային նաև Անիի մատույցներում – Հոռոմոս վանքում,Ախուրյան գետի վրայի մեծ կամուրջի մոտ:

1908 թվականին  Առաքելոց եկեղեցուց ոչ հեռու, նրանից հյուսիս-արևմուտք, բացվեցին քաղաքային հյուրանոցի շենքի մտացորդները: Ըստ երևույթին , սա ոչ թե մեկ, այլ երկու շենք է եղել իրար կից կառուցված:

Պեղումների սկզբում այստեղ գտնված շքամուտքի քանդակազարդ հարուստ բեկորների հիման վրա հետազոտողները ենթադրել են , թե հայտնաբերել են Զաքարյանների կամ մի որևե հարուստ անեցու պալատի մնացորդներ: Հետագայում երբ հողի տակից ազատեցին բովանդակ շենքի մնացորդները այն խանապարներից –հյուրանոցներից  մեկի , որոնք հիշատակվում են նվիրատվական արձանագրություններում:

Հյուրանոցի կամ վաճառատան հատակագիծը ըստ Թորամանյանի

Եթե Ն. Մառը և Օրբելին անվերապահորեն այդ կարծիքին էին, ապա Թորամանյանը  հայտնեց  նույնպես հավանական  մի  ենթադրություն` բացված մնացորդները վաճառատան պատկանելու մասին: Եթե նկատի ունենանք, որ անմիջապես հյուրանոցներին կից էր առևտրական շարքերով փողոցը,ապա վերջին ենթադրությունը նույնպես արժանի է ուշադրության:

Գրականության մեջ այդ հուշարձանը հայտնի է թոհրամանյանի չափագրած հատակագծով և հյուրանոցի հարավ-արևելյան կեսի շքամուտքի վերակազմության նրա կողմից կազմված նախագծով:

Պեղումները երևան բերեցին միաժամանակ կամ հաջորդաբար միևնույն դարում կառուցված երկու շենք, հատակագծով և արտաքին ճարտարապետությամբ գրեթե իրար նման ու իրար կից` մեկը հյուսիս-արևելյան կողմում ,մյուսը` հարավ արևմտյան: Շքամուտքի վրա տեղադրված ռելյեֆ պատկերների հիման վրա Մառը հյուսիս-արևելյան շենքը անվանել է սֆինքսների հյուրանոց, իսկ հարավ-արևմտյանը օձերի ու առյուծների հյուրանցո:

Շենքերից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում էր երկարավուն բաց սրահ` սրբատաշ քարերով սալարկված: Ամեն մի բակի կենտրոնում կար մեկական ջրավազան` կերտված ամբողջական քարից: Այդ բաց սրահի երկարությամբ, երկու կողմից կային լայն, մայթերի նման բարձրություններ: Սրանց ուղղությամբ պատերի երկայնքով տեղադրված էին 2,5մ. լայնությամբ և 5,0 մ. Խորությամբ 9-ական բաժանմունք` ուրեմն 18-ը մի սրահում և 36-ը – երկուսում: Վանական խցերին նմանվող այս բաժանմունք-սենյանկերը հանդիպում էին կամ համարներ եթե շենքը իհարկե հյուրանոց էր կամ կրպակներ `կուղպակներ եթե շենքը վաճառատուն էր:

Նրանք թաղածածք էին, թաղերըհենվում էին սենյակները իրարից բաժանող քարե միջնորմերի վրա: Դռների կամարակապ բացվածքները, ուղղված դեպի սրահը, շրջանակված էին երեսկալներով և անմիջապես դուրս էին գալիս դեպի մայթանման բարձրությունը: Բացի նշված բաժամունքներից, երկու սրահի ծայրերում գտնվում էին մակերեսով ավելի մեծ մի քանի զետեղարաններ, որոնք հիմնական ծավալից բաժանվում էին համեմատաբար հաստ պատերով:

Օրբելու ենթադրությամբ, սրահներից մեկը եղել է երկհարկանի, քանի որ դեպի երկրորդ հարկն էր տանում մասամբ պահպանված քարե կոնսոլ մի սանդուղք:

Սրահներից յուրաքանչյուրը երկու ճակատային պատերի վրա ուներ մեկական շքամուտք, որոնց միջոցով ապահովվում էր միջանցուկ շարժումը սրահով: Բացառիկ հարստությամբ էին բնորոշ այս շքամուտքերը, որոնք ճարտարապետական իրենց լուծումներով մոտ են հարուստ անեցիների պալատների շքամուտքերին: Այս առիթով Ն. Մառը նշել է < խանապարները ծառայել են որպես հասարակ իջևանատներ, բայց առավել ևս զարմանում ես, որ կարող է վկայել հարավային խանապարի կամ Օձերի ու Առյուծների հյուրանոցի շքամուտքը` ճարտարապետ թորամանյանի վերակազմությամբ >:

Շքամուտքը, ինչպես և Պարոնի պալատում, ըստ բարձրության բաղկացած էր երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը առնված էր ինքնուրույն,լայն և նուրբ զարդարած ռելյեֆ երեսակալի մեջ: Ամեն մի մասի կենտրոնում տեղավորված էր մեկական ուղղանկյուն բացվածք: Սրանք նույնպես շրջանակված էին ռելյեֆ երեսակալներով և վերևից ավարտված սլաքաձև կամարներով: Ամեն մի կամարով ամփոփված բարավորը ներկայացնում էր քարե աստղերից ու բազմանկյուններից կազմված մի ձևավոր շարվածք, ծածկված շատ նուրբ քանդակներով, որոնք վկայում են կատարողի բարձր արվեստի մասին: Լայն երեսակալով և սլաքաձև կամարով ամփոփված առաջին հարկի պատի հարթության վրա տեղադրված էին վիշապների և այլ կենդանիների վերը հիշատակված բարձրաքանդակները:

Անիի հյուրանոցը կամ վաճառատունը պեղվել  է խիստ ավերված վիճակում: Նրանից պահպանվել են շքամուտքերին վերաբերող դեկորատիվ բազմաթիվ բեկորներ,ինչպես և պատերի ու միջնորմերի հիմներ:

Բացի վերոհիշյալ շենքերից, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև գլխավոր փողոցում բացված կրպակների երկու շարքը, որոնցից մեկը կից էր Աբու-լ-Մամրան մզկիթին, իսկ մյուսը` թաղածածք շենքին : Այստեղ առևտրական շարքերի հայտնաբերումը, վիմագրական ու հնագիտական տվյալների հետ միասին, թույլ է տալիս եզրակացնել, որ հիշյալ հրապարակը եղել է Անիի առևտրական կյանքի կենտրոնը:

Քաղաքային մաքսատան շենքը

Ախուրյան գետի զառիթափի շրթին կաուցված Մանուչիի մզկիթը շատ մոտ էր այն ճանապարհին , որը կամուրջով անցնելով մտնում էր քաղաք:Համաձայն մի շարք հետազոտողների միահամուռ պնդման, այն սկզբում ծառայել է ուրիշ նպատակների համար:

Ելնելով շենքի տեղադրությունից Օրբելին ենթադրել է ,որ այդ շենքը կարող էր լինել մաքսատուն կամ պահակակետ: Թորամանյանը, որ հատուկ չի զբաղվել այս հուշարձանի ուսումնասիրությամբ, հայտնում է սրա մոտ գտնված հայերեն մի արձանագրության մասին, որում հիշատակված է Գագիկ թագավորի անունը:Նշված արձանագրությունից բացի, շենքը Բագրատունիների ժամանակներին վերագրելու հիմք կարող են ծառայել առանձին մասերի տարբեր ժամանակներում կառուցելու նրա վրա պարզ երևացող հետքերը:Սակայն Զաքարյանների ժամանակաշրջանում այն եղել է մաքսատուն: Սկզբում ամենայն հավանականությամբ 10-րդ դարի վերջին ,երբ բարձրացվում էին Աշոտյան պարիսպները, կառուցվել է ներքին հարկը, մասամբ և վերևինը` մինչև ներքին սյուների սյունագլուխների նիշը կարմիր տուֆից:

1072 թվականին Շեդադյանները շենքի հյուսիսային անկյան հին աշտարակի տեղում, արդեն տեղական քարից կառուցեցին նոր ութանկյուն մինարեթը և ավարտելով շենքի վերևի հարկը հարմարեցրին այն մզկիթի :

Հիմնական վերին հարկը ընդարձակ սյունազարդ մի դահլիճ է. 2 շարքով դասավորված ամեն շարքում երեքական ,սյուները դահլիճի  տարածությունը բաժանում են 3 մասի: Ներքին երկայնական և լայնական պատերի վրա սյուների քայլին համապատասխանում են կիսասյուները:Սյուների այսպիսի դասավորությամբ շենքի հատակագիծը բաժանվում էր 8 քառակուսի և 4 ուղղանկյուն բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է տարբեր ձևի թաղերով:

Չնայած 4 մեծ լուսամուտների առկայությանը, որ բացված են հարավային պատի վրա և նայում են Ախուրյանի կիրճի կողմը, ծածկի թաղերում կան երթիկներ` դահլիճը վերևից լուսավորելու համար:Սա լրացուցիչ մի ապացույց է այն բանի , որ շենքը սկզբնական շրջանում ունեցել է աշխարհիկ նշանակություն:

Կապը ներգին հարկի հետ պահպանվում էր դնովի սանդուղքի օգնությամբ, որ իջեցվում էր ծածքի մեջ եղած բացվածքով:Այստեղ տեղադրված էին 4 սենյակ ընդհատակյա մեծ զետեղարաններով:

Անիի պեղումների ընթացքում այս շենքը օգտագործվել է որպես հնադարան:

Բաղնիքներ

Նոր քաղաքի տերիտորիայի վրա, Տիգրան Հոնեցի եկեղեցուց ոչ հեռու, նրանից դեպի հյուսիս, 1893թվականին պեղվել են Հոնենցի բաղնիքի մնացորդները, այն բաղնիքի, որ հիշատակված է իր եկեղեցու պատին փորագրված և 1215 տարով թվագրված մի արձանագրության մեջ:

Նրա հատակագծային լուծումև, որ փոքր –ինչ տարբերվում է հայկական նույն շրջանի այլ հուշարձաններից, ինչպես ճշմարտացի նշում է ` Խալփախչյանը, նույնակի է հարևան երկրների բաղնիքների հետ և անգամ միջին ասիայի և Վոլգայի բուլղարների:

Ըստ Ալիշանի գրքում վերարտադրած հատակագծի բաղնիքը բաղկացած է եղել 2 հիմնական մասից` օժանդակ և սպասարկող, որը մեկտեղ ամփոփված են ուղղանկյունաձև հատակագծի մեջ: Արևմըյան կողմից գտնվող օժանդակ մասը բաղկացած էր 2 սենյակից, հավանական է` ջեռուցարանից և վառելիքի պահեստից: Սպասարկող մասը հատակագծմամբ միստիկ էր: Կենտրոնում տեղավորված էր գմբեթածածք մի տարածություն, որի չորս կողմում գտնվում էին մեկական թաղածածք սենյակներ ոչինչով չանջատված կենտրոնական մասից: Նրանցից մեկի մեջ բացվում էր դուռ:

Կենտրոնական այս տարածությունը իր չորս թևով ծառայել է որպես հանդերձարան ու հանգստատեղ ` լողացողների համար:

Լողարանները գտնվում էին չորս անկյուններում ու հատակագծում քառակուսի էին և ծածկված ստալակտիտային առագաստների վրա հենվող գմբեթներով: Դեպի լողարաններ էին տանում մեկական մուտքեր, որոնք տեղավորված էին կենտրոնական տարածության անկյուններում: Սենյակների այսպիսի խմբավորումը կենտրոնականի շուրջը ոչ միայն արդարացվում էր գործնական տեակետից այլև հետաքրքիր էր ներքին ճարտարապետությունից:

Աղբյուրը` blog.168.am

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed