«Մուսա լեռան 40 օրը» վեպին նվիրված միջոցառում է անցկացվել

Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառումը կազմակերպել են Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանն օժանդակել են Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և «Ֆրանց-Վերֆել» կոմիտեն:

Միջոցառումը բացել է Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին է ողջունել Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը: Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով է հանդես եկել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը:

Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվել է կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն՝ Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դոկտորր Մարիանա Գրուբերի, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դոկտորր Արտեմ Օհանջանյանի, Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դոկտոր Անդրեաս Ֆինգերնագելի մասնակցությամբ:

Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում:

Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես է  եկել ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:

Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվել է հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն:

Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտո. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Մուսա լեռան 40 օրը» վեպին նվիրված միջոցառում է անցկացվել”

Leave a Reply

Your email address will not be published.