Սեպտեմբերի 14-16-ն առաջին անգամ տեղի կունենա «Շարական» փառատոնը

artsakhpress.am-ը գրում է՝

Տաթևի վանական համալիրում սեպտեմբերի 14-16-ն առաջին անգամ  տեղի կունենա «Շարական» փառատոնը:   Փառատոնը կազմկերպվել է  Music of Armenia-ի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:

Ըստ նրա, «Շարական» փառատոնի նպատակներն են վերաբացահայտել և պահպանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը, ծանոթացնել այդ ժառանգությունը նաև օտարազգիներին,  բացահայտել նոր տաղանդներ, խթանել ազգային, միջազգային և միջմշակութային համագործակցությունը, հայտնում է panorama.am-ը:

«Համոզված եմ, որ լսարանի մեծ մասը կլինեն օտարազգիներ, քանի որ Տաթևում շատ են զբոսաշրջիկները»,- ասաց նա:

Հ. Մովսիսյանի խոսքով, նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:

Փառատոնի բացմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան),  անցկացվելու է վարպետության դաս Ռոբերտ Մլքեյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 15-ին ելույթ է ունենալու  Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան): Սեպտեմբերի 16-ին հանդես է գալու  Տաթևի վանական երգչախումբը:

Ասուլիսին ներկա Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն ասաց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացնելու է միջնադարյան հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, ժամանակակից կոմպոզիտորների  հոգևոր ստեղծագործություններ:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյանն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է, թե որտեղ են ելույթ ունենում, իսկ Տաթևի վանական համալիրում ելույթ ունենալն առավել ոգևորող է: Նա նշեց, որ իրենք ներկայացնելու են Կոմիտաս:

Հ. Մովսիսյանի խոսքով, Մայր Աթոռը տեղյակ է փառատոնի մասին, ծանոթացել է նաև ծրագրին, պայման է եղել, որ ծրագրում պետք է հնչի միայն հայկական հոգևոր երաժշտություն:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է «Տաթևի վերածնունդ» հիﬓադրաﬕ աջակցությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed