«Մշո գիրքը» նրա հոգու կանչն է

panorama.am-ը գրում է՝

«Ողբերգություն պատմելը բավարար չէ: Կարծում եմ՝ կարևոր է ցույց տալ, որ ցանկացած պատմության մեջ կա լավն ու վատը, նույնիսկ ամենավատ իրավիճակներում բարու հատիկ կա, կարելի է տեսնել հույսի թելը: «Մշո գիրքը» պատմության հերոսները միահյուսվելով՝ կարողանում են ցույց տալ, որ հույս կա,- լրագրողների հետ զրույցում ասաց իտալահայ արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանը:

Ըստ նրա,  գրքում ներկայացված պատմության առավելությունն այն է, որ ցույց է տալիս ոչ միայն ողբերգությունը, նաև ընդհանուր եղելությունն իր ամբողջականության մեջ:

Անտոնիա Արսլանը Հայաստանում է մասնակցելու «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կայացավ այսօր Մ. Մաշ­տո­ցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մա­տենադարանում»: «Մշո գիրքը»  «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության մասին է, անդրադառնում է մշակութային ցեղասպանությանը: Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Գիրքը լույս է ընծայվել «Զանգակ» հրատարակչության կողմից և նվիրվել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Գիրքը հայերեն է թարգմանվել և հրատարակվել պետական պատվերով: Իտալիայում այն լույս է տեսել 2012-ին:

«Գրել եմ երկուսկես ամսում: Նախքան գրի առնելը՝ բավականին երկար ժամանակ մտածել եմ: Ցանկանում էի այնպիսի մի պատմություն գրել, որտեղ երևային հայ կանանց քաջությունը Ցեղասպանության ժամանակ: Երկար մտածեցի և ի վերջո կենտրոնացա այս պատմության  վրա: Ինձ փոքր ժամանակ Հալեպում ապրող հորեղբայրներից մեկը՝ բժիշկ Զարեհ Արսլանյանը, պատմել էր այս մասին:

Պատմական հենքն ապահովելու համար հենվել եմ ոչ միայն «Մշո ճառընտիր»-ի պատմության վրա, այլ նաև Լոս Անջելեսում ապրող մի վերապրյալի թոռնուհու հետ եմ երկար զրույց ունեցել, բավականին տեղեկատվություն էր ինձ տրամադրել: Գիրքը գրելու ողջ ընթացքում ուժեղ զգացումներ ունեի, հետևում էի այդ երկու  կանանց, ովքեր իրենց անձը մի կողմ դրած՝ հետամուտ եղան գրքի փրկությանը»,- պատմեց Ա.Արսլանը:

Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերագտնելով իր հայկական ինքնությունը՝ Ա. Արսլանը 2004 թվականին գրել է  Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերել է համաշխարհային ճանաչում: Գիրքը թարգմանվել է 22 լեզվով, շուտով լույս կտեսնի նաև ֆիններեն: Վեպի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը: 2009 թվականին լույս է  «Զմյուռնիայի ճանապարհը» գիրքը: Երկուսն էլ թարգմանվել են հայերեն:

2012 թվականին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Ա. Արսլանը տեղեկացրեց, որ «Արտույտների ագարակը» վեպն արդեն 32 անգամ վերահրատարակվել է,  միայն առաջին հրատարակությունը՝ 30 հազար օրինակով: «Զմյուռնիայի ճանապարհը», ըստ նրա, հրատարակվել է 60 հազար օրինակով: «Մշո գիրքը» արդեն վերահրատարկվել է 4 անգամ, առաջին հրատարակությունը՝ 6-7 հազար օրինակով, մյուս հրատարակությունների ժամանակ տպաքանակն ավելացել է:

«Իտալիայում այն մեծ հաջողություն ունեցավ, քանի որ կարճ պատմություն էր»,-  ասաց հեղինակը:

Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալը  իտալահայ գրողի համար ոգու կանչն է:

«Պապիկս 1800-ականների վերջին Խարբերդից գնացել է Իտալիա՝ ուսանելու: Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, այնուհետև ընդունվել է համալսարան: Քիթ-կոկորդ-ականջի ամենահայտնի վիրաբույժներից է եղել Երվանդ Արսլանյանը: Նա հիմնում է դպրոց, ամուսնանում իտալացի կոմսուհու հետ, ծնվում են իմ հայրն ու հորեղբայրը: Արևմտյան Հայաստանում բնակվող իմ պապիկի ողջ ընտանիքը կոտորվել է ջարդերի ժամանակ»,- իր ընտանիքի պատմությունը ներկայացրեց Անտոնիա Արսլանը:

Նա ասաց, որ այժմ աշխատում է «Նամակ Թուրքիայում գտնվող մի աղջկան» պրովակացիոն վերնագրով գրքի վրա: Գրքում ներառված է հայկական երեք պատմություն:  Հոկտեմբերին կավարտի այս գիրքը: Հեղինակը հույս ունի, որ այս ևս կթարգմանվի հայերեն:

Մշո ճառընտիրը գրվել և նկարազարդվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս։ 1203 թվականին մոնղոլ թաթարական հարձակումների ժամանակ Աստվածատուրը սպանվում է, ունեցվածքը բռնագանձվում է: Բաբերդ քաղաքի ավերման ժամանակ ձեռագիրն ավարտված չէր, կազմ ու հիշատակարան չուներ: Խլաթ քաղաքի դատավորը պատճառաբելով, թե թուրք դատավորն իրենց պարտք է մնացել, վերցնում է ավետարանը: 1206 թվականին Մուշ քաղաքի Սուրբ Առաքելոց վանքի հոգևորականը, տեղի բնակչությունն իմանում են, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ավետարանը, մեկ տարի բանակցություններից հետո չորս հազար արծաթե դրամով հետ են վերցնում ու տեղափոխում Մշո Առաքելոց վանք: Մեծ եղեռնի տարիներին ձեռագիրը կրկին փրկվում է ոչնչացումից: Երկու հայ կին գաղթի ճանապարհին գտնում են ձեռագիրը, վերցնում իրենց հետ: Երկու մասին են բաժանում, որպեսզի եթե մեկը մահանա, գոնե մյուսը կարողա փրկել մատյանը: Երկուսն էլ ուղևորվում են Արևելյան Հայաստան: Կանանցից մեկը հասնում է Էջմիածին, ձեռագիրը հանձնում, մյուս կինը մահանում է, սակայն մինչ այդ նա ձեռագրի մի մասը թաղում է Էրզրումի վանքի բակում: 1920 թվականին ռուսական բանակի մի սպա գտնում է ձեռնագիրը, տեղափոխում Թբիլիսի, հանձնում «Հայկական գթության ընկերությանը» թանգարանին, որտեղից էլ տեղափոխվում է Մատենադարան:
Այժմ մագաղաթյա ձեռագիր մատյանը, որի մի մասը կշռվում է 15,2 կգ, մյուս մասը՝ 12,3 կգ (ընդհանուր՝ 27,5 կգ) պահվում է Մաշտոցյան Մատենադարանում: Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, այժմ՝ 601 թերթ, որը պահվում է Մատենադարանում, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1967-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed