Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը

11182125_10153202583315519_6849549233682091704_n

Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն՝ կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը՝ նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն: Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը: «Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից’ ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության:

Armenian Genocide Map

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականությանընտրանին, այդ թվում՝թուրքական խորհրդարանի՝ մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը՝ մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում՝ բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:

Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:

Մայիս-հունիս ամիսներին զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

ՀՀ պետական խորհրդանշաններ