Վիգեն Մնոյանը կներկայացնի «Մեր մեծերը» նախագիծը

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը գարնանը հանրությանը կներկայացնի «Մեր մեծերը» նախագիծը, որի մտահղացումն առաջացել էր դեռևս 18 տարի առաջ: «Մեր մեծեր»-ի շարքում են ավագ սերնդի այն 40 ներկայացուցիչներն, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն հայկական արվեստում: Լուսանկարներին կից հայերեն և անգլերեն հակիրճ կներկայացվի նաև վերջիններիս կենսագրությունը:

«Առաջին լուսանկարն արել եմ 2000 թվականին, Օհան Դուրյանն էր, վերջին հերոսիս օրերս եմ նկարել՝ Ռաֆայել Քոթանջյանն է: Բայց այն ժամանակ չէի մտածում, որ սա նախագիծ է դառնալու: Դրանից որոշ ժամանակ անց իմ ընկեր Կարեն Շահգալդյանի հետ որոշեցինք իր կազմակերպած փառատոնի շրջանակում նաև իմ «Մշակույթի գենոֆոնդ» ցուցահանդեսը կազմակերպել: Դրանից տարիներ անց էլ դիմեցի ՀՀ Մշակույթի նախարարությանը, որը պատրաստակամություն հայտնեց որոշ չափով աջակցել լուսանկարչական գրքի տպագրական աշխատանքներին: Այս ամբողջ ընթացքում ես շարունակել եմ լուսանկարել, ու հիմա 40 հերոսով ֆոտոգիրք է տպագրվելու», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Վիգեն Մնոյանը:

«Մեր մեծեր»-ի շարքում են քանդակագործներ Շիրազն ու Չուբարը, կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը, Լևոն Մալխասյանը, դերասաններ Վլադիմիր Մսրյանը, Սոս Սարգսյանը, Կարեն Ջանիբեկյանը, գրողներ Ռազմիկ Դավոյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռուբեն Հովսեփյանը և այլք:

Արվեստագետների կողքին տեղ են գտել նաև լեգենդար այն սպորտսմենները, ովքեր ևս հեռու չեն մշակույթի բնագավառից՝ 89-ամյա մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն ու 76-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը: Ցավոք, ընտրված 40-ից ոմանք այսօր այլևս մեզ հետ չեն:

«Ցավոք սրտի՝ այս ընթացքում բացակայողներ էլ ունեցանք, իմ հերոսների մի մասը, որոնց հասցրեցի նկարել, արդեն մեր կողքին չեն… Գիտեք, երիտասարդներից ոմանք այս արվեստագետներից շատերին չեն ճանաչում. եթե դերասաններին գոնե ֆիլմերից գիտեն, ապա անվանի շատ կոմպոզիտորներ նրանց համար ստվերում են մնում», – ընդգծեց լուսանկարիչը:

Հարցին՝ Մեծերից ո՞ւմ հետ էր առավել դժվար աշխատելը, ո՞վ չէր «ենթարկվում» լուսանկարչի հրահանգներին, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Հավատացեք` որևէ բարդություն չեմ ունեցել նրանց հետ աշխատելու ժամանակ, նրանք այնքան մեծ ու վեհ են, որ իմ վերաբերմունքն իրենց հանդեպ բոլորովին այլ է:  Նրանցից շատերի հետ աշխատանքային պրոցեսից առաջ ու հետո զրուցում էինք, իրենց լսելն ու իրենցից սովորելը մեծ հաճույք է»:

Դիտարկմանն՝ արդյոք ժամանակակից հայ մշակույթը սահմանափակվում է միայն 40 Մեծերով, ի՞նչ չափանիշներով է ընտրել հենց այս արվեստագետներին, նկատեց.

«Ցանկն ինքս եմ կազմել՝ օգտվելով նաև ոլորտի գիտակների խորհուրդներից: Ըստ գրքի ֆորմատի՝ միայն 40 լուսանկար կարող ենք տեղադրել, բայց ես հույս ունեմ ու նախատեսում եմ, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի: Դեռևս մեկ-երկու գրքի հերոս կարող եմ ունենալ, որոնց դեռ պետք է նկարեմ: Մեր բախտը բերել է, որ ավագ սերնդի լուրջ արվեստագետներ շատ ունենք, որոնց իմ ֆոտոխցիկը կարողացել է ֆիքսել: Ցավոք, այդպիսի մեծությունները գնալով պակասում են, այսօր քանակը որակ չի ապահովում»:

Վիգեն Մնոյանի ձեռագրին համապատասխան՝ դասական սև ու սպիտակի մեջ «Մեր մեծերը» ֆոտոգիրքը լույս կտեսնի շուրջ 500 տպաքանակով՝ Մշակույթի նախարարության և անձամբ լուսանկարչի ֆինանսական միջոցներով:

Նա չթաքցրեց՝ հովանավորության հարցով դիմել է մի քանի անհատի, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Բայց եթե գտնվեն աջակիցներ, ովքեր կֆինանսավորեն նախագծի շարունակությանը, սիրով կհամաձայնվի: Ի վերջո, այս աշխատանքը հավերժացնում է հայ մեծերին ու նրանց կարող է առավել ճանաչելի դարձնել աշխարհի տարբեր անկյուններում:

Ֆոտոգրքի դիզայնը վստահվել է Չեխիայի լուսանկարիչների միության նախագահ Գարիկ Ավանեսյանին, ով այնտեղ նաև հատուկ լուսանկարչական ալբոմների հրատարակչություն ունի:

Հ.Գ. նյութում տեղ գտած լուսանկարները  ֆոտոալբոմում չեն ներառվելու:

 

Նյութը` ներկայացվեց առանց խմբագրման

Աղբյուրը` aysor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed