Ազգային պարը, ծեսն ու թատերական գործողությունները

Բարեկենդանի երկրորդ շաբաթվա հինգշաբթին ու կիրակին՝ Բուն Բարեկենդանը, նշանավորվել են դիմակահանդեսներով, պարահանդեսներով, թատերականացված խաղերով ու մրցույթներով: Հինգշաբթին նշանավորվել է նաև Վարդանանց տոն ծես-արարողությամբ: Եկեղեցին այդ օրն առանձնացրել է որպես նախնիների հիշատակության ու մեծարման օր: Տոնը ձևավորվել է որպես պատմական դեպքի արձանագրում: Ժողովուրդն օրը նշանավորել է սցենարով մշակված ճակատամարտ պատկերող թատերախաղով, որը կոչվել է Վարդան Մամիկոնյանի ցուցք կամ ցուցմունք, Վարդան Մամիկոնյանի ծես:
Խաղի մասնակիցները բաժանվել են հայկական և պարսկական բանակների, որոնք պատրաստել են դրոշակներ, զինանշաններ, ձիեր: Տոնին պատրաստվել են ողբասաց կանայք: Երթին մասնակցել է ամբողջ քաղաքը: Աջից քայլել է Վարդանը, ձախից՝ Վասակը, նրանց ետևում՝ զինվորները, ապա քաղաքացիները՝ դրոշներով ու զինանշաններով: Երթը դեպի եկեղեցի, ապա քաղաքի փողոցներով ուղեկցվել է զուռնա-դհոլով: Դերակատար մասնակիցները, զենքերը պատյաններից հանելով ու ետ դնելով, երգել են հայրենասիրական երգեր: Երեկոյան տվել են գրական-գեղարվեստական ստեղծագործություններից կազմված սցենարով Վարդանանց պատերազմ կոչվող ներկայացումները: Ճակատամարտին հաջորդել են թաղման ծեսեր, որոնց կատարողները ողբասաց կանայք էին:
Ցուցքի երրորդ մասում տեղի են ունեցել հասարակական պարեր երգեցողության ուղեկցությամբ, որոնց հիմնական մասնակիցները տղամարդիկ էին: Թույլատրվել է հոգևոր դասի մասնակցությունը: Հոգևոր հորն իրավունք է տրվել պարագլուխ կանգնելու: Օրվա ծիսական պարերը գովընդներն ու ռազմական պարերն էին: Ծիսական պարերին հաջորդել են ձիախաղերը, մականախաղերը, ջիլիթը: Օրվա երկրորդ կեսի գովընդախաղերին մասնակցել են բոլորը: Այս գովընդների մեջ մտել են նաև ցուցքի զգեստափոխված մասնակիցները:
Երբ պարաշարքը բոլորվելով փակվել է, շրջանի դրսից գլուխը կտրած մի աքաղաղ նետվել է պարաշրջանի կենտրոնը: Մի ազաբ տղա մտել է պարաշրջանի մեջ՝ ձեռքին կարմիր թաշկինակ, և պարել: Ձեռնախաղը պտտվել է աքաղաղի շուրջը, ապա բարձրացնելով այն գլխից վեր՝ մարտահրավեր է նետել շրջապատին: Պարաշրջան է մտել երկրորդ ազաբը: Պարաշրջանը բաժանվել է երկու խմբի, յուրաքանչյուրն անցնելով մեկի կողմը՝ խրախուսել է նրան: Զուռնան նվագել է կոխի եղանակ, երկու երիտասարդները, դեմ առ դեմ կանգնելով, փորձել են իրարից խլել աքաղաղը: Դրան հետևել է գյուլաշը: Շրջապատողները, նրանց բաժանելով, մտցրել են վերսկսված պարաշրջանի մեջ՝ կանգնեցնելով իրար կողքի, որը հաշտության խորհրդանիշ էր: Գովընդները շարունակվել են մինչև օրվա վերջը և փայդօստ անելը (փայդօստ անել նշանակում է փայտի օգնությամբ պարաշարքը կտրել, որ պարը դադարի, միաժամանակ փախցնում են նվագածուներին ու երգողներին): Աքաղաղի համար կոխի բռնվելը հնագույն, տոտեմ-նախնուն նվիրված ծեսի վերապրուկ է: Աքաղաղի զոհաբերությունը նախնիների պաշտամունքի հետ կապվող նվիրատվական ծեսերի արձագանքն է: Այդ օրը 1036 անվան անվանակոչության տոն է: Տներում ճաշկերույթներ են կազմակերպվում, որտեղ հոգևորական դասին և տղամարդկանց առանձնահատուկ ուշադրություն էր ցուցաբերվում:
Ցուց բառը նշանակում է «երևումն, ցուցումն, ցույց տալ, ցուցք ներկայացնել»: Ցուցք, ցուցմունք պետք է հասկանալ տոտեմական, երևակայական կերպարներով հերոսների, աստվածային ու կենդանական կերպարների կամ ուղղակի կերպարանափոխությամբ խաղ-ներկայացումներ: Բարեկենդանի, հատկապես հինգշաբթի և Բուն Բարեկենդանի օրը հայտնի է որպես կերպարանափոխությամբ երթերի, ներկայացում-խաղերի օրեր: Չնայած Բարեկենդանը կապվում է Ուտիս տատի, այսինքն՝ կանացի սկզբունքի հետ, սակայն հինգշաբթին մեռնող և հառնող տղամարդ աստվածության օր է: Օրվա բոլոր արարողությունները կապվում են միայն տղամարդկանց հետ: Այդ օրը տեղի են ունեցել հատուկ ծիսական պարեր ու խաղեր, որոնք պարունակում են ցանքսի, հատիկի, ջրի հովանավոր աստվածության հատկանիշներ: Հոգևոր դասի ներկայացուցիչները սգո և հիշատակության, ռազմական պարերի ղեկավարողն էին, ղեկավար էին ցուցքում, անվանակոչության տներում՝ ճաշկերույթի կառավարիչներ: Պահպանված այս օրենքը ուղիղ համեմատական է հնում քրմական դասի մեհենական ծեսերի ու պարերի հետ ունեցած կապին, պարզապես նրանց վերափոխված ձևերն են:
Վարդան Մամիկոնյանի ցուցքում ամենահանելուկային երևույթը նրա բազմադարյան, ավանդական պահպանվածությունն է և Բարեկենդանի հինգշաբթի օրվա հետ ունեցած կապը մայիսի 26-ի փոխարեն: Սա ապացույց է, որ ներկայացման հիմքում ընկած է դարերով հաստատված հիշատակության որոշակի տոն: Այդ է հաստատում Վարդան Մամիկոնյանի ծես բնորոշումը: Այսպիսով, Բարեկենդանի հինգշաբթի տեղի ունեցող Վարդան Մամիկոնյանի ցուցքը և նրան զուգակցվող բոլոր արարողություններն ու թատերականացված գործողությունները գարնանային ցանքսի, ջրի ու հատիկի հովանավոր աստվածություններին նվիրված մի տոն է, որի անունն անմիջականորեն կապվում է Վարդանի և 1036 անունը կրող տղամարդկանց անվանակոչության օրվա հետ: Ըստ երևույթին, այդ է պատճառը, որ տոնը մայիսի 26-ից տեղափոխվել է հնուց ի վեր հաստատված նախնիների հիշատակության օրը, որը տեղով, ժամանակով, իմաստաբանությամբ համապատասխանում է նախաքրիստոնեական տոնակատարությանը:

(Ժենյա Խաչատրյանի «Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից)

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed