շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախագիծը

aurora_logo.thumb

Հայաստանում և աշխարհում շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումը:

Թեկնածուներ կարող են առաջադրել բոլորը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:

«Առաջադրումների փուլն ամենակարևորն է, քանի որ «Ավրորա»-ն ամեն տարի «ծնվում» է ամբողջ աշխարհից ստացվող հայտերի շնորհիվ: Մեզ համար շատ կարևոր էր, որ նախորդ տարի Հայաստանի քաղաքացիները նշանակալի դեր ունեցան առաջադրումների հարցում և շատ կարևոր է, որ այս տարի ևս ակտիվ լինեն»,- ասել է 100 ԿՅԱՆՔ և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը:

Միջազգային մրցանակի թեկնածուներին առաջադրում են աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը  շնորհվում է մեր օրերի այն հերոսներին, ովքեր վտանգում են իրենց ՝ հանուն  ուրիշներին օգնելու։  Հավակնորդներին ընտրելիս գնահատվում է երեք հատկանիշ՝  նրանց ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունն իրենց առաքելությանը և կատարած արարքների ազդեցությունը:

2016 թվականին առաջին «Ավրորա» մրցանակը շնորհվեց Բուրունդիի «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների և ներկայումս նույնպես շարունակում է  իր մարդասիրական գործունեությունը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed