Ֆրունզիկը մերժեց Ռեզո Չխեիձեին. Ռոբերտ Մաթոսյան.168 ժամ

Հուլիսի 4-ին հայ կինոյի և թատրոնի մեծագույն վարպետներից մեկի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն էր. վարպետը կդառնար 86 տարեկան:

Ֆրունզիկը շատ մոտ ընկեր կամ բարեկամ, որպես այդպիսին, չի ունեցել, սակայն ունեցել է շատ մտերիմներ ու բոլորի հետ շփվել է մեծ սիրով ու հարգանքով: Այս մասին ասաց նրա մտերիմներից մեկը՝ «+Կինո» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, ով բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել դերասանի հետ, սակայն պնդում է, որ դժվարանում է խոսել վարպետի մասին. «Իհարկե, ես շատ եմ նրա հետ շփվել, շատ ենք մասնակցել տարբեր փառատոների, միջոցառումների, բայց ներկայացնել այդ բարդ անհատականությանը՝ դժվար է, շատ դժվար»:

Ռ. Մաթոսյանը Ֆրունզիկի հետ ծանոթացել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծագործական խմբի դիտման ժամանակ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման արժանանալուց հետո Ֆրունզիկն ինքն էր կանչել կինոլրագրող Ռ. Մաթոսյանին, և վերջինս 10-15 օր շարունակ ձայնագրել էր դերասանին և հետագայում այդ ձայնագրությունները նվիրել ռադիոյին:

Ռ. Մաթոսյանը հիշում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալուց հետո շնորհավորում էին բոլորը. մեքենա էր նստում, վարորդը համբուրում էր, մեկ ուրիշը կատակում էր, թե՝ դու նո՞ր ես կոչում ստանում:

«Մի անգամ Լենինգրադում միասին փառատոնի էինք, և Ֆրունզին լրագրողներն էին սպասում հարցեր տալու համար: Նա նախընտրեց ետնամուտքով դուրս գալ, որ ոչ ոք իրեն չտեսնի, ու մեծ ակնոց դրեց աչքերին: Փողոցում հերիք էր ակնոցը հաներ, պետք է տեսնեիք, թե ինչ ամբոխ հավաքվեց նրա շուրջը. բոլորն ինքնագրեր էին ուզում: Ես նման բան չէի տեսել, հուզվել էի շատ»,- պատմում է Ռ. Մաթոսյանը:

Բոլորը Ֆրունզիկ Մկրտչյանին ճանաչում և իր մասին խոսում են՝ որպես դերասան, սակայն քչերը գիտեն, որ Ֆրունզիկը նաև մեծ ռեժիսոր էր: Երբ արդեն կոչումը ստացել էր, Ֆրունզիկ Մկրտչյանը զուգահեռ՝ նաև մտածում էր Մաքսիմ Գորկու «Հատակում»-ը նկարահանելու մասին: Տարբեր տեղերից զանգում էին, շնորհավորում ու դերեր առաջարկում, սակայն նա անգամ մերժեց Ռեզո Չխեիձեի՝ իր այնքան սիրելի «Դոն Կիխոտ»-ում խաղալու խնդրանքը՝ հանուն իր ֆիլմի նկարահանման: Նրա համար կարևոր չէին մոնտաժի ճիշտն ու սխալը, լույսն ու ստվերը. կարևորը կերպարների ներաշխարհի բացահայտումն էր: Ռ. Մաթոսյանը Ֆրունզիկի նկարահանած «Հատակում» ֆիլմը համարում է հայկական կինոյի լավագույն ստեղծագործություններից մեկը:

frunzik (1)

«Ֆրունզիկն այն անհատականությունն է, որ յուրաքանչյուր ֆիլմ, երբ նկարահանվում էր, իր դերը կարող էր 30 տարբեր ձևերով առաջարկել,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը, ապա անդրադառնալով նրա անձնական կյանքին՝ նշում է,- Ինձ դուր չի գալիս, որ Ֆրունզիկի մասին պատմելիս՝ միշտ դժբախտությունն են առաջինը հիշում: Ընտանեկան դրամա, իհարկե, ունեցել է, սակայն սա չէ, որ պետք է առաջնային խոսակցության թեմա դառնա: Չարախոսություններ ու բամբասանքներ այն ժամանակ էլ են լավ տարածվել: Մի անգամ, հիշում եմ, տարածվել էր, թե Ֆրունզիկը Դիլիջանում խմած վթարի է ենթարկվել, այն դեպքում, երբ ոչինչ չէր եղել»:

Ռ. Մաթոսյանն այն կարծիքին է, որ այսօր արժեհամակարգը խախտվել է, և այս փոփոխությունն առայժմ չի ծնել նոր հանճարներ: Նա կարծում է, որ այսօրվա ուսանողները պիտի անպայման Ֆրունզիկի բոլոր ֆիլմերը դիտեն. սա նրանց համար մեծ դպրոց կլինի:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed