Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները կալանքի տակ են առնվել

Մոսկովյան դատարանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանք է դրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մոսկովյան բնակարանի վրա:

Ինչպես հայտնում է russian.rt.com-ը՝ կնոջ փաստաբան Լարիսա Շիրոկովային հղումով, բացի այդ, կալանք է դրվել նրա ֆինանսական միջոցների մի մասի՝ 1 մլն ռուբլու վրա:

«Մայրաքաղաքային դատարանը կալանք է դրել իմ պաշտպանյալի՝ Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող  բնակարանի վրա»,-հայտարարել է Շիրոկովան:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ ամուսնու մասնավոր կյանքին վերաբերող գաղտնիքների հրապարակման մեղադրանք էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:

Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:

Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:

 

Նյութը` tert.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed