«ՌեԱնիմանիան» այս տարի աննախադեպ թվով մասնակցության հայտեր է ստացել

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնն այս տարի մասնակցության աննախադեպ թվով` 1200 հայտ է ստացել, որոնցից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել է 184-ը: Անիմացիոն ֆիլմերը կմրցեն 5 անվանակարգերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»:

Այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում «ՌեԱնիմանիայի» հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ հոկտեմբերի 28-ին մեկնարկող փառատոնին բացի մրցութային ֆիլմերից կցուցադրվեն նաև ոչ մրցութային ֆիլմեր, կլինեն վավերագրական և էքսպերիմենտալ ծրագրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  անիմացիոն 9 լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմ կցուցադրվի «Վերածնունդ» ծրագրի շրջանակում:

Փառատոնի տնօրենի խոսքով՝ այս տարի առաջին անգամ կրթաթոշակ կտրամադրվի երիտասարդ անիմատորներին, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն կունենան մեկուկես ամիս վերապատրաստվել Ֆրանսիայում գտնվող Անգուլեմի անիմացիոն դպրոցում։

Փառատոնի բացումը տեղի կունենա ֆրանսիական «Մունե» ֆիլմով, որը երկու ռեժիսորների` հայազգի Ալեքսանդր Հեբոյանի և Բենուա Ֆիլիպոնի համատեղ աշխատանքն է: Փառատոնը կփակվի նոյեմբերի 3-ին Ռոջեր Ալերսի «Մարգարեն» ֆիլմով:

Տնօրենը նշեց, որ վերջին տարիներին փառատոնի շնորհիվ Հայաստանում զարգացել է անիմացիոն ֆիլմարտադրությունը։

«Եթե 2009թ. Հայաստանում կար անիմացոն 5 ստուդիա, ապա դրանց թիվն այժմ 15-ն է: Փառատոնն ստեղծեց միջազգային հարթակ. եթե առաջ դիմում էինք միջազգային փոռատոներին, որ միանանք իրենց, այսօր հայերը այստեղ միջազգային ժյուրիի հետ գնահատում են միջազգային ֆիլմերը: Սրանք ձեռքբերումներ են, առիթ են տալիս զարգանալու»,– ասաց Վրեժ Քասունին։

Այս տարի առաջին անգամ փառատոնին միացել է նաեւ պատկերապատման արվեստի փառատոնը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատկերապատումների ցուցահանդես։

«Կցուցադրվեն աշխարհում մինչեւ այժմ լույս տեսած` Հայոց ցեղասպանությանը նվիրված պատկերապատման բոլոր գրքերը: Գրքերն իրենց խոշոր դերը խաղացել են, ցավոք, հայ հանդիսատեսը առիթ չի ունեցել ծանոթանալու այս գրքերին»,-  ասաց նկարիչ, պատկերապատող, փառատոնի խորհրդի անդամ Տիգրան Մանգասարյանը՝ նշելով, որ ներկայացված գրքերը 12-ն են, դրանցից 4-ը լույս են տեսել այս տարի, 2-ը Սողոմոն Թեհլերյանի մասին են:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«ՌեԱնիմանիան» այս տարի աննախադեպ թվով մասնակցության հայտեր է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.