Չունենք մշակույթի հանդեպ ճիշտ ձևավորված վերաբերմունք. Մ. Գաբրիելյան

Mkhitar Gabrielyan1

Ազգային մշակույթի վրա Հայաստանի՝ միջազգային կառույցներին անդամագրվելու ազդեցությունը և դրա հետևանքները դիտարկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել «ազգային մշակույթ» երևույթը, որովհետև շատ դեպքերում այն գործածվում է տարբեր ձևաչափերում, բայց երբեք փորձ չի արվում տալ պատասխանել, թե, ի վերջո, ինչ նկատի ունենք մենք «ազգային մշակույթ» ասելով, այս մասին «Մենք» մշակութային մամուլի ակումբի դեկտեմբերի 3-ին հայտարարեց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

Բանախոսն այն կարծիքին է, որ մշակութային դիմագիծը կորցնելու հետ կապված միշտ էլ վախեր լինելու են, բայց վերջինիս համոզմամբ այստեղ արտաքին ազդեցությունների դերակատարությունն անհամեմատ ավելի քիչ է ներքին խնդիրների, ներքին ընկալումների հետ համեմատած, որն այսօր առկա է Հայաստանում: «Ի վերջո, ուզենք, թե չուզենք, մեր կամքից անկախ և՛ մշակույթը, և՛ ազգը դինամիկ հասկացություններ են, նրանք անընդհատ գտնվում են զարգացման մեջ՝ փոփոխվելով անընդհատ, ինչը տեղի է ունենում մեր կամքից անկախ»,-նշեց նա:

Ազգագրագետն արձանագրեց, որ համաշխարհային մշակույթի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր փակ համակարգերը, ըստ էության, դատապարտված են կա՛մ լճացման, կա՛մ աստիճանական ինքնավերացման, իսկ եթե խոսելու լինենք ժամանակի մարտահրավերների և դրանց դիմակայելու մասին, ապա պետք է մեր իրականության բոլոր հարթություններում ունենանք հստակ նպատակներ, այսինքն պետք է հստակ հասկանալ, թե ինչ ենք ուզում, ինչպես և հանուն ինչի ենք պահպանում և վերարտադրում: Պետք է մշտապես նկատի ունենալ նաև այն, որ  մեր պահպանելու և վերարտադրելու մեխանիզմները պետք է լինեն հստակ և որոշակի:

IMG_183511

Բանախոսն այն կարծիքին է, որ այսօր մենք դա չունենք: «Վերջին երկու տասնամյակում մշակույթի (լայն իմաստով) հանդեպ մեր վերաբերմունքն ավելի շատ մերժողական և սպառողական է: Մենք անընդհատ խոսում ենք աշխարհի ամենահին մշակութային ազգերից մեկը լինելու մասին, բայց այն վարքը, այն գործողությունները և քաղաքականությունը, որ վարվում է և այն վերաբերմունքը, որ ձևավորվում է մշակույթի հանդեպ, շատ դեպքերում հակամշակութային է, ինչի վառ օրինակն է մեր ճարտարապետությունը, եկեղեցաշինությունը: Ինչ ունենք մենք այստեղ: Զբոսաշրջիկներին ցույց տալու և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար ունեցածից բացի ունենք խայտառակ վերաբերմունք մեր մշակույթի նկատմամբ,- ասաց նա և շարունակեց,- երբ 21-րդ դարում ուղղակի ավերվում է հուշարձանը, այստեղ արտաքին մարտահրավերը որևէ կապ չունի, սա ավելի շատ վերաբերում է հասարակության ներսում առաջացող հիվանդություններին և այդ բանաձևերի և բանաձևումների բացակայությանը»:

Միքայել Գաբրիելյանն այն կարծիքին է, որ առաջին հերթին քո ներսում, քո հասարակական-քաղաքական ինստիտուտներում պետք է ունենաս հստակ վերաբերմունք, որի հիման վրա էլ հանրայինացնես քո մշակույթը նախ քո հասարակության ներսում, հետո նոր արդեն մտածես լայն առումով ինտեգրելու և այդ մշակութային ժառանգությունը ժամանակակից աշխարհում ընդունված լեզվով և տերմինաբանությամբ հանրայինացնելու մասին:

«Պետք է հստակ տարբերակել, թե ինչ նկատի ունենք արտաքին մարտահրավեր ասելով, ի վերջո, որևէ կառույց լինի թե՛ եվրոպական, թե՛ եվրասիկական, թե՛ այլ, մեզ չի ասում, թե ես եկել եմ Ձեր մշակութային նկարագիրը փոխելու կամ ոչնչացնելու»,- պնդում է բանախոսը: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն նման բանաձևերով չի ապրում և նման բանաձևերով չի գործում: Բանախոսի համոզմամբ մենք այստեղ առաջին հերթին ներքին մարտահրավերներ պետք է դիտարկենք և կարողանանք դրանց դիմագրավել՝ խնդիրը ձևակերպելով ինտեգրվելու ճանապարհով մշակույթը հանրայինացնելու և այդ ճանապարհով միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյքո մենք ունենք մշակութային քաղաքականություն, բանախոսը պատասխանեց. «Դե յուրե ունենք, բայց դե ֆակտո լավ ձևակերպված և լավ բանաձևված մշակութային քաղաքականություն չկա՝ կամ չունենք, կամ շատ թույլ է: Այն մշակութային քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չի լուծում խնդիրները: Չի լուծում, քանի որ ունի իներցիոն մոտեցում: Շատերին թվում է, որ այն հարուստ մշակութային ժառանգությունը, որ ստեղծվել է հարյուրամյակների և հազարամյակների ընթացքում, անսպառ, չմաշվող մի բան է», -ասաց նա՝ հավելելով, որ մշակույթի լայն ընկալման դեպքում ակնհայտ է դառնում, որ ինքը և՛ մաշվում է, և՛ սպառվում: Հեռուստատեսությունը, որը ժամանակակից աշխարհում ըստ էության մշակութային քաղաքականության և մշակութային հանրայինացման թիվ մեկ տարածողը պետք է լինի, ըստ էության շատ քիչ բան է անում հայաստանցի հեռուստադիտողի համար: Բանախոսի կարծիքով մշակութային քաղաքականությունը պետք է ունենա նաև մշակութային լանդշաֆի առաջացման հնարավորություն: Այսօր մենք աշխահին ցույց տալու համար ունենք «էրեբունի» թանգարանի տարածը, որից բացի ուրիշ ոչինչ չունենք 2795 ամյա քաղաքից: Մեր մշակութային ժառանգությանը ծանոթ մասնագետների համար անհասկանալի է մնում մայրաքաղաքի մշակութային լանդշաֆտի նկարագրի աղճատումը, որը մեծ արագությամբ ընթանում է և շարունակում է ընթանալ:

Մխիթար Գաբրիելյանին մտահոգում է մեր հասարակության վերաբերմունքը մշակույթի հանդեպ. մենք սպառում ենք առանց դրա կրողը լինելու: Ըստ նրա՝ առաջացել է մի խզում, որի հետևանքով կապը ամբողջական մշակութային նկարագրի և դրա կրողի միջև չափազանց թուլացել է, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես գոյություն չունի:

IMG_18311

«Մենք» առցանց մշակութային լրատվականի թղթակցի այն հարցին, թե ինչի հետևանք է այդ սպառողական վերաբերմունքը, ազգրագետը պատասխանեց. «Սպառողական վերաբերմունքը արդյունք է այն բանի, որ այսօր ՀՀ-ում մենք ունենք հիվանդ հասարակություն, որի հիվանդությունների մի մասը սկսել էր դեռևս խորհրդային շրջանում և շարունակել է խորանալ անկախության տարիներին, երբ տեղի ունեցավ ռացիոնալ արժեքների փոխարինում իռացիոնալ արժեքներով, երբ տեղի ունեցավ պետականության կարևագույն գաղափարի արժեզրկում, երբ տեղի ունեցավ պետություն-իշխանություն գաղափարի նույնականացում և պետության հանդեպ բացասական վերաբերմունքի պրոեկցիա առ պետականություն, երբ միգրացիայի արդյունքում կործրել և շարունակում ենք կորցնել հասարակության կրեատիվ հատվածի, որն ունակ էր և կարող էր փոփոխություններ կատարել, երբ պետականության ինստիտուտների հանդեպ մեր վերաբերմունքը պահպանեցինք սիրողական մակարդակներում»:

Բանախոսը հիշեցրեց մի կարևոր իրողություն, որ բուժվելու և խնդիրները լուծելու համար առաջին հերթին բժշկության մեջ ընդունված է, որ պետք է արվի ճիշտ ախտորոշում: «Պետք է հասկանալ, թե ինչպիսի վիճակում է մեր հասարակությունը, որոնք են այն վտանգերը, որոնք մաշում են հասարակական օրգանիզմը և ովքեր են, որ կարող են բուժել այդ օրգանիզմները և որոնք են այն միջոցները, որոնցով պետք է բուժել այդ օրգանիզմը: Քանի դեռ հստակ դիագնոստիկա չկա, բոլոր բուժումները արդյունք չեն տալու: Մենք ստիպված ենք լինելու վերացնել հետևանքները, այլ ոչ թե ազդել պատճառների վրա»,-վստահեցրեց նա:

Գլոբալիզացիան միշտ էլ եղել է համաշխարհային մշակույթի ուղեկիցը և դրանից խոսափելն անհնար է: Հայաստանյան և հայկական մշակույթի հանրայինացումը տեղի է ունեցել նույն գլոբալիզացիայի պայմաններում: Այստեղ խնդիրը ոչ թե հրաժարվելն է, այլ մրցունակությունը պահպանելով ինտեգրվելն է: Սա ներքին խնդիր է: Մխիթար Գաբրիելյանի կարծիքով մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա իրապես մշակութակիր հասարակության անդամ, որին հասնելու համար մենք հստակ պետք է տեսնենք, թե ինչ արժեքներ են ընկած մեր տարվող քաղաքականության հիմքում, թե ինչ արժեքներ են դասավանդվում մեր կրթական համակարգում, ինչպես պետք է 3-30 տարեկանը դառնա իրապես մշակութակիր: Երբ մենք դառնանք այդպիսին, մենք վախենալու ոչինչ չենք ունենա, այլ կապահովենք լիարժեք ինտեգրացիա: «Այս վիճակում, իհարկե, կան վտանգներ, մենք պետք է նախ և առաջ մտածենք պատճառների մասին»,-հավելեց նա:

Շարունակելով միտքը՝ բանախոսն այն կարծիքը հայտնեց, որ պետք է լինի համապատասխան միջավայր, որպեսզի x նկարչի համար y կոլեկցիոները գա Հայաստան և արտահանի այդ աշխատանքը: Պետք է միշտ լինեն այլընտրանքներ:

«Այսօր պետք է տրանսֆորմացվել: Այնտեղ, որտեղ հասարակությունը ավելի զարգացած է, գլոբալիզացիայի պայմաններում կապը ոչ թե իռացիոնալ է, այլ ռացիոնալ, այնտեղ ոչ թե ասում են, որ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան, այլ ասում են, որ մենք ունեցել ենք այդ Հայաստանը, որը մեզ հնարավորություն է տվել զարգացնել մեր մշակույթը, որի տերը ես եմ,  ոչ թե տերը սոսկ բանաձևի, այլ արդյունքի տերը՝ իմ վերաբերմունքով»-ամփոփեց նա:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի
լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

0 thoughts on “Չունենք մշակույթի հանդեպ ճիշտ ձևավորված վերաբերմունք. Մ. Գաբրիելյան”

Leave a Reply

Your email address will not be published.