Հայոց խաչքար. ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարություն

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն

Ցուցահանդես

‹‹Հայոց խաչքար››

Համաշխարհային մշակութային ժառանգություն՝ Հայոց խաչքար

Կունիտո Նագաոկա – Ճապոնիա

Նորատուսի և Նորավանքի խաչքարերի ձեռագործ դրոշմատիպեր՝ Տակու-Հոն եղանակով

Հուլիսի 3-ին` ժամը 14:00, Կենտրոնը հանրությանը կներկայացնի Կունիտո Նագաոկայի (Ճապոնիա) ‹‹Հայոց խաչքար››  խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 24-ը:

«Հայոց խաչքար» – այսպես է կոչվում հնգամյա մի նախագիծ, որով ճապոնացի պրոֆեսոր և արվեստագետ Կունիտո Նագաոկան ներկայացնում է իր ծրագիրը: 2012 թ. –ից ի վեր, ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ,  նա՝  Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի  ուսանողների ու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանային բաժնի հետ համատեղ սկսեց պատճենել իր կողմից ընտրած որոշ խաչքարեր` Տակու–Հոն դրաշմատպման եղանակով:

Նագաոկան կիրառում է ավանդական չինական Տակու-Հոն տեխնիկան` ձեռագործ դրոշմատիպեր ստեղծելու համար: Այսօր  այդ տեխնիկային հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրաշմատպման համար անհրաժեշտ է բարակ, բայց  ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Հայաստանում արվեստագետը օգտագործում է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպը համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:

Այս ցուցահանդեսում ներկայացվում է պրոֆեսոր Նագաոկայի ձեռագործ դրոշմատիպերի ընտրանին:

«Ես հիանում եմ հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով: Ես ուզում եմ կենդանացնել և փաստագրել հին խաչքարերի առաքելությունը. իբրև քարե դրոշմատիպեր վերադարձնել նրանց ժամանակակից աշխարհին` իրենց ձևերի ամբողջ հարստությամբ և փորագրությունների  ողջ նրբությամբ: Երևանի ցուցահանդեսի հետ կապված իմ մտադրությունը դա է»,-այսպես է ներկայացնում ճապոնացի արվեստագետը:

Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնը ստեղծվել է 2011 թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:

Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Կենտրոնի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր:

 

Հասցե`  Հայաստան, Երևան 0001, Աբովյան 64

Հեռ.`   + 374 10 56 93 80

Էլ. փոստ՝  info.folkartcenter@gmail.com

Կայք՝   www.cpc.am

cpc.arm / Centre of Popular Creation

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed