62 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին եթերի հեռարձակումը

Այսօր «Կապույտ էկրան» հրաշքի տարեդարձն է. հայկական հեռուտատեսության հիմնադրման և առաջին եթերի տոնական օրն է: Հայաստանի հեռուստատեսությունը հիմնվել է 1955 թ. սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ Առաջին եթերը կայացավ 1956 թվականի նոյեմբերի 29-ին: Կանոնավոր հաղորդումները հերարձակվում էին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին 2 ժամով։ 1957 թվականի նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձել է քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց (1987 թվականին հանրապետության յուրաքանչյուր 100 ընտանիքից 93-ը հեռուստացույց ուներ)։ 1970 թվականին շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետական հեռուստակենտրոն)։

Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։ 1972 թվականին գործարկվել է Երևան-Դոնի Ռոստովռադիոռելեային գիծը, որով կենտրոնական հեռուստատեսությունը (ԿՀ) ընդունում էր հեռուստաընկերության հաղորդումները։ 1973 թվականից գործում է հեռուստաընկերության 2-րդ ծրագիրը։ 1977 թվականից ընդունվում էին ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ տրվել է 1971 թվականի մայիսի 1-ին։

1981 թվականից հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում էին միայն գունավոր պատկերմամբ։ 1987 թվականի դրությամբ հանրապետության ռադիոռելեային գծերի երկարությունը կազմել է 1330 կմ։ 1987 թվականին գործել են ԿՀ առաջին և երկրորդ, հեռուստաընկերության երկու ծրագրերը՝ 43,9 ժ ընդհանուր տևողությամբ, որից հեռուստաընկերության հաղորդումները՝ 14 ժ։ Հեռուստաընկերության առաջին ծրագրով տրվում էին ինֆորմացիոն հասարակական-քաղաքացիական, ուսուցողական, գեղարվեստական և մարզական հաղորդումներ։ Երկրորդ ծրագիրը նախատեսված էր Երևանի և դրա շրջակայքի համար։

ՀՀ արտադրական-ստեղծագործական աշխատանքները կոորդինացնում էր ծրագրերի գլխավոր դիրեկցիան, որը միավորում էր հաղորդավարների, թողարկիչների, նկարիչների, հնչյունային ռեժիսորների, հեռուստատեսային օպերատորների, կինոցուցադրումների բաժնի և ֆիլմադարանի աշխատանքը։ ՀՀ ծրագրերի նյութերը պատրասվել են պրոպագանդայի, ինֆորմացիայի, կոմունիստական «դաստիարակության», երիտասարդական, մանկապատանեկան, ուսուցողական և գիտահանրամատչելի, գրականության և արվեստի, դրամատիկական, երաժշտական, նամակների և սոցիոլոգիական ուսումնասիրությունների, ռուսերեն և խորհրդային այլ երկրների լեզուներով տրվող, Փոխանակային և ԿՀ ու համամիութենական ռադիոյի համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունները։ Պրոպագանդայի գլխավոր խմբագրության «Հրատապ էկրան», «Հեռուստատեսային պրեսկոնֆերանս», «Արձագանք», «Հնգամյակի սոցիալ-տնտեսական պրոբլեմները», «Պարենային ծրագիրը գործողության մեջ»,«Պատմվածքներ կոմունիստների մասին» հաղորդումներն ու հանդեսները մեծապես օժանդակում էին կուսակցական կազմակերպությունների պրոպագանդային։ Ինֆորմացիայի գլխավոր խմբագրության «Իրադարձություններ, երկրներ, պրոբլեմներ», «Կապիտալիզմն առանց դիմակի» հաղորդաշարերում մեկնաբանվում են միջազգային կյանքի, պատերազմի ու խաղաղության հարցեր, ըստ ամենայնի լուսաբանվում ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը, խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից քննադատվում արևմտյան երկրների (ԱՄՆ, եվրոպական երկրներ) քաղաքականությունը։

Խորհրդային պետության ներքին և արտաքին քաղաքականության, խորհրդային ապրելակերպի պրոպագանդմանն էին ծառայում «Երաշխավորված է սահմանադրությամբ», «Սովետական ապրելակերպ», «Արվեստագետն ու ժամանակը», «Խոսք երիտասարդությանը», «Կարգապահությունն ու մենք», «Որակի գումարելիները», «Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ն է», «Ձայն խաղաղության», «Մոլորակին մաքուր երկինք» և այլ հաղորդաշարեր։ Աճող սերնդի կոմունիստական ոգով դաստիարակության նպատակին էին ուղղված «Խարույկ», «Արիության դասեր», «Անխախտ բարեկամություն», «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «16-18» մանկական հանդեսները, «Մենք և երեխաները» հաղորդաշարը։

Նախադպրոցական տարիքի երեխաների համար գործել են հայոց և ռուսաց լեզուների ուսուցման հաղորդաշարերը։ Առանձին հաղորդումներ էին նվիրվում սովետական ժողովուրդների գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը։ Գեղարվեստական հաղորդումներից լայն ճանաչում ունեն «Դրական կամուրջներ», «Մեր լեզուն, մեր խոսքը» (ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985), «Բյուրակն», «Նորք», «Հայ երգի ակումբ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական Փոստարկղ» հանդեսները։

Ստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներ միութենական փառատոների մրցանակակիրներ էին, իսկ «Ձորի Միրո», «Արամ Խաչատրյան», «Անուշ» և «Քառյակ» ժապավեններն արժանացել էին հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոների գլխավոր մրցանակներին։

ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետկոմի կողմը 1957 թվականին հրատարակում է «Եթերում է Երևանը» (հայերեն և ռուսերեն) հեռուստատեսային հաղորդումների ծրագիր-տեղեկատուն։

Հեռուստատեսային այսօրա խնդիրների ու առավելությունների մասին զրույցը՝ «Մենք» մշակութային, գիտական ակումբում (2016թ.): Տեսանյութը՝ Slaq.am-ի:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed