Պապս. Երեկոյան ընթերցումներ

 

Օրն այդ անբացատրելի տխուր էր: Սիրտս հրաժեշտի կանչ էր գուշակում: Աշնանային չարագույժ մեղեդին հուշում էր պապիս  մասին:

Սուրեն պապն  արմատներով Տավուշից էր. բնիկ լեռնեցի՝  ամուր հոգով, պարզ սրտով, արդար ու աշխատասեր:  Հաղթանդամ էր, թիկնեղ, մաքարամքուր հայկական քթով, այտերի մեջ թաղված խաժ աչքերով, որոնց հատակում դակված էին գյուղի վաղ առավոտները, հանդերում մանկական խաղերը թողած երեխաների՝ տան ապրուստով հագեցած առօրյան, պատերազմի կրակներն ու վիրավոր ընկների անթիվ շարանը, հաղթանակի բերկրանքն ու քաղաքի եռուզերը:

Աստվածային ձեռքեր ուներ պապս, միշտ զարմանում էինք նրա անբացատրելի կարողությամբ, որով   «կախարդել էր » բոլորիս: Մարդ  ապուշ  էր կտրում, թե ինչպես էր  նա հասարակ ճյուղերից բերքատու ծառեր  ստեղծում, իսկ  անհրապույր քարերից հյուրընկալ օջախ:

Դեռ երիտասարդ, կարելի է ասել պատանեկան, տարիներից թողել էր գյուղի հայրական տունն ու եկել մայրաքաղաք, ինչպես ինքն էր սիրում ասել՝ Էրիվան:

-Պապի՛, պապի՛, էդ ո՞ւլ ես գնում,- ձայն էի տալիս նրան , երբ կուրծքը մեդալներով զարդարված պիջակը հագին տանից դուրս էր գալիս:

– Էրիվան եմ գնում, քեզ ի՞նչ բերեմ,- պատասխանում էր պապին ու ճերմակ բեղերի տակից անուշ ժպտում:  Նրա Էրիվան գնալը նշանակում էր քաղաք է դուրս գալիս:

Չարաբախտ պատերազմը  սակայն նրան հեռացրել էր նաև իր սիրելի Էրիվանից  ու  իր հետ տարել արհավիրհքի բոցատոչոր ճանապարհներով: Պապին հրաշքով էր ողջ մնացել: Դա գուցե ապրելու  նրա ունեցած անսպառ  ջիղն էր, որ կենդանի էր պահել մահվան ճիրաններում պայքարող երիտասարդին:  Սուրեն պապս  շատ էր սիրում կյանքը, բնությունը, մարդկանց:

Բոլորն էլ քաջ գիտեին, որ պապուն ոչ մի բան կյանքում չէր վախեցնում: Իսկապես,  ոչինչ չկարողացավ կոտրել նրա անսասան հոգին, բացի երեխաների անհաշտությունը: Կյանքի վերջին օրերին նա սկսել էր տխրել, տանը գրեթե չէր լինում, իր զգացումների արտահայտությունները գտնում էր այգում: Այս ամենին   գումարվում էր նաև տատիս պառավական կռիվներն ու բողոքները: Անկեղծ ասած՝ ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են տատս ու  պապս մի ամբողջ կյանք ապրել միասին: Պապին տեսակով ազնավական էր, թեև ուսումը  կիսատ էր թողել՝ դարձյալ պատերազմի պատճառով, այնուամենայնիվ իր ամբողջ կյանքում գրքից բացի լավ ընկեր ու իմաստուն խորհրդատու չէր ունեցել: Միշտ զարմացել եմ, թե ինչպես է նա այդքան տարիներ կարողացել հանդուրժել ո՛չ  գրաճանաչ տատիս տգետ վերաբերմունքն  առհասարակ ամեն ինչի նկատմամբ, կին ով կռվելու  թեմա ուներ  ցանկացած մեկի հետ և իր առաքելությունն էր համարում սրան-նրան ուղղություն ցույց տալը, կյանքի օրենքները սովորեցնելը:

Պապին շատ էր սիրում ընթերցանությունը.  շատ էր կարդում, հաստափոր գրքեր էր կարդում, առավոտ և երեկո էր կարդում:

Հիշում եմ մեր տան հին պատշգամբի բաց փեղկերի առջև դրված հաստափոր գրքերը, որոնք պապին կարդում էր մեկ շնչով, պատահում էր, որ մի գիրքը մի քանի անգամ էր կարդում, իսկ երբ հոգնում էր, խնդրում էր որպեսզի ես կարդամ իր համար:  Երբեմն էլ պապի քթից արագ գողանում էի խոշոր ապակիներով մաշված ակնոցն ու դնում դեմքիս:

Պապին  վաղ էր արթնանում՝ մինչև լուսաբացը: Նա զգույշ վեր էր կենում անկողնուց, հագնում էր շորերն ու ձեռնափայտը հատակին դրխկացնելով դուրս գալիս տանից: Դեռ կիսամութ էր լինում, երբ նա ճամփա էր բռնում դեպի այգի: Լուսաբացը պապին դիմավորում էր ծառ ու ծաղկի հետ:

Ժամեր անց՝ նախաճաշի ժամին, այգուց քիչ հեռու գտնվող քարակույտի մոտից լսվում էր տատի ձայնը.

-Ա՛յ մարդ, գալիս չե՞ս, հերիքա էլի թրխկացնես, արի՛,  ճաշը սառեց:

-Գալի՜ս եմ, գալի՜ս, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,-պատասխանում էր պապին ու ավելացնում,- հա՛-հա՛-հա՛, համա թե բայղուշ կնիկ ես հա՜.  ուտելուց փթերով ես ուտում, էդ լավ է, հիմի էլ, թե՝ հերիքա թրխկացնես: Որ չթրխկացնեմ ի՞նչ ես ուտելու, -վերջին նախադասությունները պապին ասում էր կամացուկ, ինքն իր համար, թե չէ, որ տատի ականջն ընկներ՝ կռվի « մհանա»-ն` պատրաստ էր:

Պապին բարկանում, իսկ ավելի ճիշտ՝ վիրավորվում էր տատիս  խոսքերից ու  շարունակում քթի տակ դնդնացնելով իր գործը: Տուն չէր վերադառնում, մինչև ձեռքի կիսատ գործը չավարտեր:

Տունդարձի ճանապարհին մի քանի անգամ կանգնում էր՝ շունչ առնելու:

-Դու գնա՛, ես կամաց-կամաց գալիս եմ,-ասում էր ինձ, երբ տեսնում էր արևի տակ ջրի  դույլը ձեռքիս, աչքերս կկոցած իրեն եմ սպասում:

-Չէ՛, պապի՛ ջան, քեզ հո մենակ չեմ թողնելու, դու հանգստացի՛ր, միասի՛ն կգնանք,- պատասխանում էի նրան:

Ամբողջ ճանապարհին պապին պատմում էր կյանքից, իր տեսած և՛  լի, և՛ պակաս օրերից, մարդ մնալու կարևորագույն գաղափարներից:

-Հանկարծ ուսումդ կիաստ չթողնես, հա՜, թե չէ «բառադի»  կմնաս,-պապին շատ էր կարևորում ուսումն  ու գիրքը, գրաճանաչությունը և բառադի՝  այսինքն էր համարում նրանց ովքեր ուսում չէին սիրում:

-Վարձը շատ է ուսման համար, պապի ջան, հայրիկը չի կարողանում ժամանակին վճարել,- ասում էի ես ու ամաչում, որ մերոնց նեղն էի գցում իմ ուսմնատենչության  պատճառով:

-Բան չկա, տղամա՛րդ են, թող աշխատեն, իրենց բան ու գործի անունն ի՞նչ է:

Մի քիչ լուռ մնալուց հետո ավելացնում էր.

-Տես հա՜, չսխալվե՛ս,- կարծես իր խորհուրդը կնիքում էր այդ մի նախազգուշացմամբ: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ  պապի միակ նպատակն այս կյանքում ինձ ուսման տալն ու լավ մարդ դարձնել էր , հատկապես սխալված չեմ լինի տարիներ անց կարծելու համար, որ նրա հորդորներն ինձ դրեցին արժանապատիվ կյանքի ճանապարհի մեջ՝ հեռու պահելով ինձ կյանքի անզգամ ուղիներից:

Վերջապես հասնում էինք տուն: Հացի սեղան արդեն պատրաստ էր լինում. տատին շատ համեղ էր պատրաստում, մինչև այսօր երբեք նրա եփած  ճաշի բույրը քիմքիցս չի հեռացել:  Նա շերեփի վարպետ էր, բայց տատիս մասին կպատմեմ ավելի ուշ:

Եվ ուրեմն նա  պապի ճամփին նայելով  և բակից խոհանոց, խոհանոցից բակ դուրս ու ներս անելով ՝ մի քանի անգամ հասցնում էր կերակուրը տաքացնել:

Աստղիկ տատս հաճախ էր ձվածեղ պատրաստում, պապին սիրում էր աչքով ձվածեղ, իր բառերով ասած՝ աչկո.

-Աստղի՛կ, աչկո եմ ուզում, աչկո սարքի: Նա հացը փրթում էր անուաշահամ ձվածեղի մեջ  ու գդալով ուտում, շատ ախորժակով էր ուտում, իսկ վերջում հացի փշրանքները հավաքում էր ափի մեջ ու տանում բակի ծտերին: Բայց երբ տատս տեսնում էր ասֆալտի վրա հացի կտորները,  սկսվում էր պատերազամը.

-Ա՛յ մարդ,  քո՞ռ ես, տենո՞ւմ չես նոր եմ ավլել, կռներս յեղե՞լ եմ, ինչի՞ ես էդ անդեր փշրանքները գետինն ածում:

-Ա՛յ բայխուշ կնիկ, դե  ձենդ կտրի՛ էլի, աշխարքը փուլ եկա՞վ,- պատասխանում էր պապին ու ձեռնափայտը կրկին դրխկացնելով ճամփա բռնում դեպի այգի՝ կարծես տանից փախչելիս լիներ:

Մի տարի ձմռանը պապին շատ վատ հիվանդացավ, ինչպես ինքն էր ասում՝ չարքերն էին աչքերին գալիս: Այդ տարի ձմռան արձակուրդներին գնացել էի գյուղ՝ մորաքրոջս հյուր, երբ պապին անկողին էր ընկել հայրիկը երեկոյան զանգահարեց և ասաց, որ հնարավորինս շուտ վերադառնամ տուն: Հաջորդ առավոտյան՝ կանուխ, մորաքրոջս ընատնիքի հետ շարժվեցինք քաղաք:  Ժամեր անց  ավտոմեքենան կանգ առավ մեր տան բակում:Արագ իջա ու վազեցի պապի սենյակ:

-Պապի՞, պապի՛ ջան, -կանչեցի ու գրկեցի նրա ճաղատ գլուխը.ես այն հաճախ էի գրկում և համբուրում: Պապին նայեց երեսիս, կարծես չճանաչեց: Քույրս, որ ինձ հետ ներս էր մտել սենյակ, ասաց.

-Պապի Վարդիկն ա, չճանաչեցի՞ր:

Մի տեսակ խղճացի պապին ու ավելի ամուր գրեցի նրան:

-Վարթի~թի~թե՜ր,-երգեցիկ ասաց պապին ու դեմքին ժպիտ եկավ:

-Հա՛ պապի ջան, ես եմ, էստե՛ղ եմ,- գրկեցի նրան ու սկսեցի ձեռքերը համբուրել, ինձ հարազատ ու ծանոթ բույր էր դրանցից փչում՝ հողի բույրն էր դա:

-Ուզո՞ւմ ես քեզ  համար մի որևէ բան կարդամ,-ասացի ու ձեռքս տարա գրադարակի վրա առաջին պատահած գրքին: Այդ պահին կարևո՛ր չէր, թե ինչ եմ կարդալու, կարևորն այն էր, որ պապին իրեն լավ զգա: Որոշ ժամանակ անց, նրա տրամադրությունը փոխվեց:

Ես կարծես գտել էի իմ կարճ ժամանակով կորցրած աշխարհը՝ իմ պապին, մեր զրույցները: Օրն աստիճանաբար ավարտվեց: Հաջորդ օրերին պապիկի  մահճակալից այն կողմ չէի գնում: Գարնան առաջին տաք շողերի հետ պապին սկսեց էլ ավելի լավ  զգալ իրեն ու նորից կարողանում էր այգի գնալ:

Այդ օրից անցան տարիներ: Մի օր համալսարանից տուն վերադառնալիս հոգուս մեջ անբացատրելի անհնագստություն զգացի: Սիրտս ահ ընկավ.

-Տեսնես ի՞նչ է պատահել ,-մտածեցի ու րոպե  առաջ ուզում էի տուն հասնել:

Չսխալվեցի՝ պատահել էր և պատահել էր անդառնալին: Պապին վնասել էր իրեն այգում աշխատելիս և անօգնական ընկել թզենու տակ: Բժիշկները ապաքինվելու հույս չէին տալիս:

Բաց  դարպասները մահագույժի նման մեխվեցին կոկորդումս: Սիրտս ցավից կուչ եկավ, պայթելու չափ հունահան եղավ, բայց այլևս ոչինչ չէի կարող փոխել: Ինչ-որ տեղ ինձ մեղավոր զգացի, որ չեմ կարող օգնել պապին, չեմ կարող վերադարձնել նրա երբեմնի՝ քարից էլ պինդ առողջությունը: Այդ զգացումն ինձ կոտրում էր մաս-մաս և  թերևս միակ սփոփանքն այն էր, որ դասերից հետո գալիս էի տուն, նստում պապի կողքին, ձեռքերը բռնում և շարունակում աղոթել նրա համար մինչև լույս:

Աշնան առավոտ էր, օրը երկուշաբթի: Բոլորն արթնացան և  սովորականի նման յուրաքանչյուրն իր գործին գնաց: Այդ օրը ես համալսարան չգնացի: Երբ մոտեցա պապին զգացի, որ մյուս օրերի համեմատ նրա դեմքը շատ գունատ էր, սիրտս վկայեց, որ Սուրեն պապիս վերջին պահեր է ապրում : Նա աչքերը բացեց, նայեց ինձ, կարծես հրաժեշտ տալով՝ մի վերջին խնդրանքով դիմեց.

-Թի-թեռ-նի՛կ ջան,- հաճախ այդպես էր ինձ կանչում,-մի կտոր էդ կարագիցը  տուր:

-Հիմա կտամ պապ ջան,- ասացի ու կարագի մի կտոր դրեցի նրա չորացած բերանում: Պապին դժվարությամբ կուլ տվեց ու վիրավոր ձեռքով սեղմեց մատներս:

-Այդ պահից ճնշվեցի, հասկանում էի, թե ինչ է լինելու , բայց փորձեցի պապին հույս տալ.

-Պապի ջան, մի՛ նեղվիր, ամեն ինչ լավ կլինի, կկազդուրվես,- ասացի նրան, քաջ գիտակցելով, որ ոչինչ էլ լավ չէր լինելու, իսկ պապին չէր կազդուրվելու:

Հետո նա  աչքերը հանգիստ փակեց ու անցավ խոր քնի մեջ: Ես ուրախացա՝ առաջին անգամն էր, այդ սահմռկեցուցիչ օրերի մեջ, որ պապիս  քնեց, այն էլ՝ խորը: Ես մտածեցի, որ երբ արթնանա, արդեն ամեն բան հետևում կթողնենք ու նորից կսկսվի մեր զրույցներով լի կյանքը: Ավա՜ղ, իրականությունն այն էր, ինչ-որ կար և որը փոխել անզոր էի:  Ժամեր անց, կեսօրին, մայրս վազելով բակ իջավ.

-Պապին  չի շնչում,- ասաց նա հուզված ու դուրս վազեց հարևաններից օգնություն խնդրելու:

Մորս խոսքերը թշնամանքի նման դրոշմվեցին  գլխուղեղումս ու չհասկացա, թե ինչպես ոտքերս հայտնվեցին պապի մահճակալի կողքին:

Նայեցի՝  փակ կոպերով պառկած էր պապս, մոտեցա նրա դեմքին ավելի մոտիկ, կարծես ցանկանալով համոզվել մորս ասածների մեջ, շուրթերս կամացուկ դիպան պապի ճակատին, նա խորը, շա՜տ խորը շունչ փչեց ու թեքեց գլուխ.

-Վե՛րջ,- շշնջացի ես՝ դեռ խորապես չհասկանալով, թե  ինչ է կատարվում: Երբ դեմքս հետ քաշեցի, տեսա, որ պապի աչքերը թացացել էին, գուցե իմ վերջին համբո՞ւյն էր զգացել, իմ կարոտի՛ համբույրը, չգիտեմ, սակայն այդ օրվա նման կենդանի զգում եմ այդ շունչն ու կարոտում նրան:

Զավակների անհաշտ հարաբերությունները լքվածության հասցրեցին պապին, օր օրի այդ ապրումններից ավելի էր խեղճացնում ու նա մի օր որոշեց, որ այլևս ոչ մեկին պետք չէ : Աշնան սառը առավոտներից էր: Նա սովորականի նման վաղորդյան շաղի հետ  այգի էր գնացել: Ո՞վ կարող էր կռահեր, որ դա իր վերջին ճամփորդությունն էր դեպի իր անխռով Եդեմը, ով կարող է գիտենալ, թե ինչ զգացումներ էին մոլեգնում գրեթե մեկ դար ապրած ծերունու հոգում:

Անցել են տարիներ՝ տասից ավելի տարիներ, սակայն հիշողությանս մեջ որպես  լուսատու կանթեղ մնում ես դու՝ պապս, իմ լա՛վս, իմ  բարի՛ս.  հարազա՛տս:

 

 

Երևան՝

Բնագիրը՝ 2003թ.

Խմբագրումը՝ 2016թ.

Հեղինակ՝ Վ. Գիշյան

Օգտագործվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ  Հենրիկ Մամյանի Հայոց ջերմ բնությունը կտավը

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed