Սերվանտեսի անվան ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Ա. Տանտանյանը

«Հայերն այսօր»– 2017 թվականի սկզբին Արգենտինայի հայ համայնքը ուրախությամբ տեղեկացավ, որ Բուենոս Այրեսի Սերվանտեսի անվան ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել մեր հայրենակից Ալեխանդրո Տանտանյանը։ Երկրում մեծ համբավ վայելող Սերվանտեսի անվան թատրոնը ավելի շատ հայտնի է որպես Բուենոս Այրեսի Ազգային թատրոն` արդեն իսկ այն պատճառով, որ այն Արգենտինայի միակ ազգային թատերական հաստատությունն է, եւ այստեղ են հանդես եկել իսպանախոս աշխարհի հայտնի շատ ու շատ արվեստագետներ։

Այդ հայտնիներից մեկն է, անշուշտ, երգիչ, դերասան, ռեժիսոր, արվեստագետ, թատերական գործերի հեղինակ Ալեխանդրո Տանտանյանը։ Հիմնադիրն է «Հարավային Համայնապատկեր» նախագծի, որի շրջանակներում, ի թիվս այլ գործերի, կատարվում է արվեստագետների փորձի եւ աշխատանքների փոխանակում։ Միաժամանակ, նա միշտ իր գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձրել երգարվեստին` ոչ միայն անձնապես է հանդես եկել իր կատարումներով, այլեւ կազմել է առանձին ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականացվել են Բուենոս Այրեսում եւ այլ քաղաքներում (դրանցից մեկն, օրինակ, «Սիրո բոլոր երգերը» նախագիծն է):

Որպես ռեժիսոր տասնյակ գործեր է ներկայացրել հանդիսատեսի ուշադրությանը` Շեքսպիրից մինչեւ Բերտոլդ Բրեխտ եւ իսպանացի Ալբերտո Կոնսեխերո։ Իբրեւ սցենարիստ եւ ռեժիսոր՝ հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց բեմ բարձրացրած Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա»-ի Տանտանյանի տարբերակը։

Բազմաթիվ են օպերային գործերը, որոնք ներկայացրել է ոչ միայն Բուենոս Այրեսում, այլեւ երկրից դուրս` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ուրուգվայում, Ավստրիայում… Մինչդեռ կատարողական արվեստում հայտնի են նրա «Տարեվերջի համերգը»,  «Երգերը»,  համերգները Դիեգո Պենելասի հետ եւ տասնյակ երաժշտական ներկայացումներ, որոնք իրականցվել են ինչպես իր ծննդավայրում, նույնպես եւ` միջազգային փառատոների շրջանակում։

Արժե նշել, որ մասնակցել է ավելի քան 60 միջազգային տարբեր փառատոների` իր հետ տուն բերել բազմաթիվ մրցնականեր։ Նրա առանձին գործերը թարգմանվել են պորտուգալերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։

Փետրվարի 15-ին, ուղեկցությամբ Արգենտինայի մշակույթի նախարար Պաբլո Ավեյուտոյի, Ալեանդրո Տանտանյանը մասնակցեց մամլո ասուլիսի, որի ընթացքում ներկայացրերց 2017 թվականի ծրագրերը, ինչպես նաեւ` արվեստագետներին ու աշխատակիցներին, որոնց հետ նոր տնօրենը մտադիր է դրանք իրականություն դարձնել։

Ազգային կյանքի շրջանակներում Ա. Տանտանյանը պարբերաբար հրավիրվում է իր մասնակցությունը ցուցաբերելու տարբեր միջոցառումներին, եւ նա չի հրաժարվում ընթացք տալ այդ հրավերներին։ Այդպես, հաճելի էր նրա ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրագործված գլխավոր միջոցառումներին, որոնց կազմակերպիչը Բուենոս Այրեսի հայ համայնքն էր։

 

 

Հեղինակ` Արթուր  Ղուկասյան 

Աղբյուրը` hayernaysor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed