Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել  206  պատանի և երիտասարդ  ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Չեխիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ողջունելի է, որ որոշել եք ձեր ամառային հանգիստն անցկացնել Մայր Հայրենիքում: Այս երկու շաբաթների ընթացքում կբարեկամանաք և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում: Ծրագրի շրջանակներում կայցելեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր պանթեոն, պատմական և տեսարժան վայրեր: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշական տարելիցը, և մենք ձեզ հետ միասին ենք պայքարելու հանուն պատմական արդարության վերականգնման»: Նախարարը հորդորեց մասնակիցներին խոսել միայն հայերեն և ծրագրի ավարտին հեռանալ Հայրենիք վերադառնալու պայմանով:

Ավանդույթի համաձայն՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսից ժամանած 13-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկ և գլխարկ:

Միջոցառման ընթացքում սփյուռքից ժամանած պատանիները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Ներկաներին իր երգով ողջունեց Շանթ հեռուստաընկերության «X ֆակտոր» հեռուստածրագրի՝ Տյումենի մասնակից Գևորգ Փաշայանը:

Ելույթներով հանդես եկան և հայապահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպման համար սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնեցին սփյուռքից ժամանած պատանիների ծնողները և հյուրընկալ ընտանիքի անդամները:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը”

Leave a Reply

Your email address will not be published.