Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է արվեստի ստուդիա

Երիտասարդ, բայց և արդեն բավականին ճանաչում ձեռք բերած դերասան Արամ Ավետիսյանն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդես է գալիս որպես ուսուցիչ։ Արտաշատ քաղաքի մշակույթի տանը երկու ամիս է ինչ գործում է Արամ Ավետիսյանի դերասանական ստուդիան, որտեղ ուսուցանվում են մոտ 55 աշակերտներ։ Մեր գործընկերները,  տեղեկանալով նորաբաց ստուդիայի մասին, շտապեցին և տեղեկացնել օրերս կայացած ամանորյա ներկայացման մասին, որն առաջին անգամ էր բեմադրվում։ Ներկայացումը կոչվում էր՝  «Հրաշք, որը կատարվեց ամանորի գիշերը»։

«Դերասանական ստուդիա բացելն ինձ համար երազանք է եղել, որովհետև առհասարակ շատ եմ սիրում երեխաների հետ աշխատել։ Միտքը կար վաղուց և որոշեցի այն իրականության տալ։ Հանդիպեցի Արարատի մարզի մարզպետի և քաղաքապետի հետ, ներկայացրի միտքս և հավանություն ստանալուց հետո ունեցանք այն, ինչն ունենք։ Արդեն երկու ամիս է ստուդիան կա, ընդունելությունը գրեթե միշտ կա ամեն ամսվա սկզբին ցանկացողները կարող են դիմել։ Կարծում եմ 23֊տարեկանում ունենալ սեփական ստուդիան դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,-հպարտությամբ նշում է Արամ Ավետիսյանը։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ  դասավանդում է միանգամից երկու առարկա՝ բեմական խոսք և դերասանի վարպետություն։ Երեխաներն այստեղ բացի մասնագիտական գիտելիքներից ստանում են նաև խորհուրդներ կյանքի վերաբերյալ, ինչպես նաև ունենում են վստահության և անկեղծության ժամ, որի ընթացքում երեխաները կիսվում են իրենց մտահոգություններով և բոլորը միասին փորձում են խնդրին լուծում գտնել։ Խոսելով ներկայացման մասին, Արամն ընդգծեց, որ պիեսը լիովին ինքն է գրել, փորձել է տարբեր մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսներին զետեղել մեկ ներկայացման մեջ և երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել։

«Իրականում երկու ամսում բեմադրել ներկայացում կարծում եմ շատ շուտ էր, այն էլ այն ժամանակ, երբ նրանք շատ սովորելու տեղ ունեն, բայց քանի որ նրանք շատ ոգևորված են և այդ ոգևորվածությունը փոխանցվում է ինձ՝ ցանկացա նրանց չկոտրել։ Ներկայացման հիմնական նպատակն էր փրկել սպիտակաձյունիկին և արքայազնին, և անել ամեն բան, որպեսզի բարին հաղթի չարին»։

Արամն ինքը Արարատի մարզից է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտել ստուդիան սկզբում բացել Արտաշատ քաղաքում, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում այն նաև լինի Արարատ քաղաքում, ինչպես նաև Երևանում։ Խոսելով Արամի՝ էկրաններից այն կողմ տեսնելու տևական դաթարից, նա նշեց, որ առաջարկներ ստանում է, սակայն ինչ-ինչ պատճառով մերժել է։ Այս պահին իր ամբողջ ժամանակը տրամադրում է իր աշակերտներին։

«Քանի որ տարեվերջ է դեռ նոր նախագծեր չկան, բացի դա հեռուստասերիալը մեկ ամիս է, ինչ ավարտվել է և հենց այդ շրջանում բացեցի ստուդիան։ Անկեղծ ասեմ հիմա իմ ժամանակը տրամադրում եմ ստուդիային և երեխաներին։ Վստահ եմ, որ հանդիսատեսն ինձ դեռ կտեսնի որևէ սիտքոմում կամ հեռուստասերիալում։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, ես չեմ շտապում»։

Զրույցը եզրափակեցինք աշակերտների հետ խոսելով և տեղեկանալով, թե ի՞նչն է ինրենց դրդել, որպեսզի ընդունվեն տվյալ դերասանակն ստուդիան։ Ստուդիաի սան Աննա Սվարյանի խոսքով միջավայրը շատ հաճելի է, բոլորն իրենց շատ ազատ են զգում, կարծես սա իրենց երկրորդ տունը լինի։ Քրիստինե Համբարձումյանը նշեց, որ շատ շնորհակալ է ընկեր Արամին, որ բացել է այս ստուդիան, որովհետև եթե չլիներ այն, նա այս տարիքից չէր ծանոթանա դերասանի վարպետությանն ու բեմական խոսքին։ Երեխաների բնութագրմամբ ընկեր Արամը բարի, պարզ, անկեղծ, հոգատար և միշտ պայքարող մարդ է։

Նշենք, որ դերասանը նպատակ ունի տարբեր ներկայացումներ բեմադրել մանկատան երեխաների համար, որը կլինի բացառապես անվճար։ Ծրագիրը կիրականան մյուս տարի, որի նորություններին մենք ևս տեղյակ կլինեն:

 

Անդրադարձը՝ Հասմիկ Գասպարյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed