Ստորագրվեց հուշագիր` «Մշակութային կանգառ» ծրագրի վերաբերյալ

Նախադեպը չունեցող խոշորածավալ համագործակցության հուշագիրն այսօր ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը: Նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի պետական բոլոր երաժշտաթատերախմբերը հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

«Մեր ծրագրի, թույլ տվեք ասել՝ «մշակութային ինտերվենցիայի», հայտարարումից հետո միանգամից արձագանքեցին մեր բարեկամները, մասնավորապես, «Փյունիկ» հիմնադրամը: Սա, իսկապես, աննախադեպ միջոցառում է. 426 մշակութային այց, մոտ 200 կինոցուցադրում` հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոններով, ընդհանուր առմամբ, ավելի քան 600 մշակութային միջոցառում՝ չհաշված փառատոնային այցելությունները: Եվ այս ամենին իր սիրահոժար աջակցությունն է բերում «Փյունիկ» հիմնադրամը»,-հուշագրի ստորագրումից հետո ասաց նախարար Արմեն Ամիրյանը:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

«Մենք սիրով արձագանքեցինք, քանի որ մեր սրտին խոսող բան մըն է: Նախարարը մեզ ուրախ լուր տվեց 2017-ի համար»,-նշեց Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը:

Արձագանքելով լրագրողներին հետաքրքրող հարցերին, նախարար Ամիրյանն ասաց, որ ծրագիրը միաժամանակ մարզերում մեր ունեցած մշակութային հարթակները հաշվառելու, տեղերում մարդկային մշակութային ներուժը գնահատելու և հետագայում նախարարության օժանդակությունը ճիշտ կազմակերպելու հնարավորություն է:

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

«Իսկ արդյունքը գնահատելիս կառաջնորդվենք վաճառված տոմսերի քանակով: Խնդիրը շատ կամ թանկ տոմս վաճառելը չէ: Դրանց գինն ընդամենը 300 դրամ ենք սահմանել. մեր խնդիրն է նաև մարզերում, համայնքներում ստեղծել մշակութային միջոցառումների կազմակերպման ենթակառուցվածքներ: Հավատացե՛ք, որ նման ախտորոշումը նաև որակական փոփոխություն է բերելու, որովհետև մի բան է, երբ ձրի համերգին աշակերտներին պարտադրելով են բերում դահլիճ, մեկ այլ բան է, երբ գյուղում ապրող մարդը՝ տեսնելով պաստառը, սիրահոժար գնում է էժան տոմսն ու մասնակացում համերգին»:

Նախարար Ամիրյանի խոսքով՝ մշակույթի հետ շփվելն այսօր, կարծես, շքեղություն է դարձել մարզում ապրող մարդու համար՝ ի տարբերություն Երևանի, որտեղ մշակութային կյանքը շատ բարձր մակարդակի վրա է: «Մենք պարզապես մեր բաժնից պետք է հասցնենք մեր համերկրացիներին»,-ասաց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ «Մշակութային կանգառ» ծրագիրը լրջորեն փոխելու է պատկերն ու մշակութային միջավայրը:

 

Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Աղբյուրը` Հ ՄՆ մամուլի ծառայություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed