Տաթև Ամիրյանը ունկնդրին ներկայացրեց վերջին տարիներին գրած իր դաշնամուրային գործերը

Հուլիսի 21-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ հանդիպում ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի հետ, ով ունկնդրին ներկայացրեց վերջին տարիներին գրված իր դաշնամուրային գործերը:

Հեղինակի կատարմամբ հնչեցին նրա Waiting For The Dawn («Լուսաբացի սպասում»), Echoes From Childhood («Արձագանքներ մանկությունից») և Ortus ստեղծագործությունները:

Կոմպոզիտորը խոսեց յուրաքանչյուր գործի գաղափարի, ոճային առանձնահատկությունների և տվյալ գործում գործիքի նկատմամբ իր մոտեցման մասին:

Հանդիպումը հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց անմիջական կապ ստեղծել կոմպոզիտորի հետ, ծանոթանալ նրա ստեղծագործական առանձնահատկություններին և բազմակողմանիորեն ու խորքային ընկալել նրա ոճային բազմազանության մատուցման հնարավորությունները:

Տաթև Ամիրյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության ֆակուլտետները: Սովորել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում:

Տաթև Ամիրյանն այժմ երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու է:  Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ:

Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում և Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի և Տակահիրո Ակիբայի, Carme Diem լարային կվարտետի, Oktoplus անսամբլի և Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի կատարմամբ:

Տաթև Ամիրյանը գիտական զեկույցներով և կատարումներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային փառատոներում և կոնֆերանսներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսում, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումին, Հարթֆորդի Կին Կոմպոզիտորների Փառատոնին և Հավայան Կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսին:

Նա դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի և Կաննեկտիկուտի պետական համալսարաններում որպես հրավիրված արտիստ:

Ներկայումս Տաթև Ամիրյանը դասավանդում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ex’pression արվեստների քոլեջում և պատրաստվում է ստանալ երաժշտական արվեստների դոկտորի աստիճան:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Տաթև Ամիրյանը ունկնդրին ներկայացրեց վերջին տարիներին գրած իր դաշնամուրային գործերը”

Leave a Reply

Your email address will not be published.