Նայում եմ երեխային, արդեն տեսնում եմ հաղթանակ

Անհամբեր այս ու այն կողմ նայող  ուրախ երեխաներ, հպարտությամբ լցված ծնողներ և ուսուցիչներ. այսպիսին էր տրամադրությունը  նեոյեմբերի 4-ին՝ Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում, որտեղ տեղի ունեցավ  «Էտյուդ»  մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:

Արթիկի Գեղարվեստի դպրոցի սան, 7-ամյա Տաթև Միքայելյանը մանկական անկեղծությամբ ասաց, որ սպասում էր իր հաղթանակին: Ժյուրիի անդամները, իհարկե, տպավորված էին աշնան թեմայով նկարչության առաջին տեղը զբաղեցրած Տաթևի՝ անկեղծ, մանկական երևակայությամբ պատկերված բերքահավաքով, որտեղ երեք աղջիկներ գնում են «աշուն աղջիկի» մոտ՝  մրգեր ուզելու:  Տաթևից ոչ պակաս ուրախ և հուզված էին թատերարվեստի, ասմունքի և նկարչության առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մյուս երեխաները և մասնավորապես մրցույթի այն մասնակիցները, որոնք նաև արժանացել էին հատուկ «Գրան Պրի» մրցանակի: Այդպիսի մասնակիցներից էր Մալունցյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժնի ներկայացուցիչ Վազգեն Օհանյանը, որը ասմունքի ոլորտում առաջին տեղին արժանանալուց բացի, նաև արժանացավ «Գրան Պրի»-ի՝ որպես մրցույթի լավագույն դերասան և ստացավ անվճար ուղեգիր դեպի Վրաստան:

Առանց նվերի կամ շնորհակալագրի չմնաց և ոչ մի մասնակից: Շնորհակալագրեր ստացան անգամ փառատոնի աջակիցները և ժյուրիի անդամները: Ինֆորմացիոն հովանավորները ևս անմասն չմնացին, այդ թվում և Menq.org լրատվական մշակութային  կայքը: Կայքի շնորհակալագիրը ստացավ  Վարդ Գիշյանը: Վերջինս նաև ներկայացրեց իրենց կողմից  հրատարակված «Մենք» ամսագրի վերջին՝« Հայաստանի Հանրապետության 25-ամյակը» վերնագրով ամսագիրը և բացելով փակագծերը նշեց, որ ամսագրի այս համարը փառատոնի բոլոր մասնակիցների նվերների ցանկում է:

Հոկտեմբերի 13-ին մեկնարկած «Էտյուդ»  մրցույթ-փառատոնն  կայացավ,  այդ մասին վկայում են  մեծ ապագա ունեցող երեխաների լուսավոր ու պայծառ ժպիտները:

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Լուսանկարը՝ Անի Մնացականյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed