Փորթլենդում բացվելու է Դիանա Մարկոսյանի՝ «Բացահայտելով հորս» խորագրով ցուցահանդեսը

Ամերիկյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում 2015 թվականի հունվարին բացվելու է Դիանա Մարկոսյանի՝ «Բացահայտելով հորս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին գրում է «The Huffington Post»-ը:

Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան է եղել: Մայրն աղջկա հորը թողել է Մոսկվայում, որպեսզի նոր կյանք սկսի Կալիֆորնիայում: Այդ ժամանակից ի վեր Դիանան ու նրա եղբայրը քիչ բան են լսել իրենց հոր մասին: Առանց լուսանկարների փոխանակման և հրաժեշտի՝ նրանք մոռացել են անգամ, թե ինչ տեսք ուներ հայրը: «Երբ ես մեծանում էի, հայրս ինձ գաղտնիք էր թվում, որը թաքցնում են ինձանից: Մայրս ինչ-որ բան պատմում էր, ինչը նրան ճանաչելու, դիպչելու, նրան բացահայտելու ցանկություն էր առաջացնում ինձ մոտ»,- պատմել է լուսանկարչուհին:

15 տարի անց Մարկոսյանը որոշում է վերամիավորվել իր ուրվականային ծնողի հետ, ուղևորվում է հայրենիք՝ Հայաստան, որտեղ իր ընտանիքը ժամանակին ապրել է, որպեսզի վերականգնի հարաբերությունները մի մարդու հետ, ում հազիվ էր ճանաչում: Վերամիավորումը քաղցրա-դառն է եղել: «Ես այնքան երկար ժամանակ էի վճռականորեն ցանկանում վերագտնել հորս, որ հորինել էի նրան այն մարդուց, ով, ինչպես կարծում էի, գոյություն ուներ: Բայց իմ առջև կանգնած մարդն ինձ չճանաչեց: Ես նույնպես չճանաչեցի նրան»,- նշել է Մարկոսյանը:

Որպեսզի հաղթահարի երկար ժամանակ միայն իր երևակայության մեջ գոյություն ունեցած անձի հետ հանդիպման անհարմարության զգացողությունը, Մարկոսյանը սկսել է լուսանկարների շարք ստեղծել՝ այն դիպուկ անվանելով «Բացահայտելով հորս»: Դրանում նա ուսումնասիրում է իր անցյալը, ներկան ու ապագան և ծանոթանում սեփական հոր հետ: Շարքը լուսանկարիչը ստեղծել է վերջին երկու տարիների ընթացքում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Փորթլենդում բացվելու է Դիանա Մարկոսյանի՝ «Բացահայտելով հորս» խորագրով ցուցահանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.