Հուլիսի 5-ի քայլերթի խորհուրդը քաղաքացիներին համախմբելն է պետական խորհրդանշանների շուրջ. Պ. Սարգսյան

Այսօր մի բան է հստակ ակնհայտ, որ դեռևս մեզանում այդքան էլ ձևավորված չէ պետական և ազգային խորհրդանշանների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը և համապատասխան հարգանքը. այս մասին հուլիսի 4-ին «Մենք» մշակութային մամուլի ակումբում հայտարարեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը 2010 թվականից ի վեր զբաղվում է պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրերով:

Բանախոսի կարծիքով այսօր խնդիրները բավական շատ են և տարաբնույթ, իսկ պատճառը միգուցե այն է, որ մենք ընդամենը 22 տարեկան պետության քաղաքացիներ ենք: Այս ամենն է վկայում նաև այն, որ միայն վերջերս է սահմանվել ստանդարդ, որը շուտով օրենքին կից հավելվածով կոնկրետ կհստակեցնի դրոշի գույները: Պավել Սարգսյանն իր խոսքում նշեց նաև, որ բավականին շատ խնդիրներ կան զինանշանի հետ կապված ևս: «Մասնագիտացված խորհուրդի հետ միասին մենք 30-ից ավել հերալդիկ սխալ հայտնաբերել և հանդես ենք եկել զինանշանը շտկելու որոշ առաջարկներով»,-հավելեց նա և հիշեցրեց, որ  ընդամենը 2 տարի է, ինչ անձնագրերում սկսվել է կիրառվել ճիշտ զինանշանը, ինչ նշանակում է, որ մեզանից շատերի անձնագրում օրենքին կից հավելվածին չհամապատասխանող զինանշան կա:

«Նմանատիպ օրինակներ շատ կան, օրինակ, ըստ օրենքի, եթե որևէ տեղ տեղադրված է դրոշը, ապա այն պետք է ունենա նաև համապատասխան լուսավորություն, ինչը ևս բացակայում է և չի համապատասխանում օրենքին»,-շարունակեց Պավել Սարգսյանը:

Բանախոսի պնդմամբ թերությունները չեն սահմանափակվում միայն հերալդիկ բնույթով, խնդիրներ ունենք նաև օրենքում տեքստային մասով:

«Մենք ստեղծել ենք կայք (drosh.am, flag.am, yeraguyn.am կամ yeraguyn.com), որում համապատասխանաբար տեղադրված են պետական խորհրդանշանների ճիշտ տարբերակները»,-ասաց նա և շեշտեց, որ խորհրդանշանի որևէ փոփոխություն բավականին ծախսատար է, իսկ այս շրջանում մեր պետության համար ֆինանսական առումով ևս խնդիր է:

Ինչ վերաբերում է արդեն ավանդական դարձած քայլերթին, ապա «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրենը նշեց, որ 2010 թվականից ի վեր կազմակերպվում է պետական խորհրդանշաններով քայլերթը, որի խորհուրդը քաղաքացիներին համախմբելն է պետական խորհրդանշանների շուրջ: «Երբ մենք նրանց տրամադրում ենք շապիկներ, դրոշներ, քայլերթին նրանք նույն հարթության վրա  են համախմբվում», – մեկնաբանեց նա և ընդգծեց, որ  օրվա խորհուրդի մի մասն էլ կազմում նաև այն, որ նույն այդ երիտասարդների մոտ վերաիմաստավորվում և վերաարժևորվում է խորհրդանշանի հանդեպ վերաբերմունքը:

«2010-2013 թվականների ընթացքում կազմակերպված քայլերթների արդյունքն այն է, որ վերջիններս, ըստ էության, արդարացրել են իրենց և այդ են վկայում տարեցտարի ավելացող խմբերը: Այս տարի ևս կկազմակերպվի քայլերթը՝ չնայած նրան, որ բավականին սեղմ են միջոցները: Այս տարին բացառություն է կազմում նաև այն մասով, որ, եթե նախորդ տարիներին պետությունն ինչ-որ աջակցություն ցուցաբերում էր, այս անգամ որևէ կառույց այդպես էլ ֆինանսապես չաջակցեց», – նշեց Պավել Սարգսյանը և հավելեց, որ այս տարի իր աջակցությամբ հիմնադրամի կողքին էր միայն մոսկվայաբնակ մեր գործարարներից մեկը՝ Թորոսյան Արկադին (ծնունդով Ջավախքից, «Դորդ Ստրոյ» ընկերության հիմնադիր):

Ինչ վերաբերում է զուտ կազմակերպչական հարցերին, ապա բանախոսը նշեց, որ քայլերթը մեկնարկելու է հուլիսի 5-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին: Մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում՝ համերգային ծրագրով, այնուհետև 19:30 կսկսվի բուն երթը: 19:00 Մաշտոցի պողոտան ամբողջությամբ կփակվի: Քայլերթի մասնակիցները  դուրս կգան Օպերայի ծառայողական մուտքից և կշարժվեն Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան խաչմերուկով, որտեղից էլ եռագույն քայլերթը կհասնի երթևեկության համար մասնակի փակված Հանրապետության հրապարակ և այդտեղից էլ արդեն երթևեկության համար ոչ պիտանի Աբովյան և Թումանյան փողոցներ և կրկին Ազատության հրապարակ: Բանախոսի հավաստմամբ քայլերթը տևելու է 30-40 րոպե, իսկ վերջինիս մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանի վարչական շրջաններից երիտասարդներ և երեխաներ, ինչպես նաև 40-ից ավել հասարակական կառույցներ:

Պավել Սարգսյանը նշեց նաև, որ քայլերթի զուտ տեխնիկական կազմակերպչական հարցերով իրենց աջակցել են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ իր տրամադրած ՄԻ-8 ուղղաթիռով, որն էլ քաղաքի վրայով կտանի Եռագույնը: Կլինեն Ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ ևս:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հուլիսի 5-ի քայլերթի խորհուրդը քաղաքացիներին համախմբելն է պետական խորհրդանշանների շուրջ. Պ. Սարգսյան”

Leave a Reply

Your email address will not be published.