«Մեր դժբախտություններից մեկը ես համարում եմ այն, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը հիմնովին չգիտե կամ շատ մակերեսորեն գիտե մեր պատմությունը». Սասուն Պասկևիչյան

Հարցազրույց կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանի հետ

«Մեր դժբախտություններից մեկը ես համարում եմ այն, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը հիմնովին չգիտե կամ շատ մակերեսորեն գիտե մեր պատմությունը». Սասուն Պասկևիչյան

1958 թվականից սկսել է ստեղծագործել, ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք։

– Պարոն Պասկևիչյան. որքանով տեղյակ եմ, վերջերս այցելել եք Արցախ: Շուրջ 20 տարի Արցախում չէիք եղել: Ի՞նչ զգացողություններով էիք մեկնել:

– Շատ սովորական: Այնպես, ինչպես կմեկնեի Շիրակ, Լոռի, Սյունիք կամ Հայաստանի որևէ այլ մարզ … Դեռևս 70-ականներին, երբ Արցախը բռնազավթված էր և գտնվում էր Ադրբեջանի լծի տակ, ես Արցախ այցելում էի՝ որպես Հայաստանի մի մարզ: Այս տարվա օգոստոսին ես ու կինս՝ Գայանե Դավթյանը, որոշեցինք մեր հնգօրյա հանգիստն անցկացնել Արցախում: Առիթն օգտագործելով՝ ասեմ, որ չեմ ընդունում, երբ ասում են՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք: Պետք է ասենք՝ Հայաստան և Սփյուռք… Լույս իջնի Լեոնիդ Ազգալդյանի շիրմին. «Սա (Արցախը) Հայաստան է, և վերջ…»:

sasun-paskevichyan-1

– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ հիմա ձեզ համար ամենակարևորագույն հարցը Հայաստանից արտագաղթն է, որը պատերազմից էլ վատ է: «Հիմա դա դասալքությունից էլ վատ է»,- ասել եք դուք: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եք տեսնում, ի՞նչ անել արտագաղթը կասեցնելու համար:

– Տարիներ առաջ` 1999թ. հունիսի 26-ին, Լոս Անջելեսի քաղաքապետարանի դահլիճում (Դաունթաունում) տեղի էր ունենում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Լոս Անջելեսի Հայ կուսակցությունների, մտավորականների, գործարարների հետ: Ես, որպես Լոս Անջելեսում գործող Tele ARMENIA հեռուստաժամի գլխավոր խմբագիր, նույնպես ներկա էի (իմ անձնական արխիվում պահպանվում է տեսագրությունը): Դահլիճում գտնվող կուսակցականներից մեկը՝ Հարություն Սաղրյանը ՍԴՀԿ-ից, հարց ուղղեց Վ. Օսկանյանին՝ «Ո՞վ է հայը»: Օսկանյանը պատասխանեց. «Այդ հարցը ժամանակին տրվել է Վիլյամ Սարոյանին, և նա պատասխանել է՝ «Ով իրեն հայ է համարում, նա հայ է»:

Այնուհետև խոսվեց Հայ Դատի դերի, նրա գործունեության, հատկապես՝ Հայոց ցեղասպանության, հողային պահանջատիրության, հայապահպանման մասին: Ես, օգտվելով ձայնի իմ իրավունքից, ելույթ ունեցա և ասացի. «Իսկ եթե, Աստված չարասցե, այս պահին հայերի մի նոր ցեղասպանություն տեղի ունենար աշխարհի որևէ հայաբնակ երկրում, կամ հենց թեկուզ Հայաստանում, ապա Հայ Դատը նախևառաջ ո՞ր հարցով պետք է զբաղվի՝ 1915թ. ցեղասպանությա՞ն, թե՞ ներկայումս տեղի ունեցող»: Ապա շարունակեցի. «Իսկ եթե ինձ հարցնեն, թե ներկայումս Հայ Դատն ինչո՞վ պիտի զբաղվի, անվարան կպատասխանեմ՝ «Պետք է զբաղվի Հայաստանից արտագաղթի դեմն առնելով, որովհետև, իմ համոզմամբ, արտագաղթը նույնպես ցեղասպանության մի տեսակ է…

Եթե 1915 թվին Կարմիր էր, հետո՝ Ճերմակ, ապա ներկայումս մի այլ գույնի է՝ սև կամ մոխրագույն, կամ շագանակագույն, ինչպես կուզեք՝ անվանեք, դա ցեղասպանություն է»: Գալով ձեր հարցի այն մասին, որ իմ հետ կայացած հարցազրույցներից մեկի ընթացքում ասել եմ, թե «… հիմա ինձ համար ամենակարևորագույն հարցը Հայաստանից արտագաղթն է, որը պատերազմից էլ վատ է…», այժմ իմ այդ ասածին կավելացնեմ, կրկնում եմ, որ արտագաղթը ցեղասպանության մի տեսակ է, և, թող ինձ ներվի, ինչ-որ տեղ ավելի սոսկալի է՝ գիտակցված ինքնացեղասպանություն է…

Գալով ձեր նույն հարցի երկրորդ մասին՝ կասեմ, որ դա մանրամասն վերլուծության կարիք ունի: Ասեմ ավելին: Ես տարբեր առիթներով հայտարարել եմ, որ 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կարելի է դարձնել աշխարհի տնտեսապես զարգացած 10 երկրներից մեկը: Դրա բանաձևը ժամանակին տվել է մեծն Եղիշե Չարենցը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» … Իսկ թե որն է և ինչ է այդ «հավաքական ուժը» և ամենակարևորը՝ ինչպես հասնել դրան, դա արդեն այլ քննարկման նյութ է… Այնուամենայնիվ, կուզեի թեթևակի բացել փակագծերը: Դա կարելի է իրագործել միմիայն Սփյուռքի հետ համագործակցելով, որովհետև, անկախ այլևայլ գործոններից ու հանգամանքներից, հայ ժողովրդի առնվազն 80%-ն ապրում է Սփյուռքում:

Ցավալի է նշել, որ ավելի քան 100 տարի է անցել Ցեղասպանությունից և Սփյուռքի հիմնական մասի գոյացումից, մինչդեռ այս պահին էլ ո՛չ Հայրենիքն է մի կարգին ճանաչում Սփյուռքին, ո՛չ էլ Սփյուռքը՝ Հայրենիքին: Մեր դժբախտություններից մեկը ես համարում եմ այն, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը հիմնովին չգիտե կամ շատ մակերեսորեն գիտե մեր պատմությունը… Ինձ համար՝ որպես հայ, 4 հիմնասյուներ կան. մեկը՝ ազգային պատկանելություն, մյուսը՝ անձնական և ազգային հպարտություն, երրորդը՝ անձնական և ազգային արժանապատվություն, և չորրորդը՝ ազգային գաղափարախոսություն: Ցանկացած հիվանդություն նախ պետք է ախտորոշել: Ցանկացած հարց ես դարձյալ դնում եմ 4 հիմքի վրա՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է տեղի ունենում (այսինքն՝ ախտորոշում), երրորդը՝ ի՞նչ պետք է անել բուժման համար, և ամենակարևորը՝ ինչպե՞ս անել: Արտագաղթի կասեցման համար ես կոնկրետ առաջարկություններ եմ արել դեռևս շուրջ 20 տարի առաջ, երբեմն՝ մեր պետական որոշ այրերի հետ զրուցելիս: Արտագաղթի դեմն առնելն իրոք ոչ անհնարին, պարզ գործընթաց է:

sasun-paskevichyan5

– Եվ ինչպե՞ս:

– Դրա համար պետք է հետևել բանաձևին:

– Ո՞րն է այդ բանաձևը:

– Դուք գիտե՞ք որևէ մեկին, ով համամիտ չէ Չարենցի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» արտահայտության հետ: Այստեղ մի քանի բառ կա, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Օրինակ, «փրկությունը»: Ուշադիր լինենք՝ փրկություն, այլ ոչ թե՝ «բարելավում», «բարեփոխում», «բարգավաճում» և այլն: Ընդ որում՝ «ՄԻԱԿ փրկությունը», միակը։ Հաջորդը՝ «Հավաքական ուժ»: Հայ ժողովրդի շուրջ 20 տոկոսն է ապրում Հայաստանում:

– Նկատի ունեք սփյուռքահայերին և Արցախում ապրողների՞ն:

– Նախ՝ Արցախը նույն Հայաստանն է: Գալով Սփյուռքին, ես վաղուց չեմ ընդունում «սփյուռքահայ» արտահայտությունը, այլ «սփյուռքաբնակ» հայ: Ասում ենք՝ ռուսահայ, ամերիկահայ, ֆրանսահայ և այլն: Նման բան չկա, այլ կա՝ ռուսաստանաբնակ հայ, ամերիկաբնակ հայ, ֆրանսաբնակ հայ, և այլն: Առանց Սփյուռքի Հայաստանը հեռու գնալ չի կարող: Իսկ մենք գիտե՞նք, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքն ամբողջությամբ: Ինքս 24 տարի (1980-2004թթ.) ապրել եմ Լոս Անջելեսում և բավականին լավատեղյակ եմ: Օրինակ, հենց միայն Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում՝ Հոլիվուդ, Բըրբենք, Գլենդել, Փասադենա, Մոնթեբելլո… և այլն, ապրում են տարբեր երկրներից ներգաղթած հայեր, որոնք իրարից տարբերվում են նիստուկացով, սովորություններով, մշակույթով և այլն: Նույնիսկ նույն քաղաքում ապրող նախկին լիբանանաբնակ, իրանաբնակ, իրաքաբնակ, հայաստանաբնակ հայերը միմյանցից տարբերվում են:

Իմիջիայլոց, մի զարմանալի բան ասեմ. Լոս Անջելեսում ապրող, տարբեր երկրներից եկած հայերն ունեն իրենց մշակութային միությունները, կազմակերպությունները, մինչդեռ Հայաստանից եկածները՝ չունեն: Մի պարզ ճշմարտություն գոյություն ունի՝ որպեսզի գնանք առաջ, պետք է իմանանք, հասկանանք, թե ո՞ւր և ինչպե՞ս ենք գնում։ Վերադառնալով «Հավաքական ուժ» հասկացությանը, դա հայաստանաբնակ և սփյուռքաբնակ հայության համատեղ գործունեությունն է բոլոր հարցերում, բոլոր բնագավառներում։ Սրան մենք պետք է կարողանանք հասնել։ Ինչպես կասեր Համո Սահյանը՝ «Ուրիշ հնար չկա …»։ Արտագաղթի դեմն առնելու համար շատ բան կարելի է անել: Ես կխոսեմ միայն մեկի մասին:

Այն է՝ սփյուռքաբնակ հայությունը պետք է գնի հայաստանաբնակ հայության արտադրանքը… Մարդիկ արտագաղթում են, որովհետև շատերն աշխատանք չունեն: Բայց աշխատանք ունենալուց շատ ավելի կարևոր է արտադրանք վաճառելը: Պետք է ուսումնասիրել, իմանալ շուկան: Կազմակերպենք Հայաստանի արտադրանքի վաճառքը սփյուռքում: Մարդիկ որ աշխատանք ունենան՝ չեն արտագաղթի… Ես համոզված եմ, որ սփյուռքաբնակ հայությունը ցանկանում է, պատրաստ է գնելու Հայաստանում արտադրված որակյալ և գնողունակ շատ ապրանքատեսակներ… Իսկ Հայաստանում մենք արդյոք ուզո՞ւմ ենք, պատրա՞ստ ենք այդ գործը նախաձեռնելու, կազմակերպելու, իրագործելու… Արտագաղթի կասեցման բազմաթիվ ու բազմապիսի միջոցներ, ձևեր կան…

Թերևս, այդ մասին կարելի է խոսել մեկ այլ առիթով։

 

Հացազրույցը ներկայացվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝ 168.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed