Ստեղծագործողների միությունում նշեցին Կարապետ Պետրոսյանի 85 ամյակը

Դեկտեմբերի 15-ին Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում նշեցին Ախալցխայի երգի ու պարի հարգված ուսուցչի 85 ամյակը: Կարապետ Պետրոսյանը ժամանակին Ախալցխայում ստեղծել էր մեծ երգի ու պարի խմբեր, ինչպես հայկական դպրոցում այնպես էլ քաղաքի երաժշտության դպրոցում, որոնք մշտապես օգնել են բարձր պահել քաղաքի մշակույթը:

Միջոցառման ընթացքում Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության ղեկավար Ալեքսանդր Իգիտխանյանը երեկոյի մասնակիցներին ներկայացրեց Կարապետ Պետրոսյանի կենսագրությունը, ինչից հետո Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի Լուսինե երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հեղինե Մանասյան) ներկայացավ մի շարք երգերով:
Երգչախմբի կատարումներից հետո նույն երիտասարդական կենտրոնի Գոհանամք խմբի անդամներից Դիանա Չոլախյանը մասնակիցներին ներկայացրեց էրզրումի շորոր պարը:

Միջոցառման ներկաներից մի քանիսը կիսվեցին իրենց հուշերով Կարապետ Պետրոսյանի հետ կապված հուշերից, պատմելով դրվագներ իրենց աշակերտական տարիներից:

2012թ. հունիսի 28-ին Կարապետ Պետրոսյանը Միխեիլ Սահակաշվիլու կողմից պարգեւատրվել էր Վրաստանի նախագահի «Պատվո մեդալ» շքանշանով: Նույն թվականի նոյեմբեր ամսին Կարապետ Պետրոսյանը Ախալցխա քաղաքում կնքեց իր մահկանացուն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ստեղծագործողների միությունում նշեցին Կարապետ Պետրոսյանի 85 ամյակը”

Leave a Reply

Your email address will not be published.