Մեր աչքերն արցունքով լցվեցին. Հասան Ջեմալը Հ. Դինքի հիշատակի մասին

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալի ուղերձը՝  «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սիրելի եղբայրս…
10 տարի անցավ…

Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, գնացինք Սուրբ Մարիայի եկեղեցի, մասնակցեցինք պատարագի: Փոքրիկ երեխաների՝ դաշնամուրի նվագակցությամբ երգած շարականները շատ գեղեցիկ էին և նույնչափ խաղաղությամբ լի:

Հետո բոլորս միասին Բանսամյան վարժարանում տոնական ճաշի մասնակցեցինք:

Մի երիտասարդ դուդուկ նվագեց, մի կին էլ «Սարի աղջիկ»-ը երգեց:

Մեր աչքերն արցունքով լցվեցին:

Տեսանկարահանեցի, ուղարկեցի սիրելի Ռաքելին:

Կրկին դժվար ժամանակներ ենք ապրում:

Հոգիս այնքան լցված է խնդիրներով…

Քո կողմից սիրված ու քեզ սիրող բազմաթիվ մարդիկ կամ բանտում են, կամ վտարված:

Այնպիսի մի Սահմանադրություն է գալիս, որ եթե հանրաքվեով հաստատվի՝ մեկ անձ ինքն իրենով կկարողանա իշխանության բոլոր լծակներն իր ձեռքն առնելով նստել մեր գլխին:

Խեղդվում է խոսքի ազատությունը, բանտերը լցվում են, քրդերը սատանայի կերպարանքի տակ են ներկայացվում, ցեղասպանության մասին խոսելը կրկին տաբույացվում է:

Գարո Փայլանի՝ Մեջլիսի ամբիոնից ունեցած ելույթը, որի ընթացքում կիրառեց նաև ցեղասպանություն բառը, մեծ իրարանցում առաջացրեց:

Սիրելի Գարոն, որը խայտառակություն էր անվանել այս նոր Սահմանադրությունը և պահանջում էր հրաժարվել այդ սահմանադրական փոփոխություններից, «բազմազանությունը կորցրինք ցեղասպանությունների և կոտորածների պատճառով» ասելուց հետո ենթարկվեց պատժի՝ զրկվելով առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից: Նրա ելույթը նիստի արձանագրությունից ջնջվեց:

Հունվարի 19-ին քեզ սիրողները ժողովրդավարության, օրենքի գերակայության, եղբայրության և ազատության կողմնակիցների հետ կրկին հավաքվելու են «Ակօսի» դիմաց:

Մի ժամանակ դու էլ, երբ դիպչում էիր պատմության էջերին, գիտեիր, որ կրակի հետ ես խաղում:

Իհարկե, դու գիտեիր, որ այս երկրում պատմությանը դիպչելը, ստի մեջ ապրել չցանկանալը, մարդկային ուղեղի ազատագրման համար պայքարելը շատ չարագուշակ ու վտանգավոր է:

Սակայն ի հեճուկս ամենի՝ քարերն իրենց տեղից շարժելու հարցում դու վճռական էիր, քանի որ կասկած չունեիր, որ այս երկրում մարդկանց ուղեղները մի գեղեցիկ օր կազատագրվեն և որ ի վերջո այս հողերը կկշտանան ողբերգություններից:

Դու մինչև վերջ ջանք չխնայեցիր մեր առաջ բացահայտելու պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը:

Մի՛ անհանգստացիր, սիրելի՛ եղբայր:

Մենք էլ քո պես մինչև վերջ վճռական ենք քարերը տեղից շարժելու հարցում»:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed