«Միջին Արևելքի արվեստ» թանգարանի հիմնական ցուցադրությունը

12744221_968960326511478_2818311368314570845_n

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 9-ին կայացավ «Միջին Արևելքի արվեստ» թանգարանի հիմնական ցուցադրությունը, որին ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայաստանյան թանգարանների տնօրեններ, հյուրեր, լրագրողներ:

Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու

Թանգարանում Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների՝ արտակարգ հարուստ հավաքածուն է, որը ամերիկահայ նկարիչ, գորգագետ և հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը 1993 թվականին նվիրաբերել է Հայաստանին:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը առաջինը խոսք ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը.«Այս ցուցահանդեսը մեր փոքրիկ ներդրումն է հայ-իրանական դարավոր բարեկամության, մշակութային կապերի սերտացման, հայաստանցիների մշակութային ժամանցը կազմակերպելու գործում: Հարկ է նաև լայն հանրությանը ներկայացնել հավաքածուի լուսահոգի տիրոջը, հուժկու տաղանդի տեր արվեստագետին»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց մեծարգո նախարարին, որի «աջակցությամբ և օժանդակությամբ պահպանվում և օր-օրի զարգանում են վաղեմի հարաբերությունները և պատմամշակութային ընդհանրությունները»: Վերջում դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին «Աստծուց բոլորի համար բարօրություն հայցեց»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Միջին Արևելքի արվեստ» նոր հիմնական ցուցադրությունը «երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վառ ապացույց» անվանեց:
Արմատներով կարսեցի Մարկոս Գրիգորյանը /1925-2007 թթ./ ծնվել է Ռուսաստանում, ապրել՝ Իրանում, կրթվել՝ Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: Սաբրինան արվեստագետի դուստրն է, վաղամեռիկ դերասանուհի:
Հավաքածուի՝ առաջին հայացքից անընդգրկելի ժամանակագրությունը, աշխարհագրությունն ու մշակութային բազմազանությունը թանգարանագետները բացատրում են սփյուռքահայի ճակատագրով: Ցուցահանդեսում կողք-կողքի ներկայացվում են 2500 բնօրինակ ցուցանմուշ, որոնք իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակույթի արժեքներ են: Նյութերը թվագրվում են Ք.ա. չորրորդ հազարամյակից մինչև ժամանակակից արվեստ.«Էլամի խեցեղեն» /Ք.ա. 1500-500 թթ./, «Լուրիստանի բրոնզ» /Ք.ա. 2000 թթ./, «Վանի թագավորության բրոնզ» /Ք.ա. 900-600 թթ./, «Վաղ բրոնզի դարի խեցեղեն» /Ք.ա. 3000 թ./, «Հայ գորգարվեստ», «Իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն», «Ղաջարական կերպարվեստ», «Զարդարվեստ, տարազ», «Ռուսական և եվրոպական արդյունաբերական մշակույթ»:
Հավաքածուի կարևոր մաս են Մարկոս Գրիգորյանի հեղինակային 40 ստեղծագործություն՝ հողանկար, գեղանկար, գորգ: Հողարվեստի տպավորիչ նմուշներ էին «Համբարձում», «Խավարում» կտավները: Դիտարժան էին «Հնձած արտ» պատկերը, «էրեբունի 3», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» գորգերը, հայկական հողագործական գործիքները՝ «Հողկիր» և «Գոյության սայլակ» անուններով:

Ֆիլմ՝ Հոսանքազուրկ, շրջափակված Հայաստանում

Քրիստոսից առաջ 6-րդ դարի իրանական աղբյուրներում արդեն հիշատակվում է «Արմենիստան» անունը, հետագայում հիշատակություն կա նաև Խորենացու մասին:
Իսկ 25 տարի առաջ ի՞նչ գիտեինք մենք հայ-իրանական հարաբերությունների մասին: Այս մասին լավագույնս տեղեկացանք ցուցահանդեսից հետո հյուրերի համար ներկայացված Ռոբերտ Մաթևոսյանի` 1993 թվականին նկարահանած «Դարերի խորքից» անունը կրող վավերագրական ֆիլմից:
«Ֆիլմը նկարահանվել է 23 տարի առաջ: Հոսանքազուրկ, շրջափակված Երևան քաղաքում երկու տեղ լույս կար՝ Երևանի մետրոպոլիտեն և Հայֆիլհարմոնիայի դահլիճ, որտեղ համերգ էր տալիս իրանահայ դիրիժոր Ճգնավորյանը: Համերգին ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ առաջին դեսպանը, երկիր, որն առաջիններից ճանաչեց մեր երկրի անկախությունը: Այդ ժամանակ էլ ծագեց ֆիլմ ստեղծելու գաղափարը»,- ասաց պարոն Մաթոսյանը:
Ռոբերտ Մաթոսյանը խոստովանեց, որ ֆիլմը սկսելիս հայ-իրանական կապերի մասին շատ քիչ բան գիտեր՝ Կապույտ մզկիթ ու վերջ: Այս «առաջին աստիճանի զարմանքը» զգացվեց պարսկերեն՝ ջերմ, արդեն «նոստալժիկ կադրերով» ֆիլմը դիտելիս: Զարմանք, որ Մատենադարանում պահպանվում է հարյուրավոր պարսկերեն մատյաններ, մի քանի տասնյակ մանրանկարչական նմուշ և այլն:
Դատելով անգլերեն շշուկով խոսքից՝ վավերագրական ֆիլմը մտքեր փոխանակելու առիթ դարձավ նախարար Հասմիկ Պողոսյանի և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի համար:

12717270_968960333178144_3003157272488700894_n 12717522_968960409844803_3030574266845928353_n 12743790_968960309844813_5677435538168459316_n

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed