Ռիշար Կլայդերմնը դարձյալ Երևանյան բեմում

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար /Ռիչարդ/ Կլայդերմանը կրկին համերգով հանդես կգա Երևանում: Մարտի 18-ին նախատեսված համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն  Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ է:

Toms.am-ից  տեղեկանում ենք, որ տոմսերի գինը սկսվում է  5 հազար դրամից, ամենաթանկ տոմսն արժե 40 հազար դրամ:

Աշխարհահռչակ երաժիշտն առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ  2015-ի մարտին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա երկու համերգ ունեցավ: Երկուսն էլ անցան լեփ լեցուն դահլիճում: Նախորդ համերգներն էլ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ էր: Դաշնակահարը համերգների ընթացքում հիացական խոսքեր ասաց նվագախմբի կատարումների մասին:

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմնը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem-ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի, և ստեղծել է նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ իր ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» «աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed