«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

 

Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց հուլիսի 13-ին՝ Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ: Իրադարձությունն այս տարի անցկացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Օրհնված ծիրան դեռ չեմ կերել, որովհետև իմ ձեռքի ծիրանները բաժանեցի հյուրերին, բայց հիմա կուտեմ: Երջանիկ եմ, որովհետև Ծիրանօրհնեքը դարձել է հայկական ավանդույթ, և աշխարհն արդեն սկսում է ճանաչել մեր կրոնական և եկեղեցական սովորույթները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողությունից հետո լրագրողների հետ ասել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Փառատոնը միայն կինո չէ, սեր է, սեր, որ հայ ժողովուրդը բաժանում է իր հյուրերին: Ես հարյուրավոր փառատոնների եմ մասնակցել, սակայն այսպիսի ջերմություն չեմ զգացել, ոչ մի քաղաքում նման ձևով չեն ընդունել հյուրերին, ոչ ոք նմանատիպ սովորություններ չունի»,- ավելացրել է նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։

«Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ` մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ”

Leave a Reply

Your email address will not be published.