«Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվել են 50-ից ավելի տեղծագործություններ

Քանդակագործները ներկայացրել են 50-ից ավելի ստեղծագործություններ «Քաղաքային քանդակ» թեմատիկ ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մոտ 26 քանդակագործներ ցուցահանդեսին ներկայացրել են կամերային չափսերի քանդակներ ու դրանց տեղադրման առաջարկներով ֆոտոմոնտաժված լուսանկարներ:

«Կարևորը երազանք ունենալն է և քայլեր կատարել դրա իրականացման համար: Եթե քայլ չես կատարել դեպի քո երազանքի իրականացումը, ինչպես պետք է իմանաս՝ կկարողանա՞ր այն իրականացվել, թե՝ ոչ: Իսկ այս ցուցահանդեսով հույս է առաջանում, որ հնարավոր կլինի հասնել թե՛ իմ երազանքին, թե՛ իմ գործընկեր այլ քանակագործների՝ ի նպաստ քաղաքի», – նշել է ցուցահանդեսի կազմակերպիչ, քանդակագործ Նունե Թումանյանը, ով ներկայացրել է «Երազանքի ծառը» քանդակը:

Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը ցուցահանեսին ներկայացրել է «Թատրոն» քանդակը՝ Դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրելու ցանկությամբ: «Ինչպես ասում են, որ թատրոնը սկսվում է կախիչից, այնպես էլ իմ քանդակի հիմքում կախիչն է, որից կախված են հագուստն ու դիմակները: Ընդհանուր առմամբ, նման ցուցահանդեսների երևույթը շատ կարևոր է միայն մեկ պայմանի դեպքում՝ երբ գովասանագրի փոխարեն ներկայացված աշխատանքներից ընտրվի քաղաքում կանգնեցվող աշխատանք», – նշել է Էդուարդ Շախիկյանը:

«Մենք ամեն ինչ անում ենք՝ սկսած գովազդից մինչև կանաչ խոտածածկեր, որպեսզի քաղաքը հարմար և հարազատ լինի բնակիչների համար: Եվ այստեղ քանդակը շատ մեծ դեր ունի: Սպասված եմ համարում այս երևույթը, քանի որ մեր քանդակագործների առաջարկներով մենք կզգանք այս աշխատանքների մասշտաբը, որպեսզի իրենք հետագայում իրենց տեղը կարողանան գտնել»,- ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Նա նկատեց, որ ներկայացված աշխատանքները հնարավորություն ունեն քաղաքում իրենց իրական չափսերով կանգնեցվել բարեգործների հովանավորությամբ, ինչպես նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվել են 50-ից ավելի տեղծագործություններ”

Leave a Reply

Your email address will not be published.